Հայերեն   English   Русский  

​Առաջին գարունն առանց Շառլի. Մեծանուն շանսոնյեն այսօր կդառնար 95 տարեկան


  
դիտումներ: 499

Այս տարվա օգոստոսի սկզբին Ֆրանսիայի Կանն քաղաքում «For 1000 Formidable» խորագրով երաժշտական շոու կցուցադրվի, որի շրջանակներում կհնչեն հայկական արմատներով լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը: Համաշխարհային աստղերի մասնակցությամբ շոուն նվիրված կլինի Շառլ Ազնավուրի 95-ամյակին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հայ ժողովրդի ականավոր որդին` Շառլ Ազնավուրը (Շաhնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, հայ փախստականների ընտանիքում: Շառլի ծնողները ստեղծագործ մարդիկ էին` հայրը օպերետի դերասան էր, իսկ մայրն աշխատում էր թատրոնում:

Երեք տարեկանում Շահնուրը սկսել է արվեստի դպրոց հաճախել, որտեղ առաջին անգամ է բեմ դուրս եկել և որը չլքեց մինչև կյանքի վերջին օրերը:

Փարիզի «Օլիմպիա» դահլիճում 19-ամյա Շառլի դեբյուտը սկսվեց սուլոցներով: Հասարակությանը դուր չեկավ Շառլի ձայնը, արտաքին տեսքը կամ կատարումը:

Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների: Պիաֆի հետ նրանց կապը մոտ ութ տարի է շարունակվել և լի էր գաղտնիքներով:

Հաջողությունն անսպասելիորեն ժպտաց շանսոնյեին` նրա հերթական համերգը խլացուցիչ ծափերով ավարտվեց:

Շառլ Ազնավուր

Գրեթե անմիջապես, այն ժամանակվա հայտնի ֆրանսիական ձայնագրման ընկերություններից մեկն արվեստագետին առաջարկել էր դառնալ իր թիվ մեկ երգիչը: Այդ ժամանակից ի վեր Ազնավուրի ձայնն սկսեց հնչել ամբողջ աշխարհում:

Շառլ Ազնավուրը հեղափոխություն կատարեց ֆրանսիական բեմում և դարձավ առաջին ֆրանսիացին, որը Եվրոպայում «պլատինե սկավառակի» դափնեկիր դարձավ:

1964-ին Շառլ Ազնավուրը առաջին անգամ շրջագայություններով ԽՍՀՄ այցելեց: Այդ ուղևորությունը առանձնահատուկ դարձավ նրա համար, քանի որ Հայաստանում գտավ իր տատիկին, ով այդ ամբողջ ժամանակ բնակվում էր Լենինականում` (ներկայիս Գյումրի) մի հասարակ բնակարանում: Հայաստանի Ազգային արխիվի վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն` Ազնավուրյանները անցյալ դարի կեսերին ԽՍՀՄ քաղաքացիություն են ստացել:

Շառլ Ազնավուր

Ազնավուրի ստեղծագործական կենսագրությունը միայն երաժշտությունը չէ: Շառլը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, բացի այդ, երեք գրքի հեղինակ է (երկուսը ` ինքնակենսագրական) և սեփական երգերի տեքստերի հավաքածուն:

Չնայած համաշխարհային հեղինակությանը և հաջողությանը` Շառլ Ազնավուրը շատ համեստ մարդ էր: 1970-ին նրան նարինջներով լի հսկայական զամբյուղ են նվիրել: Նման կերպ ֆրանսիացի լրագրողները պարգևատրել են հայտնի մարդկանց, որոնք տարբերվել են մամուլի հանդեպ բարեհամբույր վերաբերմունքով:

Ազնավուրը հայրենիքում հայտնի է ոչ միայն որպես հայտնի շանսոնյե, այլ նաև մեծ մարդասեր, որն օգնության ձեռք մեկնեց 1988թ. ավերիչ երկրաշարժի ավերակների տակ հայտնված իր ժողովրդին:

Շանսոնյեի որդին` Նիկոլա Ազնավուրը, հիշել է, որ երբ 1988թ. նրանց ընտանիքն ապրում էր Շվեյցարիայում հայրենիքից ստացած այդ ահավոր ողբերգության մասին լուրը հայրը մեծ ցավով է ընդունել:

«Ես 11 տարեկան էի, և ես չէի հասկանում այդ ամենը, ինչ կատարվում էր: Միայն կարող էի հասկանալ, որ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Հայրս մեծապես ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից», - պատմել է Ազնավուրի որդին իր հարցազրույցներից մեկի շրջանակներում:

Շառլ Ազնավուր

Երկար տարիներ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած բնակչությանը:

2004-ին Ազնավուրին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչում: 2008 թ. Շանսոնյեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն: 2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Լեգենդար շանսոնյեն և մեծ հումանիստը կյանքից հեռացավ 2018 թ. հոկտեմբերի 1-ին:

Մեծ շանսոնյեի հիշատակին մայիսի 22-ին ամբողջ աշխարհում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: