Հայերեն   English   Русский  

Եթե դուք չեք ուզում, ես այստեղ չեմ մնա. Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ուսանողների հետ


  
դիտումներ: 280

Այսօր՝ մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում քիչ առաջ ավարտված ռեկտորի ընտրության դեմ: Ռեկտորի միակ թեկնածուն ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն էր, ով էլ ընտրվեց:

Ուսանողները փակել են ինստիտուտի մուտքերն ու ելքերը և պահնջում են նոր ընտրություններ: Նորանշանակ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը քիչ առաջ եկավ ցուցարարների հետ հանդիպման: Նա ուսանողների հետ զրույցում նախ ասաց, որ դասախոսական կազմը չի կանչել ոստիկաններին, որոնք ինստիտուտի տարածքում են գտնվում:

«Նախ ձեր մտքով չանցնի, որ մենք ենք ոստիկանություն կանչել: Երկրորդ՝ հավատացեք, որ ես նախարարի նշանակած մարդը չեմ, որովհետև եթե էդպես լիներ ինքը ինձ գործից չէր հանի: Նախարարը երեկ հանդիպման ժամանակ ասաց, որ ինձ նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար՝ հաշվի առնելով չափանիշերը: Ես այսօր էլ ասացի, որ ոչ մի ջահելի չէի ցանկանա, որ իր ամբողջ կյանքում ապրեր այն ամենը, ինչը ես ապրեցի այս երկու օրվա ընթացքում: Ես ինքս էլ մտածում էի, որ այն, ինչ կատարվում է, թույլ չի տա, որ ես ընտրվեմ, բայց քանի որ օրենքին համապատասխան ընտրվել եմ, հիմա որպես ռեկտոր ես ձեզ խոստանում եմ, որ ձեր հետ ունենալու եմ ամենաջերմ, կառուցողական, ընկերական հարաբերությունները: Սրանից ավել ոչինչ ես այսօր ձեզ խոստանալ չեմ կարող»:

Արզումանյանը նշեց, որ իրենից բացի ևս երկու թեկնածու է եղել, սակայն դուրս են մնացել, որովհետև չեն համապատասխանել չափանիշներին:

Ուսանողները առաջարկեցին Լիլիթ Արզումանյանին, քանի որ նախկինում չէր կարող ինքնաբացարկ հայտարարել, թող ռեկտոր ընտրվելուց հետո հրաժարական ներկայացնի, ու նոր ընտրություններ անցկացվեն, որին կկարողանան մասնակցել նաև այլ թեկնածուներ:

«Ինձ համար շատ վիրավորական է այս ամենը: Եթե դուք չեք ուզում, ես այստեղ չեմ մնա, ինձ համար հաճելի չէ աշխատել այնտեղ, որտեղ ինձ չեն սիրում: Հենց վաղը ես այս հարցը կքննարկեմ նախարարի հետ ու կորոշենք ինչ անել: Ինձ մինչ վաղը առավոտ ժամանակ տվեք»,-ասաց Լիլիթ Արզումանյանը, սակայն ուսանողները հրաժարվեցին սպասել մինչև վաղը և ասացին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիան ու ոչ մի տեղ չեն գնալու ինստիտուտից:

Այժմ էլ շարունակվում է բողոքի ակցիան: Ցուցարար ուսանողներն անգամ թույլ չեն տալիս, որ լրագրողները դուրս գան շենքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: