Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը, ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ, մերժվեց


  
դիտումներ: 792

Այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովի խորհուրդը նիստ էր գումարել, որի ընթացքում քննարկվելու էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին միջնորդությունը։

Խորհուրդը նիստում մերժել է այդ միջնորդությունը, քանի որ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշել են, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ, հետևաբար իմաստ չկա արտահերթ նիստ գումարելու:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հարցն, ըստ էության, մնաց օդում կախված, արտահերթ նիստ չի գումարվի։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել: «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե հիմա քիչ խոսեն դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին, այդ սահմանադրական խախտումը կանցնի՝ կգնա։ Եթե երկրում հրատապ մի բան է լինում, ուշացած արձագանքն ո՞ւմ է պետք»,–ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածած հայտարարությունը և քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ Խմբակցությանը միացել էր Բարգավաճ Հայաստան խմբակցությունը և արտահերթ նիստ գումարելու համար հաջողվել էր հավաքել 36 պատգամավորի ստորագրություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: