Հայերեն   English   Русский  

Դիպլոմներ՝ դպրոցական օլիմպիադաների հաղթողներին


  
դիտումներ: 809

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 21-ին տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը:

Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը , հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն: Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ անցած տարվանից Հայաստանի համար կարևոր է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, և կառավարության ծրագրի այս տողը մեր լավագույն աշակերտներն են ապահովելու ու մեծ զարկ տալու տնտեսության զարգացմանը, որովհետև գնահատում են գիտելիքը, պատրաստ են սովորել, կրթվել և վերափոխվել:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի, իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:

Նշենք նաև, որ 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57000 սովորող:

Դպրոցականների օլիմպադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր աշակերտները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին:

Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:

16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1568 աշակերտ․ ըստ որում՝ առաջին կարգի դիպլոմի է արժանացել 72 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի՝ 114 և երրորդ կարգի՝ 201 աշակերտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: