Հայերեն   English   Русский  

Վանաձորում բողոքի ակցիա է. ուղևորափոխադրողները պահանջում են իջեցնել գազի գինը


  
դիտումներ: 118

Այսօր՝ մայիսի 23-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում երթուղային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են սկսել:

Ինչպես նախորդ անգամ՝ այս անգամ ևս ուղևորափոխադրողները պահանջում են էժանացնել գազի գինը: Վարորդները շարունակում են բարձրաձյանել այն խնդիրները, որոնք առաջացել են մայիսի 1-ից հետո, երբ Կառավարության որոշման համաձայն գազը լցակայաններում սկսեցին կիլոգրամով վաճառել:

Վանաձոր քաղաքի երթուղային տրանսպորտի վարորդները առավոտից գործադուլ են հայտարարել, մեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի: Նրանք պահանջում են, որ պատկան մարմիններից ներկայացուցիչներ գան և ի վերջո լուծում տան ստեղծված խնդրին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Անկախը տեղեկացրել էր, որ մայիսի 10-ին Արմավիրի մարզի ուղևորափոխադրողները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով հստակ պատասխան տալ, թե ինչու է թանկացել գազի գինը: Ցուցարար վարորդները հայտարարել էին, որ պատրաստվում են փակել Արմավիրի միջպետական ճանապարհները: Սակայն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպելուց և իրենց պահանջները գրավոր հանձնելուց հետո որոշեցին սպասել մարզպետարանի ու Կառավարության առաջարկած լուծումներին: Դրանից մի քանի օր առաջ էլ Վանաձորում էին կրկին բողոքի ակցիաներ կազմակերպվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: