Հայերեն   English   Русский  

ԳԹԿ փոխտնօրենը հորդորում է ծնողներին միասնական քննությունների ժամանակ երեխաներին արջի ծառայություն չմատուցել


  
դիտումներ: 373

Այս տարի բացի 12-րդ դասարանի աշակերտներից միասնական 3 քննություն կհանձնեն 9-րդ դասարանցիները։

Նրանք միասնական քննություն են հանձնելու հայոց լեզու, բնագիտություն ու օտար լեզու առարկաներից։ Այս փոփոխությունը առաջարկվել է Կրթության և գիտության նախարարության կողմից:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց, թե ինչ փուլում են գտնվում կազմակերպական աշխատանքները: Չնայած 9-րդ դասարանցիների քննությունները միասնական դարձնելը բարդացրել է աշխատանքը, սակայն ամեն ինչ արվել է քննությունները հավուր պատշաճի անցկացնելու համար: Այս տարի Հայաստանում կա 22000 շրջանավարտ, որից 9600-ը դիմել է բուհ ընդունվելու համար:

«Ինչպես գիտեք նախորդ տարի դիմորդների թիվը՝ 2017 թվականի հետ համեմատած կեսն է եղել, սա կապված է 12-ամյա համակարգի հետ: Այս տարի շրջանավարտների թիվը հավասարվել է 2017 թվականի տվյալներին, բայց մի ուրախալի փաստ պետք է նշենք, որ դիմորդների թիվը այս տարի շատ է: Բարձրագույն ուսումնական հաստատուիթյուններ ընդունվողների թիվը այս տարի ավելի շատ է քան 2017 թվականին»,-նշում է Նասիբյանը:

Չնայած դիմորդների թիվը շատացել է այս տարի, սակայն, ինչպես նշում է Կարո Նասիբյանը, ավելացել են բուհ ընդունվել ցանկացողները, ովքեր ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելով են ընդունվելու, իսկ մնացած գնահատականները տանելու են դպրոցից:

«Երևանն այս տարի կարծես թե մեզ անակնկալ է մատուցում: Այստեղ միասնական քննություն հանձնողների մեջ ավելի շատ են անգլերեն հանձնողները, քան՝ հայոց լեզու ու գրականություն: Մարզերում ավանդույթը պահպանվել է. ավելի շատ հանձնում են հայոց լեզու առարկայից: Մի մտահոգիչ հանգամանք էլ կա. Այս տարի շատ քիչ դիմորդներ են հանձնելու համաշխարհային պատմություն առարկայից միասնական քննություն: Երևանում ընդամենը մեկ, իսկ ամբողջ հանրապետությունում և Արցախում միասին 45 աշակերտ է այդ առարակայից միասնական քննություն հանձնելու»,-ասում է ԳԹԿ փոխտնօրենը:

Թեև այս տարի տեխնիկական առումով ոչ մի փոփոխություն չի լինի, բայց միասնական քննությունները 9-րդ դասարանցիներին կստիպեն սպասել։ Եթե 12-րդ դասարանի միասնական քննություն հանձնող աշակերտները վերցնում են իրենց հետ պատասխանների պատճենված թերթիկը և հնարավորություն են ունենում մի քանի ժամ անց իրենց պատասխանները համեմատել ԳԹԿ-ի կայքում տեղադրված պատասխանների հետ և իմանալ, թե ինչ են ստացել, ապա 9-րդցիները միայն 7 օր հետո են իմալու ստուգման արդյունքների մասին։ Քանի որ աշխատանքում նրանք ունեն նաև շարադրանքի հատված, այդ պատճառով այն պետք է ստուգվի մասնագետների կողմից, և գնահատականները 7 օր հետո փոխանցվի դպրոցներին:

Նասիբյանը հորդորում է ծնողներին «երեխաներին արջի ծառայություն չմատուցել», քանի որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, եթե հեռախոս հայտնաբերվի աշակերտների մոտ, ապա նրանք անմիջապես դուրս կհանվեն քննասենյակից։

«Դրսում սպասող ծնողները նկարում են քննասենյակից շուտ դուրս եկած աշակերտի քննաթերթիկը ու ուղարկում ներսում գտնվող իրենց երեխաներին։ Եթե հեռախոսներ հայտնաբերվեն, ապա անմիջապես աշակերտը դուրս է հրավիրվելու»,-ասաց նա:

Այս տարի 2500 կազմակերպիչ, 1200 ստուգող, 550 քննական կենտրոնի ղեկավար ու ԳԹԿ ներկայացուցիչ անելու են ամեն ինչ, որ շրջանավարտները բարեհաջող ձևով հանձնեն միասնական քննությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: