Հայերեն   English   Русский  

Կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվելու է շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը. Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրինագծերի


  
դիտումներ: 452

Շարունակվում է Կառավարության հերթական նիստը:

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին: Օրինագծերի հիմնական զեկուցողը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր: Ըստ Բաթոյանի՝ օրինագիծը նախատեսում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվելու է նաև այլ զորքերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը:

«Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը, նպաստ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` ավել վճարված նպաստի գումարներից հաշվանցվում է կենսաթոշակի կամ այլ նպաստի գումարը (եթե նպաստառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի կամ այլ նպաստի իրավունք)։

Այսօր Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամ ուղղվում է «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը։ Այդ գումարը օգտագործվելու է Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:

Կառավարությունը այսօր որոշում կայացրեց Կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը 2019-ին հատկացնել 377,26 մլն դրամ: Գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:

Որոշում կայացվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քմ մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին, սա կօգնի ստեղծել թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն, ինչը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: