Հայերեն   English   Русский  

​Բարոյականությունը և քաղաքացիական պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի լուծարել


  
դիտումներ: 3817

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը մայիսի 20-ին՝ հայտնի իրադարձությունների օրը, նիստ է գումարել և քննարկել ստեղծված իրավիճակը: Նիստի ընթացքում բնականաբար տարբեր, նաև հակադիր կարծիքներ են արտահայտվել,

ի վերջո, ընդհանուր հայտարարի չգալով, որոշել են յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հանգամանալից ու համակողմանի վերլուծություն և դրա հիման վրա լուծման ուղիներ առաջարկել և ներկայացնել գործադիր իշխանությանը: Այդ քննարկման ընթացքում կարծիք է հայտնել նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ինչն էլ առիթ է դարձել, որ իրեն լրագրող ու խոսքի ազատությանառաջամարտիկ ու առաջադեմ հասարակական գործիչ համարող Լևոն Բարսեղյանը մարտնչող տգիտության մի բացառիկ օրինակ մատուցի հանրությանը (տե՛ս http://news-line.am):

Այս մտավարժանքի հեղինակին հունից հանել է այն հանգամանքը, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հանդգնել է «չէ» ասել վարչապետի հայտնի որոշմանը: Դա բավական է եղել, որ նա այնպիսի արտահայտություններ անի Մանուկյանի հասցեին, որոնք նողկալի և դրան հոմանիշ որոշիչներից բացի, այլ կերպ չես որակի: Սակայն ես չեմ պատրաստվում պաշտպանել Վազգեն Մանուկյանին: Քավ լիցի: Ում ումի՞ց պաշտպանես. անչափելի, համեմատության որևէ եզր չունեցող անձնավորություններ են:

Սակայն որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, Հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկի անդամ և լրագրող չեմ կարող չարտահայտել այս հրապարակումից առաջացած մտահոգություններս:

Առաջին՝ լրագրող, նույնիսկ տարբեր լրատվամիջոցների խմբագիր և լրագրողների «Ասպարեզ» հասարակական կազմակերպության հիմնադիր ու նախագահ ներկայացող մեկը ինչպե՞ս կարող է լրագրությունը հասցնել այսպիսի խայտառակ ցածր մակարդակի, որի գրվածքներում հաճախակի հանդիպող բառերից մեկը «քաք»-ն է: Ապշում ես: Յուրաքանչյուր սկսնակ լրագրող գիտի, ուսանելու տարիներին նրան սովորեցնում են, որ որևէ մեկի կամ որևէ հաստատության, երևույթի մասին գրելիս պետք է մանրամասն ուսումնասիրես այն, հասկանաս, թե դա ինչ է, ինչի համար է, մինչև հիմա ինչ և ինչպես է եղել և այլն: Եվ հետո նոր գրիչ վերցնես:

Ապագա մասնագետներին նաև որոշակի մասնագիտական վարքականոններ են հաղորդում, սովորեցնում են հարգանք դրսևորելուրիշ կարծիք ունեցողի նկատմամբ, քննադատել, բայց հիմնավոր, փաստերի հիման վրա, քննադատվող սուբյեկտի նկատմամբ պատշաճ քաղաքավարությունը պահպանելով, ոչ թե հայհոյանքով ու պիտակներ փակցնելով: Իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց այդ կանոնները զանց առնող հրապարակումներն ուղղակի խոտանում ու մերժում է:

Մի օրինակ միայն՝ Լևոն Բարսեղյանը կարծում է, թե Հանրային խորհուրդը «ձրիակերների» հավաքատեղի է, «նստած են վզներիս» և «ռոճիկ են ստանում ոչինչ անելու համար»: Եթե նա գրելուց առաջ նեղություն կրեր և հետաքրքրվեր, կիմանար, որ Հանրային խորհրդում, բացի գրասենյակի 3-4 գործավարներից, ոչ ոք չի վճարվում, սկսած հանձնաժողովների անդամներից մինչև բուն խորհրդի անդամները (նախորդ իշխանությունը տեղ էր վարձակալում գրասենյակի համար, հիմա դա էլ չի արվում):

Տարիներ շարունակ օտար հիմնադրամներից տասնյակ հազարավոր դոլարներ ստացած անձը հավանաբար չի պատկերացնում, թե ինչպես մարդիկ կարող են իրենց ժամանակն անվճար վատնել երկրի հրատապ խնդիրների քննարկման համար: Նա նույնիսկ չգիտի, թե ինչ կառույցի մասին է խոսում, ինչ նպատակի համար է այն ստեղծվել և ինչ գործառույթներ ունի: Այն աստիճանի, որ Հանրային խորհուրդը շփոթում է Ազգային ժողովի հետ, կարծում է, թե Հանրային խորհուրդը պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա, օրենքների նախագծեր մշակի, իսկ հարյուր միլիոնավոր գումարներ կլանող Ազգային ժողո՞վը, թերևս փողոցային անկարգությունների մասնակցի: Ահավասիկ.«…Այդ հանրային խորհուրդը սպառել է իրեն ստեղծած օրվանից, հանրային մարդիկ հանրության մեջ են, հրապարակն է մեր հանրային խորհուրդը, հերիք եղավ էս կարգի ձրիակերների սնել, որ նեղարանքը առիթ գտնեն, փորձեն կարեցածով տապալել էն, ինչ հաջողել ենք։Քանի՞որակյալ խորհուրդ են գրել 10 տարում, քանի հանրային լսում են հրավիրել, քանի օրինագիծ են մշակել…»:

Շատ ավելի մտահոգիչ է սույն հրապարակման հեղինակի՝ որպես հասարակական գործչի և առհասարակ քաղաքացու մտածելակերպը:

Առաջին՝ նա չի պատկերացնում, որ մարդ կարող է պաշտպանել նաև իր գաղափարական հակառակորդի իրավունքները՝ հավատարիմ մնալով իր խղճին և օրինականությանը:

Երկրորդ՝ համոզված է, որ եթե որևէ իշխանության օրոք պաշտոն ես ստանձնում, ուրեմն ծառայում ես այդ իշխանությանը, ոչ թե քո պետությանը: Ըստ այդմ՝ եթե նախորդ իշխանությունների ժամանակ պաշտոն ես ունեցել, ապա կա՛մ ծառայել ես Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Սերժ Սարգսյանին, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը: Ստացվում է, որ հիմա էլ բոլոր պաշտոնյաները ծառայում են Նիկոլ Փաշինյանի՞ն: Չես կարող հարց չուղղել. հարգելի պարոն, եթե կարծում եք, որ մարդիկ պաշտոն են ստանձնում, ինչպես ասում եք, տուն պահելու համար և հանուն դրա ծառայում են տվյալ իշխանություններին, ապա դուք էլ տարիներ շարունակ տուն եք պահել օտար հիմնադրամների, ավելի որոշակի Սորոսի հիմնադրամի հաշվին, հիմա դուք ո՞ւմ եք ծառայել, Սորոսի՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետությանը:

Երրորդ՝ այս պարոնի համոզմամբ՝ սատարել իշխանություններին նշանակում է միայն և միայն «այո» ասել երկրի ղեկավարի յուրաքանչյուր խոսքին ու ձեռնարկմանը: Դժվար է ասել՝ սա բխում է թերի գիտելիքների՞ց, քաղաքացու մասին պարզունակ պատկերացումի՞ց, թե միտումնավոր է ասվում: Դժվար է նաև ասել՝ արդյոք գիտակցո՞ւմ են ներկայիս իշխանությունները, որ այսպիսի մարդիկ իսկական ականներ են իրենց տակ, որոնք միայն և միայն նպաստում են իրենց կործանմանը: Փառք Աստծո, որ մեր երկրում (նաև հանրային խորհրդում) քիչ չեն գիտակից և պատասխանատու քաղաքացիները, որոնց համոզմամբ սատարել իշխանություններին նշանակում է հետ պահել նրանց սխալներից:

Այսքանից հետո ապշում ես, թե ինչպես կարող էր մասնագիտական և քաղաքացիական այսպիսի մակարդակ ունեցող մարդն ընտրվել կրթական, այն էլ բարձրագույն կրթական հաստատության՝ Գյումրիի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Խեղճ համալսարան, խեղճ Գյումրի:

«Լուծարե՛լ հանրային խորհուրդը և վերջ։Գեշ են հաբռգել, չտեսան պատերից կախ, ճակատներից կախ տեսան։ Զահլեքս գնաց, այ մարդ»,- այսպես է եզրափակում իր մտքի փայլատակումները սույն հրապարակման հեղինակը:

Ակնհայտ է, որ բացի փակելու, լուծարելու, բռնելու, նստացնելու, նորանոր թշնամիներ գտնելու կոչերից, այս սուտ հեղափոխականների մտքում ուրիշ ոչինչ չի ծագում: Շատ ավելի ցավալի է, որ նրանք անկարող են հասկանալ՝ հնարավոր է լուծարել այս կամ այն կառույցը, բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել լուծարել բարոյականությունը, քաղաքացիական պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և շատ այլ արժեքներ ու համոզմունքներ: Եվ չի հաջողվի, երբեք:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: