Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը քննարկել է հանձնաժողովների առաջիկա ամիսների անելիքները


  
դիտումներ: 251

Հանրային խորհուրդը մայիսի 22-ին հրավիրել է փոքր խորհրդի նիստ (փոքր խորհրդի նիստը ՀԽ հանձնաժողովների նախագահների համար պարտադիր է, խորհրդի մյուս անդամների համար՝ ազատ)։

Քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջիկա ամիսների գործունեությունը և խորհրդի լիագումար նիստերի օրակարգը ձևավորելու հարցը։

Հստակեցվել են այն հարցերը, որոնք հանձնաժողովները նախատեսում են քննարկել ամառվա ամիսների ընթացքում և այն խնդիրները, որոնք առավել հրատապ քննարկման կարիք ունեն։

Հանրային խորհուրդ

Ըստ հանձնաժողովների նախագահների ներկայացրած տեղեկատվության՝ համապատասխան հանձնաժողովներում կազմակերպվելու են քննարկումներ անցումային արդարադատության, վեթթինգի,կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների,միգրացիոն և ժողովրդագրական հարցերի, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, Ամուլսարի հանքավայրի շահագործման, շրջակա միջավայրի աղտոտվածության և բնակչության առողջության վրա դրա ազդեցության, քաղավիացիայի, քաղաքային երթևեկության և քաղաքային տրանսպորտի, գյուղատնտեսական ոլորտում և սպառողական շուկայում առկա խնդիրների, հասարակության մեջ անհանդուրժողականության և լարվածության դրսևորումների և այլ հարցերի վերաբերյալ։

Հանձնաժողովներում քննարկվելուց հետո վերոնշյալ հարցերը համապատասխան եզրակացություններով կներկայացվեն Հանրային խորհուրդ՝ ներառվելու լիագումար նիստերի օրակարգում։

Փոքր խորհրդի նիստին անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի մայիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ նիստի հաղորդագրության առնչությամբ խորհրդի մի քանի անդամների անհամաձայնությանը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է թյուրընկալումներից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով այսուհետև խորհրդի լիագումար նիստերն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը (ուղիղ հեռարձակումների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության և այլ միջոցներով)։

Պարզաբանվել է նաև նիստի հաղորդագրության մեջ տեղ գտած այն միտքը, ըստ որի Վազգեն Մանուկյանը վտանգավոր ու վնասակար է գնահատում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։ «Առհասարակ բանակում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրման համար կան մասնագիտացված պետական կառույցներ, և ես գտնում եմ, որ այդ շրջանակներից դուրս նման ուսումնասիրություններ կատարելը ճիշտ չէ։ Պրոցեսը պետք է իրագործվի այնպես, որ մի կողմից հնարավորություն տա բացահայտելու խնդիրները, մյուս կողմից բացառի ապրիլյան քառօրյա պատերազմում պարտություն կրած, բայց իր ժողովրդին պարտությունը հաղթանակ ներկայացնող ադրբեջանական իշխանությունների շահարկումները»,-նշել է Մանուկյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: