Հայերեն   English   Русский  

Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանն իրենց երկրում


  
դիտումներ: 176

Մայիսի 23-ին, Երևանում անցկացվեց Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ։ Պատվիրակությունը գլխավորում էր ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվեց Հայաստանում։

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

Հայաստան այցի շրջանակներում ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ՝ ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտի գլխավորությամբ, շուրջ մեկ շաբաթ՝ խմբերի բաժանվելով, շրջագայելու են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերում, ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ՝ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ- ներով ներկայացնելու նպատակով։

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում զարգացման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Շվեյցարացիները շատ են ճամփորդում, իսկ Հայաստանում կա շատ լուրջ զբոսաշրջային պոտենցիալ։ Հայաստանը հետաքրքիր է շվեյցարացիների համար, որովհետև շվեյցարացի տուրիստին շքեղ հյուրանոցներով և լողափներով, ծովափնյա հանգստով չես զարմացնի․ իրենց ավելի շատ հետաքրքրում են յուրահատուկ երկրները։ Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային ժառանգությամբ, հետաքրքիր է իր քրիստոնեական ժառանգությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, հետաքրքիր է որպես երկիր, որտեղ կարող են իրականացնել արշավներ և այլն։ Հայաստանն իրենց համար յուրահատուկ, դեռևս չբացահայտված ուղղություն է, իսկ նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացնելը ևս մեկ հնարավորություն է զբոսաշրջիկներին Հայաստանի մասին տեղեկատվություն տրամադրելու»։

Ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտն իր հերթին նշեց․ «Ինքս շատ եմ ճամփորդել, տարբեր երկրներում եմ եղել, բայց Հայաստանի մասին երբեք չէի լսել: Նախորդ տարի, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, սիրահարվեցի Հայաստանին, որոշեցի ուսումնասիրել Հայաստանը և հասկացա, որ պետք է անպայման այցելեմ ձեր երկիր, Հայաստանն այն երկրներից է, որն ունի խիղճ և հոգի և դրանով է գրավիչ․ մենք դա ենք ներկայացնելու շվեյցարացիներին»։

Ավելացնելով, որ իրենք պարբերաբար նման բնույթի ճամփորդություններ են կատարում տարբեր երկրներ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով՝ նա նաև նշեց, որ Հայաստանում բաժանվելու են խմբերի և տարբեր ուղղություններով շրջագայեն։

«Կլինենք նաև Թումոյում և Մատենադարանում․ մտադրություն ունենք այս համադրությունն օգտագործելով՝ Հայաստանի անցյալի և ապագայի մասին ֆիլմ նկարահանել։ Իսկ շրջագայության արդյունքները կներկայացնենք շվեյցարական մամուլում», - ավելացրեց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: