Հայերեն   English   Русский  

Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն


  
դիտումներ: 236

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման» կարգին, որով սահմանվում են դասընթացների ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները:

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է՝ խնամքի հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության (հոգաբարձության) կամ որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու և այլընտրանքային ծառայությունների տրամադրման միջոցով:

Այդ քաղաքականությունից ելնելով կարևորվում է որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացի կազմակերպումը, ինչը թույլ կտա զարգացնել որդեգրել ցանկացող անձանց ծնողավարման հմտությունները, ձեռք բերել բավարար ունակություններ ու հնարավորություններ՝ ապահովելու համար երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Ըստ հաստատված կարգի՝ որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացները կազմակերպվում են որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ՝ որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:

Որդեգրել ցանկացող անձանց դասընթացներն իրականացվում են երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստանալուց հետո եռամսյա ժամկետում: Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն ստացած քաղաքացիները դասընթացներին չեն մասնակցում:

Որդեգրել ցանկացող անձանց ցանկությամբ դասընթացներն անցնում եմ առկա կամ հեռավար եղանակով:

Իրենց մշտական բնակության երկրից դասընթացներ անցնելու փաստը հավաստող փաստաթուղթ չներկայացրած որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների համար դասընթացները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում է վճարովի հիմունքներով, այդ թվում օտար լեզվով` անգլերեն, ռուսերեն կամ համապատասխան թարգմանչի միջոցով: Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները դասընթացն անցնում են մինչև որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացի սկսելը:

Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած երեխայի խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականները, ովքեր երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա, կարող են չմասնակցել դասընթացներին:Դասընթացների հիմնական նպատակը որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի նկատմամբ որակյալ խնամքի և դաստիարակության տրամադրմանը և նրանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը նպաստելն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: