Հայերեն   English   Русский  

​Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար


  
դիտումներ: 898

Կրթության որակի ու սովորողների գրագիտության բարելավումը պետության սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև հասարակության մեջ սոցիալական արդարության ամրապնդման կարևորագույն գրավականն է:

Ընդհանուր հանրակրթության որակի բարելավման, աշակերտների գրագիտությունը բարձրացնելու և անձի կայուն զարգացման համար հաստատուն նախադրյալներ ստեղծելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության հետ համագործակցությամբ, նախաձեռնում է ամառային դպրոց՝ հանրակրթական ծրագրի յուրացման և ուսման մեջ առաջադիմության հետ կապված դժվարություններ ունեցող 3-րդ և 6-րդ դասարանն ավարտած սովորողների համար:

Ամառային դպրոցի նպատակն է նպաստել թիրախ խմբի սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև զինել աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, ներառյալ՝ քննադատական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը:

Աիդա Մնացականյանը, ով երկու դպրոցահասակ երեխաների մայր է,«Անկախ»-ի հետ զրույցում նշեց , որ ողջունում է նման ծրագրերի իրականացումը: Այն հնարավորություն կտա լրացնել գիտելիքների բացը, ինչպես նաև կպատրաստի աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հաջորդ դասարանում:

Տարրական դպրոցում ամառային դպրոցը, մասնավորապես, նպատակ է հետապնդում օգնել ուսման մեջ հետ մնացող աշակերտներին հաղթահարել հանրակրթության տարրական դպրոցի չափորոշչով սահմանված ակադեմիական գիտելիքների շեմը, ստեղծել աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, ռեֆլեկտիվ և վերլուծական մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ապահովելով նրանց սահուն անցումը միջին դպրոց և նոր առարկաների անխոչընդոտ յուրացումը:

Միջին դպրոցում ամառային դպրոցի նպատակն է համալրել հանրակրթության միջին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների չափորոշիչներով սահմանված ակադեմիական գիտելիքների բացը, ստեղծե լ և/կամ զարգացնե լ աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, վերլուծական և ռեֆլեկտիվ մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ուսումը միջին դպրոցում անխոչընդոտ շարունակելու և 7-րդ դասարանում ուսումնական պլանով նախատեսված նոր առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն և այլն, ինքնուրույն, առանց լրացուցիչ օժանդակության յուրացնելու համար:

Տարրական դպրոցի 3-րդ դասարանն ավարտած սովորողների համար ամառային դպրոցն ընդգրկելու է հետևյալ առարկայական դասերը.

  • մայրենի լեզու և ընթերցանություն
  • մաթեմատիկա և տրամաբանություն
  • Միջին դպրոցի 6-րդ դասարանն ավարտած սովորողների համար ամառային դպրոցն ընդգրկելու է հետևյալ առարկայական դասերը.

  • հայոց լեզու և ընթերցանություն
  • մաթեմատիկա և տրամաբանություն
  • Ամառային դպրոցում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Ընթերցանություն» առարկաների դասավանդումը պետք է նպատակաուղղված լինի լեզվի և ընթերցանության այնպիսի հմտություրնների զարգացմանը, որոնք աշակերտներին հնարավորություն կտան անխոչընդոտ սովորել և ընկալել այլ տեխնիկական առարկաներ:

    Ամառային դպրոցում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդումը պետք է նպատակաուղղված լինի սովորողների մոտ տրամաբանության, քննադատական և վերլուծական մտքի զարգացմանը, խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների ձևավորմանը:

    Դասավանդումը պետք է համատեղի ինչպես ակադեմիական ուսուցման, այնպես էլ ներառական, ինտերակտիվ, նախագծային, խաղային և այլ նորարարական ուսուցման մեթոդներ:

    Ամառային դպրոցի կազմակերպման նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը նաև հայտարարում է ամառային դպրոցում դասավանդող կամավորների մրցույթ:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: