Հայերեն   English   Русский  

​ԱՀ պետնախարարը հանդիպել է CONIFA Արցախի հավաքականի թիմի հետ


  
դիտումներ: 140

Այս օրերին Արցախի հանրապետությունում աշխուժություն է տիրում... 7 օր անց Արցախը գրկաբան կընդունի չճանաչված պետությունների ֆուտբոլի սիրահարներին:

Այդ առիթով Արցախի հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի և մարզչական կազմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բերդքաղաք Շուշիում, որին ներկա էր նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարարը նշել է.«Կարծում եմ՝ կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, թե աշխարհում ինչպիսի զանգվածային տարածում ունի ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Նման կարգի առաջնություն Արցախում առաջին անգամ կազմակերպելը ինքնանպատակ չէր, այլ գիտակցված քայլ՝ հստակ գիտկացումով, որ սա ևս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաև մարզական կյանքում և որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալել մասնակից երկրներին և երկրպագուներին: Շատ կուզենայի, որ այն տրամադրվածությունը, որը ես հիմա նկատում եմ ձեզ մոտ, պահպանեք նաև մարզադաշտում՝ վստահ լինելով, որ համայն հայությունը թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես լինելու է ձեր կողքին, և դուք՝ որպես գլխավոր դերակատարներ, առաջնության ընթացքում դիտարժան խաղով եք հանդես գալու»։

Խոսելով առաջնության կազմակերպչատեխնիկական հարցերի մասին՝ Ն. Աղաբալյանը կարևորել է իրականացված մեծածավալ աշխատանքները, որպես ձեռքբերում մատնանշել հանրապետության չորս մարզադաշտերը, որոնք արդեն իսկ պատրաստ են դիմավորելու մարզիկներին և ֆուտբոլասեր հյուրերին: «Համոզված եմ, որ հանրային բարձր աջակցության շնորհիվ դուք հպարտության պահեր կպարգևեք մեզ, որովհետև նորանոր հաղթանակների կարիք մենք միշտ ունենք»,- նշել է նախարարը:

Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանը հավաստիացրել է,որ թիմն ամբողջությամբ գտնվում է անհրաժեշտ մարզավիճակում և ամեն ինչ անելու են Արցախը պատվով ներկայացնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: