Հայերեն   English   Русский  

«Որևէ կնոջ չկարողացա համոզել քաղաքականություն մտնել, հասկացա, որ այդ օրինակը ես պետք է լինեմ, ու առաջադրվեցի»․ Սրբուհի Գրիգորյան


  
դիտումներ: 13367

Պատգամավորի աշխատանքի առանձնահատկությունների մասին է «Անկախը» զրուցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։

-Տիկին Գրիգորյան, Ազգային ժողով եք եկել լրագրության և ՀԿ ոլորտներից։ Արդյո՞ք քաղաքականությունը ձեր նախկին գործունեության տրամաբանական շարունակությունն է։

-Իմ կարծիքով լրագրությունընաև քաղաքական աշխատանք է, ինչքան էլ ասենք, որ լրագրությունը քաղաքական չէ, փորձենք չեզոքություն ապահովել, յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր քաղաքականությունը։ Եղել եմ համայնքային թերթի խմբագիր և , բնականաբար, ունեցել ենք մեր քաղաքականությունը, մեր աշխատանքի սահմանները, մեր սահմանափակ հնարավորությունները,արել ենք այն, ինչ կարողացել ենք։

Ի՞նչն ինձբերեց քաղաքականություն։ Երևի հենց լրագրողական կյանքը, որովհետև ճակատագրի բերումով ես իմ գործընկերներից ավելի շատ էիլուսաբանումՍիսիանի ավագանու գործունեությունը և տեսնում էի, թե ինչ է կատարվում։ Սկզբնական շրջանում մենք նույնիսկ նիստերին չէինք մասնակցում։ Աշխատակազմի ղեկավարը գրած տալիս էր, ես էլ նորեկ էի, լրագրողական կրթություն չունեի, այդ հմտություններին չէի տիրապետում։ Դա 1998 թիվն էր։ Հետո հասանք նրան, որ մենք մասնակցենք նիստերին, ինքներս լուսաբանենք։ Հետո տեսանք համայնքների ավագանու պասիվությունը, որն ուղղակի ընդունելի չէր։ Մինչև հիմա էլ շատ համայնքներում ավագանին ձևական բնույթ է կրում։ Տարիներ շարունակ որպես լրագրող տեսել եմ, թե ինչպես են ավագանիները գրեթե միաձայն կողմ քվեարկում քաղաքապետի բոլոր որոշումներին։ ՏԻՄ մարմինները դեռևս իրենց գործառույթը չեն իրականացնում, և հաճախ ավագանու անդամներին թվում է, որ քաղաքապետն իրենց շեֆն է։ Այդ գործելաոճը փոխելու համար ես մտա քաղաքականություն։ Ես երբևէ չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ։ Արտահայտությունը, որ քաղաքականությունն անբարոյականություն է, առաջինը կնոջն է հեռու պահում քաղաքականությունից, որովհետև նամանավանդ փոքր համայնքներում բարոյական նկարագիրն ավելի խիտ է, սահմաններն ավելի նեղ են։ Որևէ կնոջ չկարողացա համոզել քաղաքականություն մտնել, և ես հասկացա, որ այդ օրինակը ես պետք է լինեմ, ու առաջադրվեցի։ Սիսիանցիները, հաշվի առնելով իմ լրագրողական գործունեությունը, որի ընթացքում նաև որոշակի խնդիրների լուծման էի կարողացել հասնել, ինձ ընտրեցին և հնարավորություն տվեցին աշխատել։

-Իսկ քաղաքականություն մտնելու որոշումն ինչպե՞ս կայացրեցիք։

-Սիսիանը փոքր համայնք է, շատերը միմյանց ճանաչում են։ Երբ ավագանիների հետ խոսում էի, հարցնում էի, թե ինչու կողմ քվեարկեցին որոշմանը, չէ՞ որ վնաս է համայնքին, պատասխանում էին, որ այլ կերպ հնարավոր չէ։ «Դու չես մեր տեղում», «դու չգիտես», հաճախ ասում էին ինձ,ես էլ որոշեցի՝ եթե ներսում լինեմ, գուցե հասկանամ իրենց, գուցե իսկապեսայլ կերպ հնարավոր չէ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ չորս տարիների ընթացքում, ինչ-որ առումով բեկումնային էր Սիսիանի համար․ առաջին անգամ կին ավագանի ընտրվեց և սկսեց աշխատել 14 տղամարդկանց կողքին։

Իմ գլխավոր խոստումն ի՞նչ էր․ ասում էի, պետք է փոխենք ավագանու գործելաոճը։ Դա սկսվեց ակտիվ քննարկումներից, նաև սկսեցինք որոշ դեպքերում դեմ քվեարկել քաղաքապետին։ Սկզբում չէր ստացվում, իներցիայի ուժը կար։ Ես դեմ էի հանդես գալիս, մենակ դեմ էի քվեարկում, բայց մյուս տասնչորսը կողմ էին քվեարկում։ Հետո հասկացա, որ պետք է կոալիցիոն ձևով աշխատել, սկսեցի փոքրիկ կոալիցիաներ կազմել, ամեն մեկի հետ անհատապես էի աշխատում։ Քվեարկությունից առաջ զանգում ու համոզում էի, թե ինչու այդ որոշմանը պետք է դեմ քվեարկենք։ Եվ այս մոտեցումն աշխատում էր։

Ի՞նչն ինձ բերեց մեծ քաղաքականություն։ Ես այդ ժամանակ նամակ գրեցի կառավարությանը Հրատապ ծրագրերի հետ կապված։ Համայնքները ծրագրերը ներկայացնում էին մարզպետարան, իսկ այնտեղ կարող էին ջնջել, խմբագրել ըստ իրենց հայեցողության։ Նախկին մարզպետն էլ գորիսեցի էր, առյուծի բաժինը Գորիս էր տանում։ Նամակ գրեցի, անձամբ եկա կառավարություն, խնդիրը բարձրաձայնեցի, մի քանի օր հետո տարածքային կառավարման նախարարը եկավ և հանդիպեց Սիսիանի ավագանու հետ, դա պատմական փաստ էր։

Այդ ակտիվությունս նկատվեց, կուսակցական դարձա։

-Ի՞նչ է նշանակում լինել ընդդիմադիր կին պատգամավոր 7-րդ գումարման խորհրդարանում։

-Ընդդիմադիր լինելը հետհեղափոխական շրջանում շատ դժվար է։ Բայց այն կուրսը, որ մեր քաղաքական ուժն է որդեգրել, կառուցողական ընդդիմությունն է։ Իհարկե, տարբեր հարցերում կարող են քննադատել, բայց մենք ուշադրություն չենք դարձնում։ Պետք է ասեմ, որ երբ գալիս ես մեծ քաղաքականություն, գիտես, որ դժվարություններ են լինելու և պատրատ ես լինում։ Բայց որպես կին ասեմ, որ տարբերություն չեմ զգում Ազգային ժողովի կին և տղամարդ պատգամավորների միջև, աշխատողն աշխատում է։Սեռային հարց չէ, ընդունակությունների ու պլանկայի խնդիր է։

-ԱԺ գալուց մտքում ի՞նչ օրենսդրական գաղափարներ եք ունեցել, մանավանդ հաշվի առնենք, որ որպես լրագրող շփվել եքմի շարք ոլորտների հետ, աշխատել եքՏԻՄ համակարգում։

-Առաջինը որ մտածել եմ ԱԺ գալուց առաջ, պետք է լինել ակտիվ պատգամավոր, ինչի քաղցը Սիսիանը, Սյունքինունեցել է տասնամյակներ շարունակ։ Որպես լրագրող ու ՀՀ քաղաքացի իմնախորդներին միշտ քննադարել եմ անգործության համար, չեմ հասկացել, թե ինչու են եկել այս դահլիճ, իրենց ժամանակը ծախսել, և դա ոչինչ չի տվել մեր համայնքներին, մեր երկրին։ Հիմա ես շատ բաց եմ աշխատում, արդեն եղել եմ 15 համայնքներում, որոնք կարոտ ունեն գոնե միջին պաշտոնյաների հետ շփման։Իրենք ամեն օր տեսնում են իրենց բնակավայրի ղեկավարին, որն իրենցից մեկն է, և համայնքի խոշորացումից հետո այլևս լիազորություններ չունի, ինքն էլ է թաղվել խնդիրների մեջ,համայնքի ղեկավարին կարող է տեսնում են ընտրությունից ընտրություն։ ԵրբԱԺ պատգամավոր է գնում, իրենց խնդիրներն է լսում և հաջորդիվ այդ մասին բարձրաձայնում Ազգային ժողովում, այդ ժամանակ իրենց զգում են այս երկրի քաղաքացիներ։ Ես կարևորորում եմ, որ մարդն իրեն զգա քաղաքացի, չընկճվի, չվախենա, չհուսահատվի, որովհետև այդ մթնոլորտը տանում է կործանման։ Ինչպես կարծրատիպերը կոտրեցինք, այդպես էլ այս պատնեշները պիտի կոտրենք։ Մոտ 2-3 տարուց հեռավոր գյուղի բնակիչն էլ կհասկանա, որ ինքն էլ կարող է խնդիր լուծել, եթե ուզենա։ Ճիշտ է, հույսեր ունեն հեղափոխությունից հետո, բայց ասում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց կյանքի վրա միանգամից չի անդրադառնալու այն փոփոխությունը, որն անում ենք մենք որպես ընդդիմադիր կուսակցություն։

-Իսկ կա՞ն օրենքներ, որոնց փոփոխության անհրաժեշտությունն եք տեսնում և առաջիկայում նման առաջարկով եք հանդես գալու։

-Մանե Թանդիլյանի հետ մշակել ենք ու շուտով շրջանառության մեջ կդրվի դայակների ինստիտուտի փոփոխության առաջարկը։ Նպատակն է շատ կանանց ընդգրկվելու հնարավորություն տալ։

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, բացի կուսակցության ռազմավարությունը, պետք է ունենա իր ռազմավարությունը և գույնը։ Իմ փոքր ռազմավարության առանցքում կանգնածէ մարդը։

-Լավ պատգամավորի Ձեր բանաձևը ո՞րն է։

-Երբեք չկտրվել ժոովրդից․ ցանկացած աշխատանք փոխում է մարդու բնավորությունը ևկարող է պատնեշներ առաջացնել։ Ուզում եմ, որ խզում տեղի չունենա ժողովրդի և պատգամավորի միջև, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Հեռավոր գյուղերում կապն այնքան խզված է, որ մարդիկ ամաչում են պատգամավորի հետ խոսելուց։

Երբ նոր էի ընտրվել ու տաքսիով Երևան էի գալիս, մի մարդ, որ վիրահատության էր գալիս,խնդրեց, որ Ազգային ժողովում անպայման խոսեմ։ Մարդիկ ուզում են, որ իրենց պատգամավորը խոսի, գործի։

-Ձեր մասնագիտությունը և փորձը որքանո՞վ է օգնում պատգամավորի աշխատանքում։

-Չեմ կարծում, որ պատահական է, որ հիմա այսքան մեծ թվով լրագրողներ կան ազգային ժողովում։ Լրագրությունը մեծ դպրոց է, քեզ շատ բան է տալիս՝ սկսած ինֆորմացիայից։ Սիսիանի գյուղերի բնակիչներին գրեթե բոլորին դեմքով գիտեմ, խնդիրներին քաջատեղյակ եմ։Լրագրությունը հղկում է մարդու խոսքը,ազատում է կոմպլեքսներից։Լրագրողները մասամբ տիրապետում են հռետորաբանության արվեստին։ Պատգամավորներ կան, որ խելացի են, բայց չեն կարողանում իրենց խոսքը լսելի դարձնել։

-Պատգամավոր ընտրվելուց հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

-Գրեթե ոչինչ։ Գուցե ավելի գործնական եմ դարձել։ Իմ կենցաղում էլ ոչինչ չի փոխվել, բացի այն, որ տեղափոխվել եմ Երևան։ Շատ համեստ տանն եմ ապրում, մետրոյով գնում-գալիս եմ, այսինքն մնացելեմ այն Սրբուհին, որը ժողովրդինն էր ու մնալու է ժողովրդինը։ Ինձ համար ուրիշ արժեք չկա։

-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերում։

- Պետք է պատրաստ լինել քննադատություններին, և ես պատրաստ եմ։ Ինձ ընկճելը շատ դժվար է։ Եթե առողջ քննադատություն է, ընդունում եմ որպես խորհուրդ, որքան էլ սուր լինի։ Ես հասկանում եմ, որ այդտեղ բաց ունեմ, ու պետք է ուղղվեմ։ Եթե ուղղակի դհոլ է, բան չեմ անում, անցնում եմ առաջ։ Ես շատ կուզենայի, որ առողջ քննադատություն լիներ։ Այն, ինչ անում ես, լավ չես տեսնում։ Գիտե՞ք իմ ելույթները քանի անգամ եմ դիտում, որ իմ թերությունները տեսնեմ։ Կուզենայի, որ առողջ քննադատություն լիներ, կողքի աչք լիներ, որն ավելի լավ կտեսներ իմ բացերը, այդպես ավելի շուտ կհասնեի այն պլանկային, որը դրել եմ։

-Կին գործիչները նաև օրինակ են երիտասարդների համար։ Ինչպիսի՞ օրինակ եք ձգտում լինել։

-Միշտ ասել եմ, որ առաջինը լինելը շատ դժվար է ոչ միայնպատերը քերծելու, քանդելու առումով, այլ նաև պատասխանատվության։ Ինչո՞ւ, որովհետև եթե դու առաջինն ես ու ձախողվում ես, ինչ-որ կերպ արգելակում ես այն կանանց, որվքեր կարող էին մտնել քաղաքականություն։ Կարծում եմ, որ այն 4 տարիներին որպես ավագանի այնպես եմ արել, որ իմ հետևից գան, որովհետև դրանից հետո ունեցանք ռեկորդային թվով կին ավագանու թեկնածուներ՝ 5 թեկնածու։

Եթե դու համառությամբ, նպատակասլացությամբ առաջ ես գնում, երբեք չես իմանա, թե քո հաղթանակը քեզանից քանի քայլ է հեռու, դրա համար պետք է առաջ գնալ, առանց հետ նայելու։ Քաղաքականության մեջ երբեմն ձախողումներ էլ կլինեն, բայց պետք է շտկել մեջքը և առաջ գնալ։ Փոքր համայնքում դա ավելի դժվար է։ Իմ հարազատներն ինձ ասում էին՝ էլ մի առաջադրվիր, մեզ քո պատճառով գործից կհանեն, կամ ամոթ է, քիչ ձայն հավաքեցիր։ Պարտվելումեջ ամոթ բան չկա։ Պետք է դնել բարձր նպատակ և գնալ դեպի այն։

-Եթե փոխելու հնարավորություն ունենայիք, ներկայիս խորհրդարանում ի՞նչ կփոխեիք։

-Շատ քիչ ենք աշխատել, որ իմանամ։Եթե այդ հարցը տայիք 2-3 տարի հետո, գուցե հստակ կիմանայի, թե ինչը կուզենամ փոխել։ Բայց հիմա շատ կուզենամ, որ լինի քաղաքական բանավեճ։

Ամբիոնը պետք է օգտագործենք խնդիրներ լուծելու, մեր մտահոգությունները կիսելու, օրենսդրական նախաձեռնություններ բերելու, ոչ թե ինչ-որ բաներ երեսով տալու համար։ Հաճախ, երբ ինչ-որ խնդիրներից ենք խոսում, մեկը կարող է տեղից բարձրանալ ու ասել՝ դուք էիք, որ ասում էիք՝ երրորդ ճանապարհ։ Ես դա համարում եմ թուլության նշան։Դա մեր խմբակցության աքիլլեսյան գարշապարը չէ։ Ավելի շատ խոցելի բաներ կան, դրանք խնդիրներն են, որոնք պետք է լուծել։ Մեր խմբակցությունն աքիլլեսյան գարշապար չունի և այդ մաքրությունը պահելու ենք մինչև վերջ։

-Ներկայիս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտին ինչպիսի՞ն կուզենաք ձեր անցած ուղին տեսնել։

-Ես կուզենայի, որ մենք կարողացած լինեինք մարդկանց կյանքը դեպի լավը փոխել մեր պրոֆեսիոնալ աշխատանքով և նախագծերով։ Ընդդիմադիր խմբակցությունից եմ, բայցերբեք չեմ ուրախանա մեր երկրի ձախողումներով։ Ես դրա համար չեմ եկել այստեղ։

Կուզենայի, որ հետ նայենք, մեր աշխատանքի արդյունքը տեսնենք, ժպտանք ու առաջ նայենք, ոչ թե ասենք չստացվեց , ձախողվեց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: