Հայերեն   English   Русский  

Գյումրու տնակների ճակատագիրը մնացել է Փաշինյանի ձեռքում


  
դիտումներ: 507

Գյումրիում կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու երեք՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնու մարզերում ժամանակավոր կացարանների և դրանցում ապրող մարդկանց հարցերով պետական աշխատանքային խմբի արտագնա նիստը:

Գյումրիում կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու երեք՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնու մարզերում ժամանակավոր կացարանների և դրանցում ապրող մարդկանց հարցերով պետական աշխատանքային խմբի արտագնա նիստը: Օրակարգում եղել է հավաքագրված տվյալների ամփոփումը, չտրամադրված տվյալների պատճառների ներկայացումը, հավաքագրված տվյալների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ մոտեցումների և ուղղությունների մշակման, հաշվարկների իրականացումը կազմակերպելու աշխատանքների քննարկումը:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը աշխատանքային խմբի անդամներին ներկայացրել է այս պահին ունեցած տվյալները տնակների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք դեռ վերջնական չեն:
- Ընդհանուր առմամբ տեղեկատվություն է հավաքագրվել 7231 տնակի վերաբերյալ: 3520-ը Շիրակում, 2791-ը Լոռիում, 910 Արագածոտնում: Ոչ հիմնական շինությունների 68 տոկոսը գտնվում է քաղաքային բնակավայրերում, 32 տոկոսը՝ գյուղերում: Գյումրիում հիմնական մասն է՝ 2871, որը պետք է վերանայվի քաղաքապետարանից ստացված նոր թվերի հիման վրա: Համալրված չէ տեղեկատվությունը, ցավոք, կադաստրի և ոստիկանության տեղեկատվությամբ: Ոստիկանությունը տվել էր Գյումրիի մասով ամբողջական, բայց մի քիչ ձևաչափի հետ խնդիրներ կային: Մենք խնդրել ենք մարզպետարանին ոստիկանության հետ լրամշակել, - նշում է Տանյա Արզումանյանը:
Կադաստրի պետական կոմիտեն դեռ տվյալներ չի ներկայացրել աշխատանքային խմբին, սկզբում նշելով, թե մեծածավալ աշխատանք է և իրենք ռեսուրսներ չունեն, ապա մայիսի 15-ին պաշտոնական գրությամբ հայտնել են՝ տեղեկությունը մեկ ամսվա ընթացքում կտրամադրվի:
Ոչ հիմնական շինությունում բնակվող ընտանիքին վերաբնակեցման աջակցություն է տրվելու, ըստ Վահագն Վերմիշյանի, կախված տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից, բայց այդ հիմքը չպետք է հանդիսանա բնակարան ունենալուց զրկվելու պատճառ.
- Ինչու՞ է հայտնվել էդ վիճակում՝ մեզ մեծ հաշվով, կարելի է ասել, դա հետաքրքիր չէ: Մեր բնակիչն է: Աղետի գոտու հարցն է քննարկվում, աղետները տարբեր են լինում. մարդիկ կան տանը հիվանդ են ունեցել, տունը ստիպված վաճառել են բուժման համար ու դրսում են մնացել: Դա էլ է աղետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հունիսի 30-ին վարչապետին ներկայացնելու է աղետի գոտում տնակների ուսումնասիրման գործընթացի արդյունքները և մարդկանց բնակարանային խնդիրները կարգավորելու առաջարկություններ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշում է՝ իրենք հակված են ոչ թե բնակարանի գնման վկայագրերի տրամադրմանը, այլ՝ բնակարանաշինությանը.
- Եվ վթարային շենքերի հարցով, և կիսակառույցների մասով առաջարկ մշակվում է. այդ ֆունդամենտները, մի հարկ կառուցված ու լքված տները վերքերի պես քաղաքի մարմնի վրա 3 տասնամյակ մնում են և դա լուծում պետք է ունենա: Իհարկե, վերջնականը վարչապետի որոշումն է, բայց իմ հակվածությունն ավելի շատ սոցիալական բնակարանների ապահովումն է: Սոցիալապես շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում մոտավորապես բնակչության 20-30 տոկոսը բնակվում է սոցիալական բնակարաններում և դա նորմա է:
Որքան ժամանակ կպահանջվի անօթևանության խնդիրը լուծելու և երեք մարզերը տնակներից ազատելու համար, քաղաքաշինության կոմիտեի նախագահի նշած մոտավոր չափը 10 տարին է, նաև հավելում է՝ <Ես կուզենայի այս խնդիրը մեկ սեզնի մեջ լուծեինք, բայց ունենք այն, ինչ ունենք>:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: