Հայերեն   English   Русский  

​ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները


  
դիտումներ: 4538

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից,

այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ: ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին:

«Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է:

«Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-ասաց նա:

Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում, 50-60 բառի շրջանակում:

Պատասխաններն աշակերտները և ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է նաև ցուցումներ 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության ձևաթղթերի կարճ և ընդարձակ պատասխաններով առաջադրանքների ստուգման վերաբերյալ:

Կարճ պատասխանով առաջադրանքների (21-35) ճիշտ պատասխանները գնահատվում են 1-ական միավորով:

Ճիշտ է համարվում այն պատասխանը, որը համապատասխանում է տվյալ հարցադրմանը՝ անկախ գրանցման ձևից: Այսպես, առաջադրանքի ճիշտ պատասխանին միավոր է տրվումստորև շարադրված բոլոր դեպքերում.

  • բառը գրված է ուղիղձևով կամ այն ձևով, ինչպեստեքստում է, եթե հարցադրումը չի վերաբերում հենց բառաձևին,
  • գրված է մեծատառով կամ փոքրատառով, եթե չիստուգվումհենց այդ գիտելիքը,
  • գրված է ուղղագրական կամ կետադրական սխալով, եթե տրված հարցը դրանց չի վերաբերում,
  • բաղադրյալ ստորոգյալը (կամ բաղադրյալ ժամանակաձևը) գրված է հանգույցով (օժանդակ բայով) կամ առանց դրա,
  • բաղադրյալ հատուկ անունը, կապ-կապի խնդիր կապակցությունը գրված են ամբողջությամբ կամ կիսատ:
  • Շարադրանքի գնահատման չափանիշները

    Շարադրանքը պետք է պարունակի շուրջ 50-70 բառ:

    Շարադրանքի համարտրվելիք առավելագույն միավորը 5 է:Շարադրանքը գնահատվում է առավելագույնը 5 միավորով տրված հարցի պատասխանի (կարծիքի հայտնման, կերպարի բնութագրման, իրավիճակի վերլուծության և այլն) լիարժեք և գրագետ շարադրման դեպքում:

    Շարադրանքը գնահատվում է երկու բաղադրիչներով՝ 1.բովանդակություն (ընթերցածի վերաբերյալ արտահայտվելու կարողություն և մտքերը որպես կապակցված խոսք ձևակերպելու հմտություն),2. շարադրանքի որակ (լեզվական գրագիտության նորմերի պահպանում):

    1-ին բաղադրիչի համար տրվում է 3 միավոր, 2-րդի համար՝ 2 միավոր:Յուրաքանչյուր բաղադրիչի համար տրվելիք առավելագույն միավորից միավորներ են հանվում՝ ըստ ստորև ներկայացված սկզբունքների:

    Առանց 2-րդ բաղադրիչը հաշվի առնելու՝ շարադրանքը գնահատվում է 0՝

  • տրված տեքստի բովանդակության հետ առնչություն չունենալու դեպքում,
  • տրված տեքստի կամ նրա մի հատվածի սոսկական վերապատմման դեպքում,
  • նախատեսված նվազագույն ծավալից զգալիորեն քիչ (բառերի քանակը՝ 30-ից պակաս) գրած լինելու դեպքում :
  • Նախատեսված նվազագույն ծավալից պակաս, սակայն գնահատման շեմի սահմաններում գտնվող աշխատանքը (30-45 բառ) գնահատվում է տրվելիք բազային միավորի մի մասով՝ առավելագույնը 3 միավորով: Սահմանված ծավալից պետք է բացառել տեքստի նախադասությունների նույնությամբ մեջբերումները:

    Բովանդակություն (առավելագույնմիավորը՝3)

    Շարադրանքի բովանդակության (կարծիքի հայտնման, կերպարի բնութագրման, իրավիճակի վերլուծության և այլն) առումով աշակերտը ազատ է: Այս բաղադրիչի գնահատումը չի ենթադրում աշակերտի շարադրած բովանդակության և ստուգողի աշխարհայացքի համընկնում: Սակայն արտահայտված մտքերը չեն կարող հակասել տրված տեքստի բովանդակությանը կամ չբխել նրանից:

    Առավելագույն միավոր ստանալու համար աշակերտը պետք է ոչ միայն կարծիք հայտնի, այլև հիմնավորի այն: Հիմնավորումները նույնպես չեն կարող հակասել տրված տեքստի բովանդակությանը կամ չբխել նրանից:

    Առանց հիմնավորումների, միայն կարծիքների հայտնումից բաղկացած շարադրանքի այս բաղադրիչը կարող է գնահատվել առավելագույնը 1 միավորով:

    Տրվելիք միավորից միավորներ են հանվում հետևյալ դեպքերում՝

  • միևնույնմտքիմեկից ավելի կրկնությունների համար 1 միավոր,
  • հայտնած կարծիքի և դրա հիմնավորման անհամապատասխանության յուրաքանչյուր դեպքի համար 1-ական միավոր,
  • հայտնած կարծիքի կամ դրա հիմնավորման՝ տեքստի հետ հակասության կամ տեքստից չբխելու յուրաքանչյուր դեպքի համար 1-ական միավոր,
  • իրար հաջորդող նախադասությունների միջև տրամաբանական կապի յուրաքանչյուր խախտման համար`1-ական միավոր:
  • Շարադրանքի որակ (առավելագույն միավորը՝ 2)

    Այս բաղադրիչն իր հերթին բաղկացած է 4 բաղադրիչներից՝ 1.ուղղագրություն, 2.կետադրություն, 3.բառագործածություն, 4.քերականություն:

    Ցուցումներ շարադրանքի գնահատման վերաբերյալ.

  • 2-րդ բաղադրիչից հանվող միավորների թիվը որոշ դեպքերում կարող է գերազանցել 2-ը, այսինքն՝ այս բաղադրիչի համար տրվելիք առավելագույն միավորը: Այդ դեպքում 2-րդ բաղադրիչը գնահատվում է 0, սակայն 1-ին բաղադրիչին տրվելիք միավորը մնում է անխախտ. 2-րդ բաղադրիչի սխալների համար 1-ին բաղադրիչին տրվելիք միավորներից միավոր չի հանվում:
  • 1-ին բաղադրիչը համարվում է գերակա: Այս բաղադրիչին տրվող միավորները գումարվում են թեստի այլ առաջադրանքներից հավաքած միավորներին անգամ այն դեպքում, եթե 2-րդ բաղադրիչից աշակերտը որևէ միավոր չի հավաքում:
  • Բացառիկ ինքնատիպ մտքի կամ պատկերավոր ձևակերպումների համար տրվելիք միավորներին կարող է ավելացվել ևս 1 միավոր, եթե տրվելիք միավորների թիվը չի գերազանցում 5-ը:
  • Շարադրանքում 3 ջնջում կամ ուղղում ունենալու դեպքում հանվում է 1 միավոր, 3-ից ավելի յուրաքանչյուր ուղղման կամ ջնջման համար հանվում է մեկական միավոր:
  • Պատասխանների ձևաթղթում

    ստուգողի կողմից գրանցումներ կատարելու կարգը.

    Պատասխանների ձևաթղթի «Լրացնում էստուգողը» բաժնում կարճ պատասխանով առաջադրանքների (21-35) յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համարի դիմացի վանդակում սև գելային գրիչովդրվում է X նշանը: Սխալ պատասխանի դեպքում վանդակը թողնվում է դատարկ:

    Շարադրանքը գնահատվում է 2 բաղադրիչով՝ համաձայն ուղեցույցի: Համապատասխան վանդակներում սև գելային գրիչով դրվում են միավորները՝

  • բովանդակության համար՝ 1; 2 կամ 3,
  • շարադրանքի որակի համար՝ 1 կամ 2,
  • այնուհետև տրված միավորները գումարվում են և «Ամբողջ միավորը» կոչվող վանդակում դրվում է գումարային միավորը՝ 1; 2; 3; 4 կամ 5: Եթե շարադրանքից աշակերտը ոչ մի միավոր չի վաստակել (գնահատականը 0 է), ապա տվյալ վանդակները թողնվում են դատարկ:

    Աշակերտի ձևաթղթում՝ շարադրանքի վրա, ուղղագրական, կետադրական կամ այլ կարգի սխալների տակ ստուգողը պետք է կարմիր գրիչով անի նշումներ:

    Նշենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնում այս օրերին վերապատրաստում էին անցնում Կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր մայիսի 26-ին 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննությանը որպես ԳԹԿ ներկայացուցիչներ աշխատելու են քննական կենտրոններում:

    Նրանք տեղեկանում են իրենց իրավունքներին ու պարտականություններին, համատեղ քննարկում ոչ ստանդարտ իրավիճակներից հնարավոր ելքերի տարբերակները:






    Մեկնաբանություններ - 1

    Alen     27.05.2019 svzhhshd
    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: