Հայերեն   English   Русский  

Մշակութային երկխոսության հիանալի հնարավորություն. «Արմենիա Արթ Ֆեյրի» շրջանակներում մեկնարկել է Արվեստի շաբաթը


  
դիտումներ: 838

Մայիսի 25-ին Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցահանդրությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում մեկնարկեց «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը:

«Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը մաս է կազմում մայիսի 31-ին մեկնարկող «Արմենիա Արթ Ֆեյրի»: Այն արվեստի տոնավաճառ է, որն արդեն մի քանի տարի է կազմակերպվում է աշխարհի մի շարք քաղաքներում, և երկրոդ տարին է, որ անցկացվում է նաև Հայաստանում:

««Արմենիա Արթ Ֆեյրը» արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է Հայաստանում, իսկ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը այս տարի առաջին անգամ է կազմակերպվում: Վերջինն իրենից ենթադրում է, որ մոտ մեկ շաբաթ՝ մայիսի 25-ից հունիսի 2-ը, քաղաքի տարբեր կետերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու: Լինելու են ցուցադրություններ, ձայնային կատարումներ, դասախոսություններ՝ միջազգային հայտնի արվեստագետների կողմից: Միջոցառումների աջակիցներից է Գյոթե կենտրոնը, որի հետ էլ այս տարի որոշ միջոցառումներ համատեղ են ներկայացվելու: Արվեստի շաբաթը լայն շրջանակներ է ընդգրկում: Այն մարդիկ, որոնք ունեն հետաքրքրություն արվեստի նկատմամբ, իրենք կարող են մասնակից դառնալ այս միջոցառմանը»,-ասաց միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Մարիամ Չաքարյանը:

Արվեստի շաբաթ

Վերջինս նշում է, որ անցյալ տարի արվեստի տոնավաճառին՝ Արմենիան Արթ ֆեյրին, ավելի քան 2000 այցելու է մասնակցել՝ 5 տարբեր պատկերասրահներում:

«Այս տարի 35-ից ավելի մասնակից պատկերասրահներ ունենք և համադրողներ՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից»,-նշում է Չաքարյանը:

Երկրորդ տաչին անընդմեջ անցկացվող Արթ Ֆեյրի ծրագիրն ուշադրությունը կենտրոնացնում է երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա կառուցելու և Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու վրա: Կազմակերպիչները ուրախությամբ են փաստում, որ միջազգային հայտնի պատկերասրահների կողքին իրենց հավասար տեղն ունեն նաև հայկական պատկերասրահներ: Եվ դրանից հետևում է նաև «Արմենի Արթ ֆեյրի» հիմնական նպատակը. Հայաստանի հաստատուն տեղը նշել աշխարհի արվեստի քարտեզին:

«Այս տարի մենք ունեցել ենք շատ դիմորդներ միջազգային հայտնի պատկերասրահներից, և դա նշանակում է, որ Հայաստանը, այսքան փոքր լինելով, սկսել է իր արվեստով հետաքրքրել միջազգային արվեստագետներին ու ընդհանրապես հանրությանը»,-ասում է Մարիամ Չաքարյանը:

Արվեստի շաբաթ

«Արմենիա Արթ Ֆեյրի» աջակիցներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, «Երևանում Գյոթե կենտրոնը», «Արթպրայսը», «Արթթերիթորին» և այլք:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի բացման արարողության ժամանակ նշեց, որ այս ցուցահանդեսը բարձրացնում է արխիվների և պատմամշակութային արժեք ներկայացնող գործերի ստեղծման ու ոչնչացման հարցը:

«Այս ցուցադրության մեջ հետաքրքիր կերպով մեկտեղվում են արարման և ավերման խորհուրդները: Ցուցադրությունը բաժանված է 3 կատեգորիաների՝ ոչնչացում (այրում), արխիվացում (պահպանում) և ստեղծագործում»,- իր ելույթում ասաց Տիգրան Գալստյանը:

Մշակույթի փորձագետ, Երևանի Գյոթե կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին էլ ծրագրի շրջանակներում կարևորում է արվեստագետների երկխոսությունն ու փորձի փոխանակումը:

«Գյոթե կենտրոնի հիմնաքարային ուղություններից մեկը միջմշակութային երկխոսությունն է, այդ պատճառով մենք միշտ հետաքրքրված ենք և աջակցում ենք ցանկացած նախագծի, որտեղ արվեստագետները միմյանց հանդիպելու, փորձը փոխանակելու և համագործակցության հնարավորություն են ստանում: Համագործակցության մի օրինակ կարող եմ բերել: Մենք անցյալ տարի գերմանացի արվեստագետների էինք հրավիրել Հայաստան, իսկ այս տարի հայ արվեստագետ Հասմիկ Յահմուրյանը հնարավորություն է ստացել Բեռլինում փորձաշրջան անցնել»,-ասում է Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին:

Արվեստի շաբաթ

Ըստ նրա՝ կազմակերպիչները փորձում են չսահմանափակվել միայն Երևանով. «Մեզ համար շատ կարևոր է նաև Երևանից դուրս ինչ-որ բան կազմակերպելը: Այս տարի երկու գերմանացի արվեստագետներ են հրավիրվել , որոնք գնալու են Սիսիան և երեխաների համար վորքշոփ են կազմակերպելու: Գյումրիում, Գորիսում, Դիլիջանում, Սիսիանում մենք բավականին շատ միջոցառումներ ենք կազմակերպել անցյալ տարի, այս տարի ևս շարունակվելու են դրանք»:

Արթ ֆեյրի շրջանակներում նախատեսվում է, որ մրցանակակիր ստեղծարար ռեժիսոր և վիզուալ արվեստագետ Ռուբեն Մալայանը կանցկացնի սեմինար՝ հայկական գեղագրության վերաբերյալ: «Արմենիա Արթ Ֆեյրին» կմասնակցեն իրանյան Սայե և Վիստա ցուցասրահները, ինչպես նաև հայաստանյան Արամե պատկերասրահը և Կարոյան ցուցասրահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: