Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզում կայծակից տուն է այրվել


  
դիտումներ: 379

Շիրակի մարզի Անուշավան գյուղում մայիսի 25-ի ցերեկը ուժեղ կայծակից հրդեհ է բռնկվել Լյովնիկ Բալոյանի ընտանիքին պատկանող տան կտուրում:

Շիրակի մարզում կայծակից տուն է այրվել

Այրվել է տանիքում կուտակված անասնակերը, ինչպես նաև կտուրն ամբողջությամբ:
Անուշավանի գյուղապետ Երվանդ Հակոբյանը Անկախի հետ զրույցում նշեց, ստեղծվել է հանձնաժողով, հաշվարկվել է վնասի չափը՝ 2 մլն դրամից ավելի:
- Երբ հրդեհաշիջման աշխատանքն էր կատարվում ամբողջ ջուրը լցվել է տունը, այսինքն՝ ներսն էլ է փչացել: Ներկա դրությամբ մենք հաշվարկ ենք կատարել միայն տանիքի հետ կապված, - ասում է Երվանդ Հակոբյանը:

Ստեղծված իրավիճակում տանը բնակվել հնարավոր չէ: Բալոյանների ընտանիքում 5 անձ են, 2 անչափահաս երեխա կա: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Համայնքի ղեկավարը երեկ երեկոյան արդեն կոչով դիմել էր անուշավանցիներին՝ որպեսզի օգնության ձեռք մեկնեն Բալոյանների ընտանիքին:

- Փառք աստծո, արդեն միջոցներ հավաքագրվում են, վաղն էլ արտահերթ ավագանու նիստ ենք հրավիրելու, որպեսզի համայնքային բյուջեից միջոցներ հատկացնենք: Չնայած, արդեն վերականգնման աշխատանքները սկսել են գյուղապետարանի կողմից, - նշում է համայնքի ղեկավարը:

Դեպքի մասին հայտնել են նաև Շիրակի մարզպետին, օգնություն տրամադրելու համար երկուշաբթի համայնքի ղեկավարը մարզպետարան կներկայացնի վնասը հաշվարկող հանձնաժողովի արձանագրությունն ու հրդեհի ակտը՝ պաշտոնական գրությամբ:
Կայծակից Անուշավանում այլ ընտանիքներ էլ են տուժել՝ վնասվել են հեռուստացույցներ, սառնարաններ, համակարգիչներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: