Հայերեն   English   Русский  

​«Արի պարի Քոչարի» նախագիծը միավորել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայերի


  
դիտումներ: 760

Հայկական ավանդական Քոչարին ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այն նաև հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից:

Քոչարին նաև համախմբման մեծ ուժ ունի, որը դարձել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տուն» միության հերթական նախաձեռնության առանցքը:

«Արի պարի Քոչարի» նախագիծ-ֆլեշմոբը միավորել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայերի: Եգիպտոսում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ուրուգվայում և այլուր հայերն արդեն ուս ուսի են տվել՝ ամենասիրելի հայկական պարի համար:

Երևանը նույնպես միացավ «Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծ-ֆլեշմոբին: Հանրապետության հրապարակում մի խումբ երիտասարդներ ուս ուսի տված պարեցին հայկական ավանդական ամենասիրելի պարը՝ այդպիսով ընդարձակելով նաև նախագծի աշխարհագրությունը:

«Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 -ամյակներին:

Սա մի փորձ էր համախմբելու աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների:

Աշխարհի հայությանը միացավ նաև Սևան համայնքն իր պարային համույթներով: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆլեշմոբի հեղինակներին միացել էին Իզերի դեպարտամենտը, Գրենոբլի քաղաքապետարանը, աջակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լիոնի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը: Ֆլեշմոբի առաջին և հաջողված փորձն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի այն ունենա շարունակություն:

Նախագծի հեղինակները որոշել են այն շարունակական դարձնել՝ այս տարվա ծրագիրը նվիրելով հայկական մշակույթի երկու մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: «Պարի՛ր, նկարահանի՛ր և տեղադրի՛ր տեսագրությունը համացանցում՝ #aripariqochari2019 հեշթեգով:

Զարմացրո՛ւ, հիացրո՛ւ, ապրեցրո՛ւ քո պարով». նախագծի հեղինակների կոչին արդեն իսկ միացել են ոչ միայն Հայաստանում, այլև հայաշատ այլ երկրներում: Մասնավորապես, համացանցում տարածվել են նաև Եգիպտոսում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Ուրուգվայում և այլուր հայերի Քոչարին:

«Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը՝ Քոչարիով համախմբել աշխարհի բոլոր հայերին: Այդ տարի մենք ընտրել ենք Կարնո Քոչարին՝ որպես գլխավոր պար: Քչերը գիտեն, որ Կոմիտասը նաև պարային երաժշտություն է գրել, դրանցից մեկը Շորորն է:

Մենք առաջարկում ենք Կարնո Քոչարիից բացի նաև Կոմիտասի Շորորը պարել»,- հայտարարել են կազմակերպիչները:

Սևան համայնքն այս տարի էլ կունենա իր մասնակցությունը. այս օրերին համայնքում գործող տարբեր համույթներ պատրաստվում են ներկայացնելու մասնակցության հայտեր: Սևանի մի քանի պարային համույթներ իրենց մասնակցությունը կունենան համահայկական այս յուրահատուկ ֆլեշմոբին` միանալով տարբեր մայրցամաքներում գործող, հայկական մշակույթն ու հայ ոգին պահող պարային համույթներին: Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու համացանցում:

Այդպիսով, մայիսի 25-ին աշխարհի տարբեր անկյուններում հայերը ևս մեկ անգամ միավորվեցին, այս անգամ` Քոչարի պարելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: