Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 570

Հերիք է, նշանակում է՝ հերիք է

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը Ավստրիայի քաղաքական կյանքում առաջացած ճգնաժամն էր, որն ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշումով:

Գերմանական երկու խոշոր պարբերականներ՝ Der Spiegel-ը և Süddeutsche Zeitung-ը, տեղեկացրին, որ Ավստրիայի ազատության կուսակցության (ԱԱԿ) նախագահ Հայնց-Քրիստիան Շտրախեն և նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յոհան Գուդենուսը 2017 թ. ծրագրել են որոշ պետական շինարարական պատվերներ փոխանցել մի ռուսաստանցի բիզնեսվումանի: Վերջինս դրա փոխարեն ֆինանսական օգնություն է առաջարկել ԱԱԿ-ին խորհրդարանական ընտրություններից առաջ: Պարբերականներն ապացույց ունեին՝ տեսագրություն:

Այսպես կոչված Իբիցայի տեսագրությունը ցույց էր տալիս, թե ինչպս են 2017 թ. Իբիցա կղզում Շտրախեն և Գուգենուսն ու իր տիկինը հանդիպել մի կնոջ հետ, որը ներկայացել է մեծահարուստ ռուսաստանցի և օլիգարխի զարմուհի, որին լրագրողները հատուկ ուղարկված խաբեբա (подсадная утка) են համարում: Տեսագրության իսկությունը ստուգել են տեղեկատվական տեխնոլոգիաների գիտական ինստիտուտում:

Լրագրողներն այդ 6-ժամանոց հանդիպումից հրապարակել են 6-րոպեանոց հատված, բայց այդ ընթացքում էլ Շտրախեն ասում է մեծահարուստ ներկայացած կնոջը, որ եթե նա գնի Kronen Zeitung թաբլոիդը, ապա կդառնա Ավստրիայի տասը ամենաազդեցիկ անձանցից մեկը: Իսկ եթե այդ գնումից հետո նա օգնի իրեն դառնալու կանցլեր, ապա իրենք արդեն կարող են խոսել ամեն ինչի մասին: Շտրախեն խոստանում է բիզնեսվումանին նաև ավտոմայրուղիների շինարարության պետպատվերը՝ պատրաստ լինելով հետ վերցնել այն խոշորագույն Strabag շինարարական ընկերությունից:

Շտրախեն խայտառակ կարծիք է հայտնում նաև ԶԼՄ-ների մասին՝ լրագրողներին անվանելով «մոլորակի ամենամեծ մարմնավաճառներ» և խոստովանում է, որ երազում է այնպիսի մեդիամիջավայր ստեղծել, ինչպիսին հաջողվել է ստեղծել Վիկտոր Օրբանին Հունգարիայում (այնտեղ փաստացի բացակայում է քննադատությունը կառավարության հասցեին, քանի որ բոլոր խոշոր պարբերականները գնել են Օրբանին համակիր գործարարները): Հնչում են նաև բամբասանքներ կանցլեր Սեբաստիան Կուրցի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Կերնի սեռական կյանքի մասին:

Այս տեսագրությունը մեծ հարված էր նաև նրա ընտրողներին, որոնց նա միշտ ներկայանում էր որպես հասարակ մարդ՝ դուրս եկած ժողովրդի ծոցից, մինչդեռ մոտ 1,6 հազար եվրո արժեցող ընթրիքը և խոսակցությունը իր կապերի մասին մեծահարուստների հետ ճիշտ հակառակի մասին են վկայում:

Իբիցայի տեսագրությունը թանկ նստեց Ավստրիայի կառավարության համար: Դրա հերոսը՝ Ավստրիայի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն, հրապարակումից 18 ժամ անց ոչ միայն լքեց իր պաշտոնը կառավարությունում, այլև հրաժարվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից: Հեռանալիս նա նշեց՝ չի ցանկանում, որ այդ սկանդալն անդրադառնա կոալիցիայի ճակատագրի վրա, այդ պատճառով է լքում ոչ միայն փոխկանցլերի, այլև կուսակցության առաջնորդի պաշտոնը:

Հրաժարական տվեց նաև ներքին գործերի նախարարը: Ինչպես բացատրեց կանցլեր Կուրցը, նա չէր կարող հետաքննել այն սկանդալը, որին խառնված է իր նախկին կուսակցական ղեկավարը: Պաշտոնը լքեցին նաև տրանսպորտի, աշխատանքի, պաշտպանության նախարարները և ֆինանսների նախարարության պետքարտուղարը:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում կանցլեր Սեբաստիասն Կուրցը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա նշեց, որ 2017-ից, այսինքն՝ կոալիցիայի ձևավորումից ի վեր մի շարք ծանր իրավիճակներ են եղել, սակայն Շտրախեի տեսագրությունը և նրա արտահայտած մտքերը չափազանց էին: «Բայց երեկվա տեսագրությունից հետո պետք է ասեմ՝ հերիք է, նշանակում է՝ հերիք է»,- ասել է նա:

Նա հեռացավ արցունքներն աչքերին

Անցնող շաբաթվա մյուս նշանակալի իրադարձությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականն էր, որն արդեն մի քանի ամիս առաջ շատերն էին կանխատեսում:

«Նա հեռացավ արցունքներն աչքերին»,- գրեցին համաշխարհային ԶԼՄ-ները Մեյի հրաժարականի մասին: Եվ նա արտասվելու պատճառ իրոք ուներ: Տիկին Մեյը չկարողացավ անաղմուկ դուրս բերել Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից: Չափից ավելի երկար ժամանակ ու ջանքեր վատնվեցին փոխզիջումների որոնման համար, որոնք չափից ավելի քիչ էին: Թերթերը գրեցին նաև, որ Դևիդ Քեմերոնը բրեքսիտի պատճառով պաշտոնաթող եղավ շվվացնելով, իսկ Մեյը՝ արտասվելով:

Թերեզա Մեյը հայտարարեց, որ կհեռանա հունիսի 7-ին: Նա կլքի Պահպանողական կուսակցության առաջնորդի աթոռը և վարչապետ կմնա մինչև նոր առաջնորդի ընտրությունը:

Երեք տարի առաջ բրիտանացիների 52 տոկոսը հույս ուներ, որ Մեյը լավագույն վարչապետը կլինի բրեքսիտի համար, կարծում էին, որ իրենց հենց այդ չոր ու աչքի չընկնող անձնավորությունն է պետք, որ հենց նա՝ նախկին ՆԳՆ-ի ղեկավարը, կկարողանա հաշվել փողերը և պատրաստ կլինի խիստ միջոցների: Հիմա արդեն ասում են, որ նա երբեք էլ կողմ չի եղել բրեքսիտին և այն ավելի շատ խնդիր է համարել, ոչ թե օգուտ Բրիտանիային, շարունակ միայն ձախողումներ է ունեցել և ամեն անգամ մեղավորներ է փնտրել:

Բրիտանական թերթերն արդեն արձանագրել են, որ նա ամենևին էլ Թետչեր չէ, այլ ամենավատ վարչապետն է երկրի պատմության մեջ, որը գժտվել է բոլորի հետ և ոչնչի չի կարողացել հասնել:

Մեյին մեղադրում են նաև իր կուսակցությանը դավաճանելու և ընդդիմության հետ բանակցություններ վարելու մեջ, որպեսզի բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնի: Եվ այժմ կուսակցությունում նրա տեղի համար աշխույժ պայքար է սկսվել:

Եվրախորհրդարանը «կանաչեց» և աջ թեքվեց

Անցած շաբաթ ողջ Եվրոպայի ուշադրության առարկան հիմնականում Եվրախորհրդարանի ընտրություններն էին, որոնք ընթացան 28 երկրներում մայիսի 23-26-ը:

Արդյունքները ցույց տվեցին երեք միտում, որոնք առաջին հայացքից հակասում են միմյանց: Մի կողմից՝ նկատելիորեն իրենց ներկայությունն են ընդլայնում խորհրդարանի կազմում ազգային-պահպանողական ուժերը: Մյուս կողմից՝ մեծանում է նաև մյուս ընդդիմության՝ ազատականների և հատկապես «կանաչների» ներկայությունը: Բայց չնայած ձևական և իրական ընդդիմության հաջողություններին և չնայած այն հանգամանքին, որ երկու ներկայիս իշխող կուսակցություններ կորցրել են իրենց ձայների մի մասը և փաստորեն մեծամասնությունը, Եվրախորհրդարանում քիչ բան կփոխվի:

Փորձագետները կարծում են, որ Անգելա Մերկելի ձայների կորուստը 7 տոկոսով և Էմանուել Մակրոնի հետ մնալը Մարին լը Պենից ավելի շատ խորհրդանշական են: Արդեն ծանուցվել է, որ Եվրախորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար կոալիցիա կհրավիրվեն ազատականներն ու «կանաչները»: Սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը տնտեսական և սոցիալական քաղաքականության տեսանկյունից արմատական տարբերություններ չունեն ներկայիս իշխողներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: