Հայերեն   English   Русский  

Մի մարդ, որ օպերայի և բալետի տարբերությունը չգիտի, չի կարող ընդհանրապես մշակույթի ոլորտում աշխատել. թատրոնի աշխատակիցները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը


  
դիտումներ: 641

Չնայած Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների միջև արդեն մի քանի ամիս շարունակվող լարված հարաբերություններին,

մայիսի 22-ին Ղարիբյանը ընտրվեց կառավարման խորհրդի նախագահ՝ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նիստում: Կառավարման խորհրդի կազմում գտնվող թատրոնի երկու ներկայացուցիչներ Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը միացել են կողմ քվեարկողներին և միաձայն Ղարիբյանը ընտրվել է խորհրդի նախագահ:

Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը դեմ է ընտրության արդյունքներին և այսօր՝ մայիսի 27-ին, կոլեկտիվի ժողովի ժամանակ քննարկիվեց Նազենի Ղարիբյանի ընտրության հարցը:

Ա. Սպենդիրայանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը դիմեց հավաքվածներին՝ հարցնելով՝ կա՞ արդյոք հավաքվածների մեջ մարդ, ով կողմ է Նազենի Ղարիբյանի ընտրությանը: Հարցից հետո դահլիճում գտնվողները բացականչեցին՝ ո´չ:

Թատրոնի ներկայացուցիչները, որ չեն պատկերացնում, թե լարված իրավիճակում Նազենի Ղարիբյանն ինչպես է պատրաստվում աշխատել իրենց հետ, հետաքրքրվեցին, թե ինչու են Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը կողմ քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը, եթե գիտեին, որ կոլեկտիվը դեմ է նրան, և այդ ընտրությունը ավելի է սրելու առանց այն էլ լարված վիճակը:

Ըստ Պերճ Քարազյանի՝ ինքը և Սաֆարյանը կողմ են քվեարկել, քանի որ Նազենի Ղարիբյանը նախարարությանը մոտ կանգնած մարդ է, ամեն օր շփում ունի կառավարության հետ, կարող է թատրոնի հետ կապված յուրաքանչյուր խնդիր բարձրաձայնել նախարարությունում և հրատապ լուծումներ տալ դրանց:

Դեմ արտահայտվելով իրենց երկու գործընկերների ընտրությանը՝ թատրոնի ներկայացուցիչները պնդում էին, որ Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը, չնայած ընտրվել են, որպեսզի ներկայացնեն թատրոնի անձնակազմի շահերը, սակայն նրանք իրենց ընտրությամբ դեմ են դուրս եկել ողջ կոլեկտիվին: Հավաքվածները պնդում էին, որ Նազենի Ղարիբյանը չպետք է ընդհանրապես աշխատի մշակույթի ոլորտում:

Օպերա բողոք

«Նույնիսկ եթե ձեր ձայնը որոշիչ չէր, և դուք երկու ձայնով չէիք կարող խանգարել Նազենի Ղարիբյանի ընտրությանը, միևնույն է պետք է ցուցադրական չընտրեիք, և դա ցույց կտար թատրոնի կոլեկտիվի վերաբերմունքը: Մի մարդ, որ բալետի ու օպերայի տարբերությունը չգիտի, ոչ մի ներկայացման ներկա չի գտնվել թատրոնում, որ պաշտոնավարման առջին իսկ օրվանից քանդում է թատրոնը, հեռացրել է մեր տնօրենին, այրել է երկխոսության բոլոր կամուրջները, ինչպե՞ս կարող է աշխատել մեզ հետ, ինչպե՞ս կարող է լինել կառավարաման խորհրդի նախագահ»,-պնդում էին հավաքվածները:

Կառավարաման խորհրդի նորանշանակ նախագահ Նազենի Ղարիբյանը ևս հրավիրվել էր այսօրվա ժողովին, սակայն նա թատրոն չէր եկել, ինչն էլ զայրացրել էր թատրոնի աշխատակիցներին:

«Եթե ընտրվել է Կառավարաման խորհրդի նախագահ ինչու՞ այսօր այստեղ չէ, ինչու՞ չի եկել՝ լսելու թատրոնի աշխատակիցների բողոքը»:

Քանի որ շատերն են դժգոհ ընտրության արդյունքներից, թատրոնի աշխատակիցները որոշեցին մի քանի օրից միայն կոլեկտիվի անդամներով հավաքվել և քննարկել երկու հարց. Գրավոր դիմում ներկայացնել կառավարման խորհրդին, որ դեմ են Նազենի Ղարիբյանի պաշտոնավարմանը, և քննարկել թատրոնի երկու ներկայացուցիչներին կառավարման խորհրդից հետ կանչելու ու նոր ընտրություններ անցկացնելու հարցը:

Հարություն Արզումանյանն էլ խոսելով այն մասին, որ Նազենի Ղարիբյանի Կառավարաման խորհրդի նախագահ ընտրվելու հաջորդ օրը Կոնստանտին Օրբելյանը Նազենի Ղարիբյանի դեմ հայցով դիմել է դատարան, ասաց, որ սպառվում էր 2 ամիս ժամկետը, որի ընթացքում Օրբելյանը հնարավորություն ուներ դատարան դիմելու և իր իրավունքները պաշտպանելու:

«Օրբելյանը դիմել է դատարան այն հայցով, որ նախ Նազենի Ղարիբյանն իրավունք չունի պաշտոնը զբաղեցնել, և նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը անօրինական են, և երկրորդ հարցը, որ որոշումը Նազենի Ղարիբյանի՝ Օրբելյանին պաշտոնից ազատելու, անօրինական է, քանի որ ներկայացված փաստարակները չեն համապատասխանում իրականությանը: Օրբելյանը ուներ երեք տարվա պայմանագիր և ապօրինի ձևով ընդհատվել է այդ պայամանագիրը»:

Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները զայրացած են, քանի որ պնդում են, որ Նազենի Ղարիբյանի պատճառով երկար տարիներ միասին աշխատած մարդիկ այսօր իրար դեմ են դուրս եկել և խաթարվել է թատրոնի բնականոն կյանքը: Նրանց պահնաջը մեկն է՝ Նազենի Ղարիբյանի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: