Հայերեն   English   Русский  

Brexit-ի բերած, brexit-ի տարած․ Թերեզա Մեյի հրաժարականի հետքերով


  
դիտումներ: 733

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետի՝ Թերեզա Մեյի կարիերան անփառունակ վախճան ունեցավ։

2016-ին Brexit-ի ալիքի վրա իշխանության եկած Մեյը նույն Բրեքսիտի պատճառով էլ թողնում է պաշտոնը։ Նրան դիմավորում էին որպես նոր «երկաթյա լեդի», ճանապարհում են թվային տիրույթում ծավալվող ծաղրուծանակով ու քննադատությամբ։ Նա հեռանում է՝ թողնելով խորապես երկատված հասարակություն և քաղաքական էլիտա։

Հունիսի 7-ից նա կդադարի լինել Պահպանողական կուսակցության նախագահը, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, մինչև կուսակցությունը նոր առաջնորդ կընտրի։ Կուսակցության և երկրի առաջնորդի պաշտոնի համար արդեն իսկ 20 հավակնորդներ։ Օրենքի համաձայն՝ կուսակցության առաջնորդությանը կարող է հավակնել կուսակցության պատգամավորներից յուրաքանչյուրը, որն ունի առնվազն երկու այլ պատգամավորի աջակցությունը։

Բրիտանական քաղաքական մշակույթի համաձայն Մեյը դեռ վաղուց պետք է հրաժարական տված լիներ, դեռ 2019-ի հունվարին, երբ Համայնքների պալատը պատմության մեջ չլսված մեծամասնությամբ մերժեց վարչապետի ներկայացրած համաձայնագիրը ԵՄ-ից դուրս գալու մասին։

Այս ընթացքում տարբեր շրջանակներում բազմից է քննարկվել, թե ինչու Մեյն այդքան ձգձգեց հրաժարականը։ Վարկածները տարբեր են՝ աթոռից կառչած լինելու հանգամանից մինչև Պահպանողական կուսակցությունը պառակտումից փրկելու ջանքեր, Brexit-ն իրագործելու առաքելության զգացում և այլն։

Պաշտոնավարումը՝ վերելքից մինչև անկում

Թերեզա Մեյը բարձրագույն քաղաքական պաշտոնին ձգտել է շուրջ 40 տարի։ Եվայդ ճանապարհը դյուրին չի եղել։ 29 տարեկանում նա ընտրվել էտարածքային խորհրդի պատգամավոր Լոնդոնի հարավ-արևմուտքում։ Պատգամավոր ընտրվելու առաջին երկու փորձերը ձախողվում են, երրորդը հաջողվում է 1997-ին։

Եվս հինգ տարի անց նա դառնում է պահպանողական կուսակցության նախագահ։

Թերեզա Մեյը ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը 2016-ին, երբ Դեյվիդ Քեմերոնը Brexit-ի մասին հանրաքվեից հետո հրաժարական տվեց․ նա ԵՄ անդամակցությունը պահպանելու և նոր համաձայնագիր կնքելու կողմնակից էր։ Քեմերոնի հրաժարականից հետո Մեյը, որը 2012-ից զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը, առաջադրվեց կուսակցության առաջնորդի, բնականաբար նաև վարչապետի աթոռի համար։

Ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ Մեյին մեղադրել է այն բանի համար, որ նա չունի համաժողովրդական աջակցություն, քանի որ գործադիրի ղեկավարումը ստանձնել է հանգամանքների բերումով, ոչ թե ընտրությունների արդյունքում։ Իր քաղաքական դիրքն ամրապնդելու համար Մեյը Համայնքների պալատի արտահերթ ընտրություններ նախաձեռնեց, որոնցում ձախողվեց․ եթե նախկինում պահպանողականները խորհրդարանում ունեին բացարձակ մեծամասնություն, ապա այս անգամստիպված եղան կոալիցիա կազմել՝ խորհրդարանում որոշիչ քվե ունենալու և իշխանություն ձևավորելու համար։

Մեյի առաջնային և հիմնական խնդիրն էր ապահովել երկրի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։ Այդ նպատակով անգամ հատուկ նախարարություն ստեղծվեց։ Մեյը բրիտանացիներին խոստացավ բանակցությունների արդյունքում հասնել «երկրի համար հնարավորինս ձեռնտու պայմանների», բայց խոստումն իրագործել չկարողացավ։

Սկզբում Մեյը առաջ էր մղումեվրոպական շուկայից և Մաքսային միությունից դուրս գալու քաղաքականությունը։ Սակայն ԵՄ-ի ճնշման ներքո ստիպված եղավ որոշակիորեն խմբագրել իր վարած քաղաքականությունը։ Արդյունքում նա խսիտ քննադատության արժանացավ ԵՄ-ին դեմ պահպանողականների կողմից․ նրանց կարծիքով Մեյի ներկայացրած համաձայնագիրը չի ապահովում Մեծ Բրիտանիայի ինքնուրույնությունը առևտրատնտեսական ոլորտում։ Մեյի գործողությունների ու քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով պաշտոնը թողեցին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը և Բրեքսիտի նախարար Դեյվիդ Դեյվիսը։ Իսկ ԵՄ-ի կողմից հաստատված Brexit-ի ծրագիրը դժգոհություններ առաջացրեց ինչպես պահպանողականների, այնպես էլ ընդդիմադիր Լեյբորիստների մոտ։ Դժգոհությունների հիմնական պատճառն այն էր, որ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցի որոշումը թողնված էր 2020-ին։

Երբ Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ դեմ քվեարկեցին Brexit -ի համաձայնագրին, ԵՄ-ն ստիպված եղավհետաձգել Brexit-ի վերջնաժամկետը մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը։

2019-ի մարտի վերջին անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ԵՄ անդամակցության պահպանման կողմնակիցների 80 տոկոսը կարծում էր, որՄեյը սխալ քաղաքականություն է վարում, ուշագրավ է, որ նույն կարծիքն ունեին նաև Brexit-ի կողմնակիցների 80 տոկոսը։

Անվստահության քվե՝ կուսակիցներից և ընդդիմադիրներից

Դժգոհ լինելով Մեյի վարած քաղաքականությունից և Brexit-ի շուրջ բանակցությունների ընթացքից, 2018-ի դեկտեմբերին նրա կուսակից խորհրդարանականները նախաձեռնեցին քվեարկություն իրենց խմբակցությունում՝ վարչապետին անվտահություն հայտնելու համար։ Քվեարկության արդյունքում Մեյը կարողացավ պահպանել իր աթոռը, սակայն հայտարարեց, որ չի առաջադրվելու 2022-ի խորհրդարանական ընտրություններում։

Իսկ 2019-ի հունվարին համաձայնագրի ձախողումից հետո Լեյբորիստական կուսակցությունընախաձեռնեց Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց կառավարությանը ևս մեկ անգամ վստահելուն։

Մեյի ռեկորդները

Վարչապետի պաշտոնը ստանձնելիս Թերեզա Մեյի ռեյտինգը բավականին բարձր էր։ 2017-ի ապրիլին Թերեզա Մեյը դարձավ ամենաժողովրդական վարչապետը վերջին 40 տարվա ընթացքում։ Այն ժամանակ նրա գործունեությանը կողմ էին արտահայտվում հարցվածների 61 տոկոսը /համեմատության համար նշենք, որ Մարգարետ Թետչերի ամենաբարձր ցուցանիշը եղել է 48 տոկոսը/։

Ընտրություններից հետո, սակայն, Մեյի ռեյտինգը կտրուկ նվազեց։ Նրան Կառավարության ղեկավարի պաշտոնում տեսնում էր հարցվածների 34 տոկոսը։ Իսկ արդեն 2019-ի մայիսի տվյալներով պահպանողական կուսակցությունը վայելում է բրիտանացիների ընդամենը 19 տոկոսի աջակցությունը։ Սա կուսակցության պատմության մեջ արձանագրված վատագույն արդյունքն է։

Մեյի վարչապետության ընթացքում արձանագրվել են ռեկորդային թվով պաշտոնակնկություններ գործադիրում։ Այս երեք տարիների ընթացքում կառավարության 36 պաշտոնյաներ են հրաժարական ներկայացրել՝ համաձայն չլինելով նրա վարած քաղաքականության հետ։ Մինչ այս ռեկորդակիրը լեյբորիստ Թոնի Բլերն էր, որի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում կառավարության 29 անդամ էր հրաժարական ներկայացրել։

Նշենք, որ Մեյի պաշտոնավարումն էլ վարչապետի դերում ՄԹ-ում ամենակարճերից է՝ ընդամենը երեք տարի։

Մեյի օրոք տեղի ունեցած փոփոխությունները

2016-ի հուլիսից կանանց թույլատրվեց ներգրավել ծառայության բոլոր տեսակի ռազմական ստորաբաժանումներում, այդ թվում և ռազմական առաջադրանքներ իրականացնող ստորաբաժանումներում։

2018-ին Լոնդոնում և Մանչեստերում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը փոփոխվեց։ Բացի այն, որ դրանով ընդլայնվեցին ոստիկանության լիազորությունները, խստացվեց սահմանային հսկողությունը, խիստ պատիժ է սահմանվել նաև ահաբեկչությունը խրախուսելու համար․ նման բովանդակություն պարունակող նյութերի տարածման համար նախատեսվում է մինչև 15 տարի ազատազրկում։ Իսկ երկրի Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի համաձայնությամբ կարող է երկրի սահմաններից դուրս տարածքներ սահմանել, որտեղ ահաբեկչության վտանգի պատճառով չպետք է գտնվեն այդ երկրի քաղաքացիները։ Արգելքը խախտած բրիտանացիներին կսպառնա մինչև 10 տարի ազատազրկում։

Մեյի իշխանավարման տարիներին բարձրացել է նաև նվազագույն վարձատրությունը մեկ ժամի համար, իսկ առաջին անգամ անշարժ գույք ձեռք բերողները ազատվում են հարկերից, եթե գործարքը 200 հազար ֆունտից պակաս արժողություն ունի։

2018-ի հունվարին Մեյը բարձրաձայնեց երկրում միայնակ մարդկանց խնդիրների մասին կառավարության մակարդակով։ Իսկ նույն տարվա հոկտեմբերին երկրում միայնության դեմ պայքարի ռազմավարություն ներկայացվեց, որը ենթադրում է հատուկ միայնակ մարդկանց համար ակումբների, սրճարանների հիմնում, որտեղ նման մարդիկ կարող են շփվել։ Ռազմավարության իրագործման համար հատկացվել է 1,8 մլն ֆունտ ստեռլինգ։

Brexit-ը Մեյի հրաժարականից հետո

Վերլուծաբանների կարծիքով՝ Մեյի հրաժարականից հետո Brexit-ի ճակատագիրը մեծապես կախված է նրանից, թե ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը։ Ամենայն հավանականությամբ կընտրվի ավելի կոշտ դիրքորոշում ունեցող անձ, որի պարագայում մեծ է հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան ի վերջո կարող է դուրս գալ ԵՄ-ից առանց որևէ համաձայնագրի։

Մինչդեռ, եթե կառավարություն կազմեն ավելի մեղմ Brexit-ի կողմնակիցները, հնարավոր կլինի ԵՄ-ից դուրս գալը որոշ ժամանակով հետաձգել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: