Հայերեն   English   Русский  

Իրանցի Փայամը, հայոց լեզուն և տատիկի հեռուստացույցը


  
դիտումներ: 738

Երևանյան նորաբաց սրճարաններից մեկում՝ «Լեո»-ում, երիտասարդ, տարբերվող արտաքինով բարմենը մոտենում է և հայերենի ոչ վարժ առոգանությամբ պարզաբանում ճաշացանկի հետ կապված մի հարց։

«Սիրիահա՞յ եք»,-հարցնում եմ։

«Ոչ»,-պատասխանում է լայն, գեղեցիկ ժպիտով։

«Բայց Սփյուռքից եք»,-շարունակում եմ։

«Ոչ, ես հայ չեմ, պարսիկ եմ»,-ասում է։

«Շատ լավ եք խոսում հայերեն»,-շփոթված արձագանքում եմ։

«6 ամսում եմ սովորել»,-ասում է նա։

***

Փայամ Դեհկորդին Իրանից Հայաստան էր եկել, որպեսզի այստեղից մեկներ Գերմանիա։ Որոշել էր փոխել կյանքը, նոր գործ ձեռնարկել, ճանաչել աշխարհը։ Սակայն մի քանի ամիս Երևանում մնալուց հետո հրաժարվում է Եվրոպա գնալու մտքից․ «Իսկ ինչո՞ւ չմնալ Հայաստանում և այստեղ գործ չձեռնարկել»,- մտածում է, որոշում կայացնում և սկսում հայերեն սովորել։

Ուսուցչի հետ մի քանի ամիս պարապելուց հետո գրել-կարդալ է սովորում, իսկ խոսել սովորում է առօրյա շփումներից։ Ասում է՝ իրանցիների համար հայերեն սովորելը հեշտ է։

«Հայերենը քաղցր լեզու է։ Բացի դա, ես չգիտեմ՝ ուրիշ տեղ տենց է, թե չէ, էստեղ ժողովուրդը շատ է ուզում, որ դու սովորես իր լեզուն։ Եթե մի բան սխալ ես ասում, միանգամից ուղղում են, և դա շատ է օգնում»։

Հայերենի մեջ հետաքրքիր բառեր ու արտահայտություններ կան, որոնք պարսկերենում էլ կան։ Օրինակ՝ «կյանքս կերար» արտահայտությունը իրենք էլ ունեն, բայց հնչում է հետևյալ կերպ․ «Արի ինձ կեր»։

***

Նորաբաց «Լեո» սրճարան-ռեստորանը, որտեղ հանդիպեցի Փայամին, գտնվում է Իսահակյան 30/1 հասցեում։

Փայամ

Ինքն ու եղբայրն են հիմնադրել։ Եղբայրը նույնպես Հայաստան է տեղափոխվել Փայամի առաջարկով։

Սրճարանի ժամանակակից, գեղեցիկ ինտերիերի հեղինակները նույնպես իրենք են։

«Եղբայրս ճարտարապետ-ինժեներ է, ես՝ էլեկտրոնիկ-ինժեներ»,-ասում է Փայամը։

«Լեո»-ում ամեն ինչ յուրահատուկ է, խնամքով և կրեատիվ ձևով ընտրված, ինչը միջավայրը դարձնում է յուրահատուկ ու հաճելի։ Ինտերիերի ինքնատիպ բաղադրիչներից է գրապահարանը, որտեղ Հայկական սովետական հանրագիտարանի հսկա հատորներն են։ Ասում է՝ հանրագիտարանը ձեռք են բերել 400 դոլարով։

Փայամ

Աստիճաններով ներքև իջնելիս Փայամը մի պահ կանգ է առնում ու ցույց տալիս հին, պահարանի մեջ ներկառուցված հեռուստացույցը․ տատի առաջին հեռուստացույցն է (հավանաբար 50-60-ական թվականների), Իրանից Հայաստան է տեղափոխել հատուկ սրճարանի ինտերիերի համար։

«Լեո»-ի խոհանոցը բազմազան է։ Այս պահին կան և՛ արևելյան, և՛ եվրոպական ուտեստներ, նաև հայկական խորոված, սպաս և այլն։

«Մենք ուզում ենք ինթերնեշընըլ խոհանոց ստեղծել։ Նաև գինու փոքրիկ մառան ունենք, շուրջ 50 տեսակի գինի կա՝ հայկական, իտալական և այլ երկրներից։ Բայց մի խնդիր կա, այստեղ մարդիկ այնքան էլ չեն սիրում նոր բաներ փորձել։ Գալիս են, նստում ու հարցնում՝ խինկալի ունե՞ք։ Ախր սա խինկալիի տեղ չի»,-ծիծաղում է Փայամը։

Հայաստանում մի հետաքրքիր բան էլ է նկատել․ մարդիկ անցնում են, նայում, բայց կարծես ռիսկ չեն անում մտնել, հետաքրքրվել, թե ինչ նոր տեղ է։

Փայամ

«Խնդիր չի, եթե մարդը մտնի, ասի՝ ես ուղղակի ուզում եմ ծանոթանալ, չեմ ուզում բան պատվիրել, ամեն տեղ էլ այդպես է, բայց մարդիկ այստեղ ոնց որ թե վախենում են ներս մտնել ու ոչինչ չպատվիրել»։

***

Երևանում կյանքն ազատ է, ուրախ, հետաքրքիր, բայց բիզնեսի առումով՝ բավականին բարդ։ Իրանցի գործարարը կարծում է, որ պետական կառույցները օտարերկրացիների հետ պետք է այլ ձևով աշխատեն։

«Բիզնես դնելն այստեղ շատ դժվար է։ Մենք փող ենք բերել, հարկեր ենք վճարում, ուզում ենք աշխատել, չենք ուզում սխալներ անել, բայց մեզ էլ պետք է հասկանան, օգնեն։ Օրինակ, Երևանի քաղաքապետարանից, հարկայինից գալիս են, ասում են՝ այսինչ բանը սխալ է, այնինչ բանը սխալ է, ասում ենք՝ շատ լավ, խնդիր չկա, մենք տեղացի չենք, ամեն բան լավ չգիտենք, կուղղենք սխալները, բայց մեկ է, տուգանում են, գնում»։

Պետական կառույցների հետ շփումից բացի, կան նաև ներքին խնդիրներ։

Փայամ

Օրինակ՝ սրճարանի տարածքը, որը վարձակալել են, իրենք են հիմնովին նորոգել, մոտ 150 հազար դոլար ծախսել հիմնանորոգման, կահավորման և այլ ծախսերի համար։ Ի սկզբանե գլխավոր նպատակը եղել է լուրջ խոհանոցով «սթեյք հաուզ» բացելը։ Վերանորոգումից, կահավորումից հետո պարզել են, որ օրինակ, խոհանոցի օդափոխության համակարգը լավ չի աշխատում, հետևաբար լուրջ խոհանոց ունենալն անհնար է։ Տարածքի սեփականատերը խոստացել է մեկ ամսում խնդիրը լուծել, բայց արդեն չորրորդ ամիսն է՝ խնդիրը լուծված չի։ Արդյունքում եկամուտն այնքան էլ մեծ չէ, սակայն վարձավճարը, որը բավականին բարձր է, պարտավոր են ամեն ամիս վճարել, չհաշված հսկայական ներդրումը, որն արդեն արվել է։

«Ստիպված մենյուն ամբողջովին փոխեցինք, մինչև տեսնենք ինչ կլինի։ Սա լուրջ խնդիր է։ Եթե մի տեղ կարող են այսքան հեշտությամբ խաբել, ինչպե՞ս կարող է բիզնեսը զարգանալ․․․»։

Այնուամենայնիվ, Փայամը հույս ունի, որ խնդիրները կլուծվեն, և իրենց հիմնած բիզնեսը կաշխատի, քանի որ չեն ուզում Հայաստանից գնալ։

Փայամին դուր է գալիս Երևանը, ասում է՝ շատ հանգիստ, գեղեցիկ քաղաք է։ Առաջին շփումը տեղացիների հետ նույնպես դրական է․ մարդիկ բարի են, պատրաստակամ։

«Բայց ամենալավ բանն այստեղ ազատությունն է»,-ասում է նա։

«Եվրոպայի՞ց էլ»,-ծիծաղում եմ։

«Այո, շատ հարցերում այստեղ ավելի ազատ է։ Առաջ, երբ ուզում էի Եվրոպա գնալ, շատ եմ ուսումնասիրել»,-ասում է Փայամը։

Չնայած խոսեց նաև խնդիրների մասին, սակայն խնդրում է, որ նյութը լինի ոչ թե տխուր շեշտադրումներով, այլ դրական և հուսադրող․ չէ՞ որ, անկախ ամեն ինչից, իրենք դրական են տրամադրված և վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու։






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     28.05.2019 Իրանցի ձեռնարկատերը, ինչպես նաեվ բոլոր նորեկ գործարարները (մանավանդ որ հայերենը չգիտեն, կամ հայերենը չեն տիրապետում) հարկավոր է ձեռնարկության գոնե սկզբնական շրջանում հարկային խորհրդատվությունից օգտվեն: Երդված խորհրդատուն, ի միջի այլոց, աուդիտի պատասխանատվություն է կրում եվ հարկային խնայողությունների առաջարկություններ անում:
Բնական է նաեվ, իրենց պարտականությունից ելնելով, հարկային գործակալությունը խստապահանջ լինի, ինչպես իրենց մյուս գործակիցները աշխարհի բոլոր ծայրերում:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: