Հայերեն   English   Русский  

Գյուղն ու մարդը՝ նկարչուհի Մարիամ Գալստյանի աչքերով․ բացվել է «Հայացք ներսից» ցուցահանդեսը


  
դիտումներ: 1529

Մինչև մայիսի 30-ը արվեստասեր հասարակությունը կարող է առնչվել նկարչուհի Մարիամ Գալստյանի արվեստին․ Նկարիչների միության շենքում գործում է «Հայացք ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մարիամի աշխատանքներից 119-ը։ Սա երիտասարդ նկարչուհու 5-րդ անհատական ցուցահանդեսն է։

Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանի խոսքով՝ իսկական արվեստագետները երկու ես ունեն՝ երկնայինը և երկրայինը, որոնց պայքարի արդյունքում էլ ծնվում են արվեստի գործերը։ Իգիթյանը նշում է, որ այդպիսին են նաև Մարիամի աշխատանքները՝ ծնված ներքին կռվի արդյունքում։

«Տարիներ առաջ, երբ ծանոթացա Մարիամի աշխատանքներին, հասկացա, որ նա իսկական ստեղծագործող է։ Քիչ գործող նկարիչներ գիտեմ, որոնք Մարիամի պես հզոր գծի կուլտուրա ունեն։ Նա կարող է մատիտը դնել թղթին և առանց թղթից կտրվելու կերպար ստեղծել, դա հատուկ շնորհք է»,- ասում է Իգիթյանը՝ հավելելով, որ շատ նկարիչներ իրենց ստեղծագործական ճանապարհն ավարտում են այն մակարդակում, որից Մարիամն իր ճանապարհն է սկսել։

«Պատասխանատու բան եմ ասում, բայց այդպես է։ Գործեր ունի, որոնք այսօր կարելի է Եվրոպայի ցանկացած թանգարանում կախել»,- ասում է նա։

Մարիամ Գալստյան

Անահիտ ցուցասրահի հիմնադիր տնօրեն Անահիտ Կորյունի խոսքով՝ Մարիամի աշխատանքներից հատկապես ուշագրավ են ինքնանկարները։ «Դրանց միջոցով նրա ողջ ստեղծագործական ներուժն ու յուրօրինակ մտածողությունն է բացահայտվում։ Մարիամն իր սերնդակիցներից տարբերվում է ոչ միայն մտածողությամբ, այլ նաև մեծ աշխատասիրությամբ»,- ասում է նա՝ հավելելով, որ աշնանը Մարիամը կունենա ևս մեկ անհատական ցուցահանդես։

«Ուզում եմ ներկայանալ այնպիսին, ինչպիսին կամ՝ պարզ աղջիկ Ներքին Գետաշեն գյուղից։ Չեմ կարող գալ, մտնել բոլորի սենյակները և բոլորի թաքուն մտքերն ակնհայտ դարձնել։ Բայց կարող եմ բացել այն դռները, որ իմ ներսում են»,- ասում է Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով իր աշխատանքները։

Մարիամ Գալստյան

Անդրադառնալով ցուցահանդեսի խորագրի ընտրությանը՝ Մարիամն ասում է, որ իր կտավներում հիմնական գործող անձը մարդն է։ «Քանի որ մարդն ինքն իրենից լավ մեկ ուրիշին չի կարող ճանաչել, ես փորձում եմ ինձ ճանաչելով, իմ ներսում խորանալով ճանաչել մարդու այն կողմերը, որոնք, որևէ կերպ սոցիալիզացված չլինելով, փակ են մնում իր համար»,- ասում է նա։

Պատմելով շարքի ստեղծման նախապատմությունը՝ Մարիամն ասում է, որ երեք տարի գրասենյակային աշխատանքով է զբաղվել՝ հրաժարվելով արվեստից։ «Ինքս ինձ խաբել էի, որ կարողանալու եմ շարունակել, ինչպես կլինի առանց աշխատանք։ Արդյունքում այդ երեք տարիներին զրկված էի արվեստից, քանի որ երբ նկարում եմ քիչ, նույն բանն է, որ չեմ նկարում։ Երեք տարի ներսումս առկա էներգիան ինձ հանգիստ չէր տալիս,- ասում է նա։-Ամեն մարդ իր ռուբիկոնին հանդիպելու ժամանակն ունի։ Ես անցած տարի հանդիպեցի այդ ռուբիկոնին, երբ ընտրության առաջ էի կանգնած՝ կամ թողնում եմ արվեստը, կամ նկարում եմ։ Ես որոշեցի, որ ես գնում եմ նրա հետևից, ինչը հարազատ է իմ սրտին, որ գնում եմ մինչև վերջ և չեմ դժգոհում դժվարություններից»։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մի մասը նկարված են միայն սև մարկերով։ Մարիամի խոսքով՝ այդպիսով պատմել է իր անկումային տրամադրությունների ու ինքն իրեն վերագտնելու պատմությունը։

«Այս շարքը նկարել եմ գյուղում, այստեղ գյուղի իմ ընկալումն է։ Դրսի աչքը գալիս, տեսնում է սիրուն պեյզաժներ, նկարում ու հեռանում է։ Ես չեմ ուզում նկարել այն, ինչն արտաքինն է, ինչը տեսանելի է, այս ամենը տեսնելու համար պետք է աշխարհին նայել իմ աչքերով»,- ասում է նա։

Մարիամ Գալստյան

«Ես ուզում եմ խոսել գյուղից , որը չի սահմանափակվում վերջինիս օտար ու նաև հասկանալ չձգտող էտյուդիստի նկարներում, վաղուց արդեն գործածությունից դուրս եկած գյուղի ազգային կերպարում ՝ խնոցի, հացատան կավածեփ պատեր, պղնձե ղազաններ և այլն: Իմ աչքերի մեջ իմ իրականությունն է, պարզ մարդկային կենցաղը, ընտանիքն ու առօրյա հոգսերը, որ ամեն օր աչքերիս ներսում են կուտակվում՝ ապրելով հենց այնտեղ, այն իրականությունում, որը ցույց եմ տալիս հայացքից ներս: Եվ կարևորն այն է ,որ ես մտացածին կոմպոզիցիաների կամ հորինված գյուղական տեսարանների կարիք չունեմ: Այդ ամենը տարիներով կուտակվել է աչքերիս խորքում ու նկարներում չի առանձնանում իմ սեփական ես-ից»:

Հարցին, թե ինչն է մոտիվացնում իրեն ստեղծագործել այնպիսի իրականությունում, որտեղ արվեստն ու արվեստագետը գնահատվախ չեն, Մարիամը նշում է, որ այլ ելք չունի՝ չի կարող և չի ուզում չստեղծագործել։

«Սա իմ ներքին վայրի ու անսանձ սերն է, որ ակնհայտ աչքի է զարնում նկարներում»,- ասում է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է գրաֆիկական աշխատանքներին նախապատվություն տալիս՝ Մարիամն ասում է․ «Գրաֆիկան իր արտահայտչամիջոցներում ինձ համար ֆանտաստիկ հնարավորությունների տիրույթ է ՝գծային ու գունային ամենատարբեր հնարավորությունների բազմազանությամբ: Նկարագրելը դժվար է թե որքան ազատ եմ ինձ զգում այդ տիրույթում»: Խոսելով իրողության մասին, որ շուկայում ավելի շատ պահանջված է գեղանկարը, Մարիամն ասում է, որ իր նպատակը շուկան չէ և միաժամանակ վստահություն հայտնում, որ շուկան ի վերջո կվերանայի իր չափորոշիչները, երբ կհասկանա, որ արժանի արվեստագետի հետ գործ ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: