Հայերեն   English   Русский  

​Հայաստանում գոյություն ունե՞ն անցումային արդարադատության ներդրման նախադրյալներ


  
դիտումներ: 1271

Պատմականորեն անցումային արդարադատությունը հաջորդել է կա՛մ ողբերգական դեպքերին, կա՛մ ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմների կողմից մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներին:

Եթե ուսումնասիրենք բոլոր այն երկրները, որտեղ ներդրվել է անցումային արդարադատությունը, ապա կտեսնենք, որ այդ երկրներում անցումային արդարադատությունն արտահայտվել է տարբեր եղանակներով: Չկա անցումային արդարադատության կիրառման այնպիսի ունիվերսալ եղանակ, որը համապատասխանի որոշակի երկրի և հասարակության առանձնահատկություններին և պահանջմունքերին:

Ժամանակային առումով, որպես կանոն, անցումային արդարադատությունը ներառում է որոշակի պատմական ժամանակաշրջան և իրականացվում է դրա ավարտից հետո։ Օրինակ՝ Արևելյան Եվրոպայի երկրներում անցումային արդարադատությունը ներառել է Սովետական Միության փլուզումից հետո սովետական գաղութացման ժամանակաշրջանը, Աֆրիկյան երկրներում՝ ապարտեիդի ժամանակաշրջանը և այլն։

Անցումային արդարադատության իրականացման նպատակը հասարակության հաշտեցումը և իրավունքի գերակայության հաստատումն է, իսկ այս նպատակների բացակայության դեպքում կա՛մ այդ ինստիտուտը դառնում է ինքնանպատակ, կա՛մ ծառայում է որպես վրեժով պայմանավորված պատժի գործիք: Երկու դեպքում էլ այն կարող է ավելի խորացնել հասարակության վերքերն ու ստեղծել իրական կոնֆլիկտային վիճակ։

Տրամաբանական է, որ իրավունքի գերակայության հաստատման անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի դրա դեֆիցիտով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2004 թվականի «Իրավունքի գերակայությունը և անցումային արդարադատությունը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային հասարակություններում» վերտառությամբ զեկույցում բացահայտվում է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Ըստ այդմ՝ իրավունքի գերակայությունը կառավարման այնպիսի սկզբունք է, որի համաձայն՝ բոլոր անձինք, պետական և մասնավոր հաստատություններն ու կառույցները, այդ թվում նաև պետությունը, գործում են հանրորեն ընդունված օրենքների համաձայն, իսկ այդ օրենքները հավասարապես կիրառվում են դատական մարմինների կողմից և համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին:

Վերոնշյալ ձևակերպումից ելնելով՝ կարելի է պնդել, որ իրավունքի գերակայության սկզբունքի բացակայության մասին կարելի է խոսել, երբ օրենսդրական դաշտը խեղաթյուրված է, պարունակում է անհավասար՝ խտրական մոտեցումներ հասարակության տարբեր շերտերի և խմբերի նկատմամբ կամ ունի այլ խորը հակասություններ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական ակտերի հետ:

Ակնհայտ է, որ հայաստանյան օրենսդրությունը, չլինելով կատարյալ, այնուամենայնիվ հիմնականում համապատասխանում է մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին և միջազգային իրավարար փաստաթղթերով սահմանված չափանիշներին։ Ինչ վերաբերում է հիշատակված իրավունքների դատական պաշտպանությանը, ապա չպետք է մոռանալ, որ ներպետական դատական համակարգը կաշկանդված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետագա դատական քննությամբ, ուստի անգամ ներպետական դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը չի դարձնում իրավունքի պաշտպանությունն անհնարին, իսկ պետությանը չի ազատում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարումից։

Հայաստանում առկա իրավիճակի վերլուծության և անցումային արդարադատության սկզբունքների ու նպատակների հետ դրա համադրության հիման վրա հարց է առաջանում. միթե՞ հնարավոր չէ ներկա օրենսդրական կարգավորումների միջոցով հասնել իրավունքի գերակայության սկզբունքի հաղթանակին և հասարակությանը վերջապես նվիրել այնքան սպասված իրավական պետությունը։ Մանավանդ որ դա ոչ միշտ է ենթադրում ակտիվ գործողությունների կատարում:

Այսպես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2015 թվականի թիվ 18 կարծիքի 7-րդ բաժնի բ. կետի «Գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից քննադատությունը» մասում ասվում է. «…Հստակ սահմանագիծ կա, մի կողմից, արտահայտման ազատության և լեգիտիմ քննադատության միջև և մյուս կողմից՝ դատական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու անհարկի ճնշումների միջև: Քաղաքական գործիչները և պետական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է կիրառեն պարզեցված կամ դեմագոգիայի հասնող փաստարկներ դատական իշխանությանը քաղաքական քարոզարշավների ժամանակ քննադատելու համար կամ որպեսզի շեղեն ուշադրությունն իրենց թերացումներից»:

Համադրելով ասվածը մեր երկրում առկա իրավիճակի հետ՝ կարելի է պնդել, որ քաղաքական իշխանությունը նախևառաջ պետք է ձեռնպահ մնա դատական իշխանության գործերին միջամտելուց, դատական իշխանությանն անհարկի նվաստացնելուց, պարզունակ քննադատությունից և նման միջոցներով հասարակությանը սեփական գործունեության թերություններից շեղելուց։

Ասվածը բնավ չի ենթադրում, որ դատական իշխանությունն անշեղորեն, առանց թերացումների կատարում է Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված պարտականությունները, ավելին, կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել խորքային և համակարգված բարեփոխումներ, սակայն ոչ թե նոր՝ ավելի ձեռնտու դատարաններ ունենալու, այլ դատական իշխանության անկախությունն ամրապնդելու, դատավորների սոցիալական պաշտպանության երաշխիքներն ավելացնելու, դատարանների աշխատանքի կազմակերպչական մոտեցումները փոփոխելու, թափանցիկությունն ավելացնելու, դատարանները բեռնաթափելու, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և իրականացման, ինչպես նաև դատավորի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման մեխանիզմները վերանայելու և այլ միջոցներով։

Ամփոփելով վերոշարադրյալը, կարծում ենք, որ անցումային արդարադատությունը համարվում է կիրառելի ծայրահեղ դեպքերում, հետևաբար Հայաստանում դրա ներդրման խիստ անհրաժեշտություն չկա: Գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները և վեճերի լուծման մեխանիզմներն անցումային արդարադատությամբ փոխարինելու կամ դրանով լրացնելու համար բավարար չէ տվյալ պահի քաղաքական իշխանության կամքը, այլ անհրաժեշտ է, որ նման քայլի անհրաժեշտությունը խոր ընկալում ունենա հասարակական լայն շերտերում։ Հակառակ դեպքում անցումային արդարադատությունն իր նպատակին՝ սոցիալական համերաշխությանն ու իրավունքի գերակայությանը հասնելու փոխարեն, մի կողմից, հասարակությունը դարձնելու է կոնֆլիկտային՝ բաժանելով այն կողմնակիցների և հակառակորդների, մյուս կողմից՝ ոչնչացնելու է տարիների աշխատանքի շնորհիվ ձևավորված պետական ինստիտուտները:

Վարազդատ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: