Հայերեն   English   Русский  

Եթե վեթթինգի շուրջ քննարկումները սկսել եք մի քանի ամիս առաջ, ու մենք խաբար չենք, դա արդեն վատ է. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 211

Այսօր Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը առաջարկեց ընդիմադիր խմբակցություններին դատավորներին առաջաիկայում վեթթինգի ենթարկելու համար նախագծեր ներկայացնել Ազգային ժողով:

«Ինչպես տեղյակ եք, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է վեթթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռ ամիսներ առաջ: Այս պահին այն գտնվում է վերջնական փուլում, և այդ պատճառով ես դիմում եմ մեր գործընկերներին՝ թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ձևով ներկայացրնել առաջարկներ, այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթթինգի գործընթացը և նաև հայտնեն իրենց մտահոգությունները»,-ասաց Մակունցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց. «Տիկին Մակունց, նախ եթե ամիսներ առաջ դուք սկսել եք աշխատել դրա շուրջ, ու մենք խաբար չենք դրա մասին, արդեն վատ ուղերձ է: Այլ բան է, որ ամիսներ առաջ սկսել եք աշխատել անցումային արդարադատության շուրջ: Հիմա եթե ինչ-որ բան կա քննարկելու, պետք է խումբ ստեղծել դրա համար ու էդ խմբով աշխատել, ոչ թե աշխատել մի բանի շուրջ ու ասել՝ մենք մի բանի շուրջ աշխատում ենք, բայց եթե ունեք մտահոգություններ ու առաջարկներ տվեք: Ինչի՞ շուրջ տանք, ի՞նչ իմանանք, թե ինչ եք գրել, որ դրա շուրջ էլ առաջարկություններ տանք: Կամ պետք է ներառական աշխատանքներ տարվի, կամ սա ուղակի հայտարարություն էր, որ հետո ասեք՝ դե մենք հայտարարեցինք, բայց չեկան, ոչինչ չարեցին»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց, որ իրենք ոչ մեկի առաջ սահմանափակումներ չեն դնում ու բոլորը կարող են հանգիստ աշխատել:

«Պարոն Մարուքյան արդեն խաբար եք ու կարծում եմ՝ առաջարկներն ու քննարկումները կլինեն, որևիցե մեկը ժամկետային սահմանափակում չի դնում»,-նշեց Սիմոնյանը:

ԱԺ քառօրյան շարունակվում է: Հիշեցնենք, որ օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: