Հայերեն   English   Русский  

Ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել հետհեղափոխական 1-ին ուսումնական տարում. ամփոփում է Սերոբ Խաչատրյանը


  
դիտումներ: 816

«Հայաստանում հետհեղափոխական առաջին ուսումնական տարին շատ բուռն էր: Բնականաբար եղան բավականին ցնցումներ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս ներկայացրեց այս ուսումնական տարվա հետ կապված վիճակագրական տվյալներ:

«Կարծում եմ բոլորին հետաքրքրում է այն հարցը՝ ներգա՞ղթ եղավ, թե՞ արտագաղթ հեղափոխությունից հետո: Վիճակագրության համաձայն այս ուսումնական տարում Հայաստանից հեռացած աշակերտների թիվը 500-ով պակասել է, 2017 թվականի հետ համեմատած 6300-ից իջել է մոտ 5800: Իսկ Հայաստան վերադարձած աշակերտների թիվը 2400-ով ավելացել է՝ դառնալով մոտավորապես 4800: Չնայած աճ կա, բայց դինամիկան շարունակում է բացասական մնալ»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այս ուսումնական տարում դպրոցներում, բուհերում և այլ կրթական հաստատություններում ամենահետաքրքիր թեման եղել է տնօրենների, ռեկտորների ընտրությունը:

«Մի բան տեսանք, որ մինչև հիմա ռեկտորների և դպրոցի տնօրենների ընտրության մեխանիզմը կար թղթի վրա, բայց մինչև հիմա չէր գործարկվել: Նախկինում նախօրոք որոշում էին, թե ով պետք է պաշտոնը զբաղեցնի, հետո այդ ամեն ինչը ընտրությունով վավերացվում էր: Այս ուսումնական տարում ընտրության մեխանիզմը գործարկվեց, իհարկե իդեալական չէր, բայց կարևորը գործարկվեց: Բուհերում ընտրությունների առումով կարող ենք ասել, որ այնուամենայնիվ շարունակում են ռեկտոր ընտրվել այն մարդիկ, որ իշխանության ներկայացուցիչներ են, պարտադիր չէ, որ իշխանական թևից լինեն, բայց հիմնականում ընտրվում են նրանք, որ նախարարի կամ վարչապետի կողմից են առաջադրվում»:

Ըստ Խաչատրյանի դպրոցներում շատ հետաքրքիր զարգացումների ենք ականատես եղել այս տարի, քանի որ աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները տարբեր դպրոցներում սկսեցին բողոքել տնօրեննրի ընտրության դեմ:

«Լավ օրինակ է Ավշարի միջնակարգ դպրոցը: Պետք է նկատենք, որ տնօրենների ընտրության գործընթացում մի շարք խնդիրներ կան: Օրինակ այն, որ հավասար ձայներ հավաքած թեկնածուներից մեկին տնօրեն է նշանակում փոխվարչապետը: Հստակ չէ, թե ինչ չափորոշիչների հիման վրա է կատարվում այդ ընտրությունը: Այժմ քննարկվում է այն հարցը, որ տնօրենների ընտրության խորհրդում ոչ թե 8 հոգի ընդգրկվի, այլ 9, և ավելի շատ ձայներ տրամադրվեն ուսուցիչներին ու ծնողական խորհրդի անդամներին»:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին անդրադառնալով՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այդ քայլը ողջամիտ արարք էր, քանի որ իրավիճակը փակուղի էր մտել:

«Իրավիճակը փակուղային էր և կարծում եմ շատ ողջամիտ էր, որ ռեկտորը հրաժարական տվեց: Որովհետև լարված իրավիճակը ազդում էր բոլորի վրա, շատ մարդիկ ունեին իրենց դիրքորոշումը, բայց ճնշող մեծամասնությունը անորոշության մեջ էր, կարծում եմ ռեկտորի որոշումը ճիշտ էր»:

Ըստ փորձագետի՝ ԵՊՀ-ում սպասվում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ էլ կորոշվի, թե ով է լինելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Նիստը հնարավոր է տեղի ունենա հենց այս շաբաթ:

9-րդ դասարանցիների քննությունը հայոց լեզու առարկայից միասնական դարձնելը Խաչատրյանը անտեղի է համարում, քանի որ եթե այդ ձևով նախարարությունը ցանկանում է ստուգել աշակերտների իրական գիտելիքները և ուսուցիչների արդյունավետ աշխատանքը, միևնույն է ընդհանուր պատկեր չի ստանալու:

«9-րդ դասարանցիների քննությունը միասնական դարձնելով մենք միայն խթանում ենք կրկնուսույցների աշխատանքի, մասնավոր պարապմունքների ավելացմանը: Աշակերտները քննությունները բարեհաջող տալու համար դիմելու են կրկնուսույցի օգնությանը, և այդպես էլ մենք չենք հասկանալու, թե որ դպրոցի ուսուցիչներն ու տնօրեններն են լավ աշխատում: Ամենաօպտիմալ հաշվարկներով կարծում եմ աշակերտների 30 տոկոսը անբավարար է ստանալու 9-րդ դասարանի հայոց լեզու առարկայի միասնական քննության ժամանակ»:

Անդրադառնալով ներառական կրթության խնդրին Խաչատրյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է Երևանի դպրոցները դարձնել ներառական, սակայն այստեղ ևս խնդիրների պակաս չկա:

«Ներառական խնդիրներով աշակերտների մեկ երրորդը Երևանում է սովորում: Այստեղ փակվելու են 4 հատուկ գիշերօթիկ դպրոցներ, որտեղ սովորող աշակերտները տեղափոխվելու են սովորական դպրոցներ: Այստեղ էլ խնդիր կա, թե դասերից հետո ո՞ւր են գնալու գիշերօթիկում սովորողները: Ներառական կրթության հետ կապված Երևան քաղաքում կան դպրոցներ, որոնք ունեն երկար տարիների փորձ ու փորձով փոխանակվելու են մնացած դպրոցների հետ: Սակայն այս հարցի շուրջ տեսակետները տարբեր են: Մարդկանց երկու խումբ կա, որ դեմ են ներառական կրթությանը. Ծնողները, որ չեն ցանկանում իրենց երեխան սահմանափակ կարողություններով այլ երեխաների հետ նույն դասարանում սովորի և ուսուցիչները, որ պատրաստ չեն այդ ծանր աշխատանքին, քանի որ լուրջ փորձաշրջան պետք է անցնեն»:

Խաչատրյանը նշում է, որ բացի այս խնդիրներից, դպրոցների հագեցվածությունն ու շենքային պայմաններն էլ են խոչընդոտ հանդիսանում ներառական կրթության համար:

«Հայաստանում կա 1400 դպրոց, որից 400-ը հիմնանորոգման կարիք ունի: Հիմա կարծեմ նախարարությանը միջազգային աջակցություն է տրամադրված, որի շնորհիվ կլուծվի սանհանգույցների, թեքահարթակների խնդիրը, բայց միևնույն է, ներառական կրթությունը դրանով չի սահմանափակվում»:

Կրթության և գիտության նախարարության միացումը Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությանը փարձագետը անթույլատրելի է համարում:

«Դժվար է Հայստանում գտնել մեկ մարդու, որ շատ լավ տիրապետում է մանկապարտեզից մինչև գիտություն ողջ մանրամասներին, էլ ուր մնաց տեղյակ լինի և կրթությունից, և գիտությունից, և սպորտից, և մշակույթից, և երիտասարդությունից: Եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ սպորտի և կրթության կապը, ապա պետք է նկատենք, որ մշակույթը կրթությունից ու գիտությունից ոչ պակաս բարդ ոլորտ է, և պետք է առանձին նախարարություն զբաղվի դրանով»:

Փորձագետը չի բացառում, որ մի քանի տարի հետո հնարավոր է միավորված նախարությունները կրկին բաժանվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: