Հայերեն   English   Русский  

Գիրք սիրող երեխա՝ ապագայի լավագույն գրավական...


  
դիտումներ: 1601

Հունիսի մեկը՝ որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, մեր օրացույցի ամենասիրված տոներից է: Այս առիթով էլ հյուրընկալվել ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Թելունցին:

-Տիկին Թելունց, սկզբում շատ հակիրճ անդրադառնանք գրադարանի առօրյային: Ի՞նչ հիմնական ուղղություններով է ծավալում իր գործունեությունը մի գրադարան, որ սպասարկում է 3-18 տարեկան երեխաների ու պատանիների:

-Ճիշտ է, գրադարանի հիմքը սպասարկումն է, բայց մենք պարզապես գիրք տվող և վերցնող հաստատություն չենք: Դրա համար սպասարկելիս անպայման հաշվի ենք առնում երեխայի տարիքային առանձնահատկություններն ու նախասիրությունները: Ամենափոքրիկները գրադարան հաճախում են ծնողների, տատիկ-պապիկների հետ: Գրադարանավարը երեխայի հետ զբաղվում է բարձրաձայն ընթերցանությամբ և նկարազարդ գրքերի ուսումնասիրմամբ: Եթե կրտսեր տարիքում երեխան հիմնականում նախընտրում է հեքիաթներ, բանաստեղծություններ, փոքրիկ պատմություններ, միջին տարիքում նա սիրում է կարդալ արկածային գրականություն, իսկ ահա պատանիները նախապատվությունը տալիս են ֆանտաստիկ, դետեկտիվ ուղղվածությամբ գրքերի:

Հմուտ գրադարանավարների ճիշտ մոտեցման արդյունքում երեխաները նաև ներգրավվում են գրադարանի զանազան աշխատանքներում: Նրանք սկսում են օգնել ոչ միայն սպասարկման գործում, այլև բազմաբնույթ միջոցառումների մասնակիցն են դառնում: Երեխաների կարծիքն ու մասնակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Գրադարանն ունի նաև թատերական ու նկարչական խմբակներ: Երեխաները, հաճախելով այդ խմբակներ, ինքնաբերաբար դառնում են գրադարանի առօրյայի մի մասնիկը:

-Ինչպե՞ս կարելի է տեղեկանալ գրադարանում կազմակերպվող միջոցառումների մասին:

-Գրադարանն ունի ՖԲ էջ, որը կարևոր է տեղեկատվության հանրայնացման առումով, բայց պակաս կարևոր չէ մեր անմիջական կապը դպրոցների հետ: Ի վերջո, օրական ամենաքիչը 3-4 դասարան ենք ընդունում, որոնց հետ տանում ենք հատուկ աշխատանք: Նրանք գրադարանի սրահներում իրենց էքսկուրսիան անցկացնելուց հետո ունենում են հեքիաթապատում, ձայնադարանում կարող են երաժշտություն լսել, տեսաֆիլմ դիտել և այլն: Այդ ամենից հետո էլ հենց նրանց ծանոթացնում ենք առաջիկա ծրագրերին, որոնց ցանկության դեպքում կարող են մասնակցել: Եվ ընդհանրապես ամեն ամիս մեզ մոտ ունի իր թեմատիկ ուղղվածությունը: Օրինակ՝ մայիս ամսվա թեման մեր մայիսյան հաղթանակներն էին: Եվ գրադարան այցելող յուրաքանչյուր խումբ, բացի էքսկուրսիայի ընթացքում նախատեսված հիմնական ծրագրից, ծանոթանում է նաև տվյալ ամսվա թեմատիկային համապատասխան ֆիլմերի, երաժշտության, հեքիաթների օգնությամբ: Մենք նաև ավանդույթ ունենք որևէ միջոցառում իրականացնելիս կապ հաստատել Երևանի բոլոր հանրակրթական դպրոցների հետ, որ նրանք ներկա լինեն որպես հանդիսատես: Նաև պատահում է, երբ որևէ միջոցառում անցկացնում ենք կոնկրետ մի դպրոցի հետ:

-Ներկայիս սերնդի մասին հնչում են խիստ հակասական կարծիքներ: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ:

-Երեսուն տարի շարունակ ես լսում եմ նույն չարդարացված կարծիքը ներկա սերնդի մասին: Բայց մենք՝ գրադարանավարներս, այն երջանիկներից ենք, որ շփվում ենք կարդացող երեխաների հետ: Իսկ նրանց թիվը փոքր չէ: Տարեկան սպասարկում ենք 18.000 երեխայի և ունենք հրաշալի ընթերցողներ: Էլ չեմ խոսում էքսկուրսիաների եկած դասարանների մասին, որոնց ամենափոքր խումբը բաղկացած է լինում 15 հոգուց:

Գրադարանն ամեն ինչ անում է, որ երեխաների մեջ արթնացնի կամ վառ պահի սերն ընթերցանության նկատմամբ: Եվ այդ առումով մեր հաջողված նախագծերից է ընթերցողական քարտի պաշտպանությունը: Այստեղ երեխան հասակակիցներին է ներկայացնում իր կարդացած գրքերը, պատմում իր մասին և պատասխանում մյուսների հարցերին: Երեխաները, տեսնելով օրվա հերոսին, որն այդքան շատ գիրք է կարդացել, ոգևորվում են և հաջորդ տարի ձգտում փոխարինել նրան:

-Ի՞նչ գրքեր են սիրում կարդալ մեր երեխաները: Եվ ընդհանրապես ինչպե՞ս է գրադարանում ձևավորվում ու ավելանում գրքերի ցանկը:

-Բացառությամբ նախընթաց ամիսների՝ բոլոր տարիքային խմբերում վերջին տարիներին ամենակարդացվածների ցանկում Հարրի Փոթերի մասին պատմող գրքերն էին: Աշխատանքային գործունեությանս ընթացքում հասկացել եմ՝ ցանկալի են դառնում այն գրքերը, որոնք ունեն նաև կինոէկրանավորում: Ֆիլմը էկրանին հայտնվելու հաջորդ օրը բոլոր գրադարան եկողները հենց դա են ցանկանում կարդալ: Եվ ընդհանրապես մենք մի շատ կարևոր աշխատանք էլ ենք կատարում. ընթերցողների հարցումների հիման վրա գրադարանի տարբեր սրահները կազմում են անհրաժեշտ գրականության ցանկ և ներկայացնում տնօրինությանը, որից հետո կատարվում է գրքերի համալրման գործընթացը: Ընդ որում, գրադարանն այդ բոլոր գրքերը ոչ թե ստանում, այլ ձեռք է բերում:

Մենք աշխատում ենք նաև հրատարակիչների հետ: Եթե կան գրքեր, որոնք դեռ չեն թարգմանվել հայերեն, բայց ընթերցողները շատ են հարցնում, նման գրքերի ցանկը ներկայացնում ենք հրատարակիչներին: Եվ ի ուրախություն մեզ՝ բավական օրինակներ ունենք, երբ գրքերը թարգմանվել են հայերեն մեր միջնորդությունից հետո: Առանձին ներկայացնում ենք նաև մաշված գրքերի ցանկը, որ վերահրատարակվեն՝ երեխաների համար ընթերցանության ընթացքն առավել հաճելի դարձնելու համար:

-Արդեն իսկ սկսվել են դպրոցական արձակուրդները: Ի՞նչ ծրագրեր է առաջարկում գրադարանը մեր երեխաներին ու նրանց ծնողներին՝ ամառն առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար:

-Նախ ասեմ՝ յուրաքանչյուր տարի բոլոր սրահներն ունենում են թեմատիկ հանձնարարական ցանկեր, թե ինչ կարդան երեխաները: Այսինքն՝ երեխային տալիս ենք ոչ միայն իր ցանկացած գիրքը, այլև փոքրիկ խորամանկություններով ուղղորդում ենք այլ հետաքրքիր գրքեր կարդալուն, որովհետև ներկայիս սերնդի երեխային չես կարող պարտադրել կարդալ այս կամ այն գիրքը: Օրինակ՝ օտարալեզու գրականության բաժինն, արդեն մի քանի տարի, պայմանավորված Ֆրանկոֆոնիայի օրերով, առանձնացնում է ֆրանսերեն գրքերի ցանկ երեխաների համար: Ժամանակակից հայ մանկագիրների սրահը ներկայացնում է ժամանակակից գրողների գործեր փոքրիկների համար: Երաժշտական բաժինը, պայմանավորված Կոմիտասի ծննդյան 150-ամյակով, իր ցանկը կազմեց համապատասխան ուղղվածությամբ: Միջին տարիքի երեխաների համար կազմված հանձնարական ցանկն այս տարի ընդգրկում է գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրքեր շների մասին: Իսկ ահա պատանիներին ու երիտասարդներին հետաքրքրում է բիզնես մտածելակերպը, կառավարման ոլորտը: Մենք էլ նրանց առաջարկում ենք գրքեր, որոնք կօգնեն լինեն առավել նպատակասլաց: Միջին և բարձր տարիքի երեխաների դեպքում նաև մշտապես կազմակերպում ենք հանդիպումներ ժամանակակից հեղինակների հետ, որ ընթերցողները տեսնեն այն մարդկանց, որոնք ստեղծագործում են իրենց համար:

Մեր սկզբունքներից է, որ երեխան ոչ միայն առանց գրքի չգնա գրադարանից, այլև հաջորդ անգամ մի քանի ընկեր էլ հետը բերի:

Բացի զուտ ընթերցանության կազմակերպումից՝ արդեն տարիներ շարունակ գրադարանն ունի իր Ամառային դպրոցը 5-15 տարեկան երեխաների համար: Նրանք ամառային արձակուրդների երեք ամիսների ընթացքում հատուկ ծրագրով (մարմնամարզություն, պարապմունքներ, լեզուների ուսուցում, բարձրաձայն ընթերցանություն, էքսկուրսիաներ, մշակույթի կենտրոններ և այլն) լիարժեքորեն հագեցած օրեր են անցկացնում գրադարանում:

-Ունե՞ք ընթերցողներ մարզերից, և ի՞նչ սկզբունքներով են նրանք օգտվում գրադարանից:

-Դա մի քիչ բարդ ու ցավոտ հարց է, քանի որ հիմնականում սպասարկում ենք Երևանի դպրոցների աշակերտներին: Սակայն ընդառաջում ենք այն երեխաներին, որ մարզում են ապրում, բայց Երևանի դպրոց են հաճախում, նրանց, որոնք գրանցված չեն Երևանում, բայց տարիներ շարունակ ծնողների հետ վարձակալության հիմունքներով ապրում են այստեղ և այլն: Քանի որ մեր հիմնական աշխատանքը դպրոցների հետ է, մենք խնդրում ենք, որ երեխաները տեղեկանք բերեն, որ Երևանի տվյալ դպրոցի աշակերտ են: Ինչ վերաբերում է մարզերում ապրողներին, զանազան միջոցառումների նրանք, իհարկե, մասնակցում են, բայց, բնականաբար, 15 օրը մեկ չեն կարող գալ, գիրքը վերցնել: Դրա համար կան համայնքային գրադարաններ, կենտրոնական մարզային գրադարաններ, որտեղից կարող են հանգիստ օգտվել:

-Ի՞նչ կմաղթեք երեխաներին իրենց իսկ օրվա կապակցությամբ:

Ռուզաննա Թելունց

-Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ թե´ երեխաներին, թե´ նրանց հարազատներին: Թող մեծահասակները սիրով պարուրեն իրենց փոքրիկներին՝ տալով անհոգ մանկություն, անսպառ ժպիտներ, և, իհարկե, մաղթում եմ, որ մեր երեխաներն առողջ լինեն ու իրենց երջանկությամբ երջանկացնեն ծնողներին:

Զրույցի վերջում Երեխաների ազատ ժամանցի կազմակերպման ենթաբաժնի վարիչ Նաիրե Աղեկյանը ներկայացրեց տոնական օրվա հետ կապված մանրամասները: Նրա խոսքով՝գրադարանն ամեն տարի հունիսի մեկին յուրահատուկ միջոցառումներ է կազմակերպում՝ երեխաների օրը դարձնելով առավել տոնական: Զրուցակցիս ջանքերով այս տարի հունիսի մեկին Կառլոս Եղիազարյանի «Դեպք խաղաղ անտառում» պիեսի շատ հետաքրքիր բեմադրությունն է ներկայացվելու ներկաների դատին: Պիեսի հերոսներին, որոնք կենդանիներ են, մարմանավորելու են «Հայ ասպետ» դպրոցի երկրորդ դասարանցի սաները: Նրանք մեկ օրով դառնալու են դերասան՝ ուրախացնելով այլ բալիկների: Տիկին Աղեկյանը պատմում է, որ այդ երեխաները գրադարան այցելության են եկել որոշ ժամանակ առաջ և աչքի են ընկնել իրենց ակտիվությամբ: Եվ երբ ցանկություն են հայտնել դառնալու մասնակիցը գրադարանում կազմակերպվող միջոցառումների, զրուցակիցս, որն արդեն իսկ աշխատելիս է եղել սցենարի վրա, որոշել է հենց նրանց էլ դարձնել ներկայացման հերոսներ՝ համաձայնության գալով ղեկավարության հետ:

Բացի այս ներկայացումից՝ հունիսի մեկին գրադարանը կունենա նաև համերգային մաս, ինչն արդեն իսկ դարձել է ավանդական հունիսմեկյան միջոցառումների շարքում: Նաև ողջ գրադարանում կթևածի տոնական տրամադրությունը՝ սկսած ճեմասրահում հնչող համապատասխան երաժշտությունից:

Տիկին Աղեկյանի ցանկությունն է, որ երեխաները լինեն առավել պաշտպանված, որ ոչ մի փոքրիկ չմեծանա սոցիալապես անապահով ընտանիքում, որ բոլորը խաղաղ ու երջանիկ ապագա ունենան:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: