Հայերեն   English   Русский  

Ես ինձ հետ մածուն եմ բերել և ձեզ դրանով կոչ եմ անում չթունավորել աշխատանքային միջավայրը. Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին


  
դիտումներ: 125

Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովը նիստի սկզբում քվեարկությամբ հաստատեց դեռ երեկվա նիստում քննարկված նախագծերը: Դրանք էին.

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ օրենքների նախագծերը:

Նախագծերի ընդունումից հետո պատգամավորները կրկին սկսեցին օրակարգից դուրս քննարկել Երևանի պետական համալասարնաի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցը և միմյանց մեղադրեցին բուհերը քաղաքականացնելու և ԱԺ-ում թունավոր մթնոլորտ ստեղծելու մեջ:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը մեղադրեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին իշխանական պատգամավորներին անընդհատ ինչ-որ բանում մեղադրելու համար:

«Պարոն Մարուքյանը համ նալին է խփում, համ մեխին: Նա բազմիցս իրեն հակասել է: Դուք մեղադրում եք մեզ, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ ընտրել ենք Չակ Նորիսին, իսկ ի՞նչ իմանանք որ դուք կամ ձեր խմբակցությունից ինչ-որ մեկը չի ընտրել, որ հետո շոու սարքեք: Դուք եք բուհերը քաղաքականացնում և հետո մեզ մեղադրում»,-ասաց Դանիելյանը:

Համազասպ Դանիելյանն իր հետ բաժակով մածուն էր բերել ԱԺ և այն ցույց տալով հորդորեց Էդմոն Մարուքյանին չթունավորել աշխատանքային միջավայրը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պատասխանը չուշացավ. «Շատ հետաքրքիր էր մեր գործընկերոջ ելույթը: Ես հասկանում եմ, որ մեծ է գայթակղությունը՝ իմ հաշվին ինքնահաստատվելու, կամ իմ հաշվին հայտնի դառնալու: Մենք անգամ դա ձեզ թույլ չենք տալու: Դուք երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք: Մենք խոսում ենք սկզբունքայնության մասին, ես ուզում եմ հասկանալ՝ դուք պահու՞մ եք այդ սկզբունքները, թե՞ ոչ: Ես ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի գծով գիտությունների թեկնածուական եք ուզում պաշտպանել: Հետևում եք իմ բոլոր գրածներին, ես շատ շոյված եմ: Բայց ձեր ելույթը թունավոր ելույթ էր: Ասել եք բուհի դուռը փակողը ռեկտոր չի դառնալու, ուրեմն մի ընտրեք, մի քաղաքականացրեք բուհերը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց պատգամավորներին իրար դասեր չտալ ամբիոնից, որովհետև այդ դեպքում շատերը կարող են դրանով զբաղվել:

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Արեն Դանիելյանի ընտրության հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: