Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Հավանաբար վեթինգի նախագիծը կգրվի դրսում եւ պատրաստի փաթեթով կներկայացվի իշխանություններին


  
դիտումներ: 352

Հրապարակ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության ու վեթինգի հարցում իշխանությունների մոտ դեռ անորոշություն է։

Նրանք նույնիսկ նախնական պատկերացում չունեն՝ ով է մշակելու այս նախագծերը, ինչ ժամկետներում, եւ ինչ կառուցվածք ու բովանդակություն են ունենալու։

Երկուսն էլ ծանր ու ծավալուն նախագծեր են, որոնց մշակման հարցում անգամ աշխատանքային խումբ չկա ձեւավորված։ Պարզ է, որ դրանով զբաղվելու են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու արդարադատության նախարարությունը, բայց դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու նախագծի հիմնական հեղինակներն ու մշակողները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրինակ, մեզ ասաց, որ վեթինգի նախագծի շուրջ աշխատանքներ, ուսումնասիրություններ կատարում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, եւ ուղղորդեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մոտ։ Արդարադատության նախարարությունից էլ այս հարցերով զբաղվում է նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը, ում ուսերին է դրվել վեթինգն ու անցումային արդարադատությունը մաքսիմալ դեմոկրատական եւ դրական լույսի ներքո հանրությանը մատուցելու եւ հակափաստարկներին հակադարձելու առաքելությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանության թիմում չկա բավարար պրոֆեսիոնալ ներուժ, չկան այնպիսի մասնագետներ, որ ի վիճակի լինեն սեփական ուժերով մշակել անցումային արդարադատության եւ վեթինգի նախագծերը։ Ուստի, չի բացառվում, որ այս նախագծերը գրվեն դրսում՝ օտարերկրյա փորձագետների կողմից, եւ պատրաստի փաթեթով ներկայացվեն մեր իշխանություններին։ Այս իմաստով պատահական չէր նաեւ մի քանի օր առաջ միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի ելույթը ՀՀ խորհրդարանում, որտեղ նա արհամարհական տոնով փորձում էր հետամնաց երկրներում կիրառած փորձը նոր փաթեթավորմամբ «նաղդել» Հայաստանի հանրության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: