Հայերեն   English   Русский  

Վրաստանի դպրոցներում հայերենի ուսուցիչները կվերապատրաստվեն


  
դիտումներ: 3757

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։

Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի։

Անդրադարձ է եղել նաև բուհական և գիտության բնագավառում համագործակցության հարցերին, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում փոխգործակցությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները քննարկել են նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծման հնարավորությունը՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ամառային դպրոցների հարցը. Արդյունքում` օգոստոսին մի քանի տասնյակ վրացի աշակերտներ կայցելեն Հայաստան, մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ՀՀ աշակերտները կլինեն Վրաստանի ամառային դպրոցներում: Անդրադարձ է եղել նաև ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հայաստանյան հաջողված փորձին և դրանք Վրաստանում ներդնելու հնարավորություններին:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները, երախտագիտություն հայտնելով նախարարին, նշել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք գրադարանը շատ ուներ։

Այստեղ նախարարին դիմավորեցին դպրոցի անձնակազմն ու հայկական ու վրացական տարազներով աշակերտները՝ ներկայացնելով մայրաքաղաքի միակ ամբողջովին հայկական կրթօջախի նվաճումները, Վրաստանում գործող հայկական դպրոցի առանձնահատկությունները, շենքի տեսքը վերանորոգումից առաջ և հետո, ինչպես նաև լավագույն աշակերտների լուսանկարներով ու գովասանագրերով զարդարված ցուցատախտակը:

Խոսելով վրաստանյան հայկական դպրոցների գրքերի՝ հատկապես մայրենի լեզվի դասագրքերի խնդրի մասին, նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված վրացի գործընկերոջ հետ, մայրենի լեզվի դասագրքերի հարցն օրակարգում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: