Հայերեն   English   Русский  

ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովը Հայաստանում է


  
դիտումներ: 293

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ

Ս/թ հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը: Այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ: Ողջունելով գործընկերներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»:

Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է. «Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ու փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավել կխորացնենք»:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել են նաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ:

Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում: Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: