Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 746

Անցնող շաբաթը նշանավորվեց Կոսովոյում ստեղծված լարվածությամբ, որի հետևանքով Սերբիայի բանակը բերվեց մարտական պատրաստության:

Ամեն ինչ սկսվեց մայիսի 28-ին, երբ Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը ներխուժեց հիմնականում սերբերով բնակեցված ավաններ, իսկ սերբերը Կոսովսկա-Միտրովիցայում սկսեցին կառուցել բարիկադներ:

Ի՞նչ է տեղի ունեցել կիրականում: Ըստ Բելգրադի ունեցած տեղեկությունների՝ հատուկ ջոկատայինները նպատակ են ունեցել ձերբակալել 26 սերբ ոստիկանների և 15 քաղաքացիական անձանց այն պատճառաբանությամբ, թե նրանք խառնված են կոռուպցիայի մեջ: Իսկ իրականում, ինչպես կարծում է Սերբիայի ղեկավարությունը, նպատակը եղել է Կոսովսկա-Միտրովիցան թողնել առանց տեղի ոստիկանության պաշտպանության: Բախումների հետևանքով երկու սերբ վնասվածք է ստացել, իսկ ռուսաստանցի Միխայիլ Կրասնեշչենկովը, որ ՄԱԿ-ի Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի գործերով առաքելության աշխատակից է, ծեծի է ենթարկվել և ձերբակալվել է: Ձերբակալվել է ևս 23 մարդ՝ սերբ և բոշնյակ (տեղի ժողովուրդներից մեկը):

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ Բելգրադը թույլ չի տա բռնություններ Կոսովոյի սերբերի նկատմամբ, իսկ խոսնակ Մարկո Դյուրիչը հայտարարեց, որ Կոսովոյի նպատակն է ահաբեկել այդ երկրամասում ապրող սերբերին և ստիպել նրանց հեռանալ տներից:

Մինչդեռ Կոսովոյում և Մետոխիայում միջազգային առաքելությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո կարծում է, որ չճանաչված Կոսովոյի ոստիկանության հատուկջոկատայինների գործողությունները ուղղված չեն սերբ ժողովրդի դեմ, խոսքը հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողության մաին է:

Հիշեցնենք, որ Սերբիան 1999 թ. ՆԱՏՕ-ի օդային հարվածներից հետո կորցրել է հսկողությունը Կոսովոյի նկատմամբ և չի ճանաչում 2008-ին Կոսովոյի հռչակած անկախությունը: Հիշեցնենք նաև, որ Կոսովոն «Մեծ Ալբանիա» ստեղծելու պանալբանական գաղափարներ ունի, ըստ որոնց՝ նախատեսվում է միավորել այն բոլոր տարածքները, որտեղ ալբանացիներ են ապրում: Ըստ այդմ՝ նրանք հավակնում են Հունաստանի մի մասին, Մակեդոնիայի կեսին, ողջ Կոսովոյին, Սերբիայի տարածքների մի մասին, ինչպես նաև Մոնտենեգրոյի կեսին:

Ինչ-որ չափով թուլացավ Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը: Շաբաթի սկզբին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ իրանական կողմը միջուկային զենք ունենալու ձգտումներ չունի: Շաբաթի վերջում էլ The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ զինված հակամարտության չի ձգտում: «Բայց եթե ուշադիր լինեք Մերձավոր Արևելքում առկա խնդիրների հիմնական աղբյուրին, ապա դրանք կմատնանշեն Իրանին»,- ասել է Բոլթոնը:

Իրավիճակը լարված էր Սուդանում: Այստեղ բողոքի ցույցեր էին տեղի ունենում, ցուցարարները պահանջում էին, որ Սուդանի ռազմական ղեկավարությունը հանձնվի քաղաքացիական իշխանություններին: Զինվորականների և ցուցարարների միջև բախումներ են եղել, ռազմական ոստիկանությունը նույնիսկ կրակ է բացել ցուցարարների վրա: Ավելի վաղ Սուդանում ընդդիմադիր «Հանուն ազատության և փոփոխության ուժեր» դաշինքը համընդհանուր գործադուլ էր հայտարարել:

Անցած շաբաթ իր վրա ուշադրություն հրավիրեց նաև Ավստրիան: Բանն այն է, որ այս երկրում առաջին անգամ կառավարությունը կին է ղեկավարելու: Կանցլեր Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը ժամանակավոր կանցլեր նշանակեց երկրի սահմանադրական դատարանի ղեկավար, 69-ամյա Բրիգիտտա Բրիլյայնին:

Կարծես թե հանգուցալուծում ստացավ Իսրայելում ստեղծված ճգնաժամը: Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվեց՝ չկարողանալով սահմանված ժամկետում կոալիցիա կազմել։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Բենիամին Նեթանյահուն, որը հուլիսին կդառնա Իսրայելի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետը։ Ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը ստացել էր խորհրդարանի 120 մանդատներից 35-ը։ 42-օրյա ժամկետում նա պետք է կոալիցիոն կառավարություն կազմեր, ինչն անել չհաջողվեց։ Ձախողման հիմնական պատճառը կոալիցիոն գործընկեր, նախկին պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի դիրքորոշումն էր: Նա պնդում էր, որ ուղղափառ հրեաները նույնպես պետք է ծառայեն բանակում, ինչին դեմ են կոալիցիոն մյուս գործընկեր կուսակցությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: