Հայերեն   English   Русский  

​Բարեգործական միջոցառում՝ ուղղված մեղմացնելու զոհվածների, վիրավոր զինվորների, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների հոգսերը


  
դիտումներ: 249

Ուսումնական տարին ավարտվեց, և սփյուռքահայության հոսքը դեպի պատմական Հայրենիք շատացավ: Այսօր Ստեփանակերտում գործող ՛՛Պարկ Հոթել՛՛ հյուրանոցի բակում նկատվեց սփյուռքահայ դպրոցականների մեծ խումբ:

Պարզվեց, որ Լոս-Անջելեսի Ֆիրահիան ազգային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի և հայոց լեզվի ուսուցչի ու դաստիարակի հետ մեկտեղ, եկել են Արցախ՝ ինչպես ճանաչողական, այնպես էլ՝ բարեգործական այցով:

Ֆերահյան ազգային վարժարանի տնօրեն Սոսի Շանլիանի տեղեկատվությամբ՝ արդեն 21 տարի է, ինչ վարժարանի ղեկավարությունը 11-րդ դասարանցիների համար կազմակերպում է ուղևորություն դեպի Հայաստան, որտեղից էլ 2-3 օրով կազմակերպվում է այցելություն՝ դեպի Արցախի պատմա-մշակութային վայրեր և պարտադիր՝ զորանոց: Վերջին տարիներին երեխաների նախաձեռնությամբ ճանաչողական այցելությունը զուգորդվում է բարեգործական միջոցառմամբ. դպրոցականների հանգանակներին համապատասխան՝ համագործակցելով Արցախի ՀՕՄ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանի հետ՝ մշակվում և կազմակերպվում է բարեգործական միջոցառումը՝ ուղղված փոքր-ինչ մեղմացնելու զոհվածների, վիրավոր զինվորների, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների հոգսերը: Ըստ Սոսի Շանլիանի՝ անցած տարվա ծրագրով հանգանակած միջոցները նպատակաուղղված էին գյուղական միջավայրի սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրմանը: Արցախի բոլոր շրջաններից ընտրվեցին ընտանիքներ, որոնք ցանկանում էին կով ունենալ: Նրանք շատ չէին, և հավաքած գումարով հնարավոր եղավ գնել կով ու նվիրել այդ ընտանիքներին: Այս տարի որոշվեց օգնություն ցուցաբերել բազմազավակ և սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք կարիք ունեն կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենա, սառնարան:

-Մեր հանգանակներով հնարավորություն ընձեռվեց օգնություն ցուցաբերել 12 ընտանիքների: Ցուցաբերած այդ օգնությունները երեխաների մոտ առաջացնում են պարտավորության զգացում, որ իրենք էլ ինչ-որ չափ՝ գոնե դրամով, պետք է ու կարող են մասնակից դառնալ Հայրենիքի օգնության գաղափարին: Թե որքանով ենք կարողանում արցախցի բարեկամների հոգսերը փոքր-ինչ մեղմացնել, հարցի մի կողմն է: Բայց հումանիտար այդ քայլը ստիպում է ապագա մեր երիտասարդներին մտածել Հայրենիքի հետ կապված կարևոր հարցերի շուրջ, ինչ-որ չափովª պատասխանատվություն զգալ հայրենակիցների, Հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նրանք այնքան ոգևորված են լինում Հայրենիքի հետ հանդիպումից, մարդկանց հետ շփումներից, որ այդ թեմայի շուրջ մտորումները, իրենց իմացած և այստեղ տիրող արժեհամակարգի տարբերության շուրջ զրույցները ողջ տարի բանավեճի առարկա են դառնում: Դա հենց մեր ուսուցիչների նպատակն է,-մտքերով հաղորդակցվեց վարժարանի տնօրենը:

Արցախի ՀՕՄ-ի և ՀՅԴ արտաքին կապերի ներկայացուցիչ Ռիտա Մնացականյանի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի հայակենտրոն շատ վարժարանների դպրոցականներ են այցելում Հայաստան և Արցախ՝ նպատակ ունենալով իրագործել տարբեր ծրագրեր: Դրանք իրագործելու համար, բնականաբար, նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացվեն: Այդ ծրագրերը կրում են սոցիալական բնույթ, որոնց, որպես ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տիրապետում է նաև ինքը, ինչը ևս դրդապատճառ է, որ իր վրա վերցնի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքները: Ըստ Ռիտա Մնացականյանի՝ գործում են անաչառության սկզբունքով՝ համագործակցելով ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, շրջանների վարչակազմերի սոցիալական բաժինների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: