Հայերեն   English   Русский  

​Թացը չորի հետ չխառնելու գրավականը


  
դիտումներ: 320

Այս օրերին բավական արդիական է դարձել Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կամ, ինչպես հանրությունն է ասում, Սորոսի հիմնադրամի թեման:

Կարծիք կա, որ այս հիմնադրամն է հենց «թավշյա հեղափոխության» խառնարանը: Եվ այդ կարծիքը ձևավորվեց այն ժամանակ, երբ բացահայտվեց, որ հեղափոխության ակտիվ մասնակիցների, որ նույնն է թե ներկայիս իշխանավորների մի որոշակի խումբ վերջին տարիներին անընդմեջ խոշոր դրամաշնորհներ է ստացել այստեղից: Տպավորություն ստեղծվեց, որ որոշ կազմակերպությունների ղեկավարներն այս հիմնադրամից օգտվել են հատուկ հեղափոխություն նախապատրաստելու համար: Եվ քանի որ մեր հանրության մի զգալի հատվածը, գաղտնիք չէ, համոզված է, որ ներկայիս իշխանավոր և նախկինում իրենց բարեկեցությունը Սորոսի դրամաշնորհներով ապահոված անձինք ապաշնորհ կառավարմամբ գիտակցաբար թե անգիտակցաբար քանդում են երկիրը՝ հրելով այն գահավիժման, մեղավոր է փնտրում՝ ընդհուպ նշված հիմնադրամը համարելով «օտարերկրյա գործակալություն»:

Այդ կարծիքի արմատավորման հարցում, անշուշտ, դեր էր խաղում հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ որպես գունավոր հեղափոխությունների կնքահոր համբավը: Նաև այն հանգամանքը, որ հիմնադրամին ուղղված բողոքի ցույցերը հանդիպում են ոստիկանների հսկա բանակի դիմադրությանը, մինչդեռ այլ ցույցերի ժամանակ ոստիկանությունը զարմանալի չեզոքություն է դրսևորում: Շատերը, տպավորված վերջին օրերի իրադարձություններից, նույնիսկ Սորոսի հիմնադրամը իշխանության «բաժնետեր» են համարում՝ ելնելով այն փաստից, որ կառավարությունը Սուրբ աթոռը, խորհրդարանն ու դատարաններն անպաշտպան է թողնում, մինչդեռ այս հիմնադրամն ատամներով պաշտպանում է ՎԵՏՕ շարժումից այնպես, ինչպես պետք է պաշտպաներ հատուկ նշանակության շենքերը: Փաստն այնքան ցցուն է, որ անգամ ֆանտաստիկ ենթադրությունների գիրկն է գցում:

Իհարկե, եղել են նաև վերլուծություններ, որոնք հանգեցնում են այն եզրակացության, որ այս կամ այն բարի նպատակին նվիրված ծրագրերի հեղինակներն իրականում ծածուկ զբաղվել են քաղաքական քարոզչությամբ:

Այսուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ հերթական անգամ թացը խառնվում է չորի հետ՝ հաշվի չառնելով, որ բացի տվյալ «հեղափոխական» կազմակերպություններից, շուրջ երկու տասնամյակ այդ հիմնադրամից դրամաշնորհներ են ստացել նաև հարյուրավոր կազմակերպություններ, դպրոցներ, գրադարաններ, բուհեր, որոնք բարեխղճորեն իրականացրել են հենց այն, ինչ գրված է եղել իրենց ներկայացրած ծրագրերում, և հեռու են եղել առհասարակ քաղաքական այս կամ այն ուժին տուրք տալուց: Հարկ է ուրեմն չբավարարվել այսբերգի երևացող մասով և ավելի խորքային ուսումնասիրություն կատարել պարզելու համար, թե ինչու, ինչպես և երբվանից են տվյալ կազմակերպությունները դարձել հիմնադրամի հիմնական շահառուները, իրե՞նք են գտել այդ հիմնադրամը, թե՞ հիմնադրամն իրենց:

Այս իրարանցումը վեր է հանում նաև մի ուրիշ հարց, որ շատ ավելի կարևոր է. իսկ մյուս հիմնադրամնե՞րը և դրամաշնորհներ տրամադրող մյուս օտարերկրյա հաստատություննե՞րը: Չէ՞ որ խնդրո առարկա կազմակերպությունները դրամաշնորհներ են ստացել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (ԱՄՆ ՄԶԳ), Բրիտանական խորհրդից, Եվրամիությունից, «Քաունթերփարթ ինթերնեյշնըլ»-ից և ուրիշներից: Առհասարակ ի՞նչ գիտենք նրանց ծրագրերի մասին: Չէ՞ որ դրանք քննարկում են միայն դրամ շնորհող հաստատությունները, և արդյունքներն ու հաշվետվություններն էլ միայն վերջիններիս են ներկայացվում:

Հարցն առանձնակի կարևորություն է ձեռք բերում հատկապես այն տեսանկյունից, որ իրականացվող ծրագրերի զգալի մասն ուղղված է երիտասարդությանը և կրթական բնույթ ունի: Գոյություն ունի՞ մեզանում որևէ հաստատություն, որը հետևում է, թե ինչ են սովորեցնում մեր երիտասարդներին: Խնդիրը բնավ դրամաշնորհների չափը չէ, որ զարմանալի ջանասիրությամբ քննարկվում է այսօր: Այո, միլիոնների հասնող միջոցներ են տրամադրվել, բայց դա երկրորդական է, կարևոր է բովանդակությունը: Եվ խոսքը բնավ գրաքննության մասին չէ: Ֆորմալ կրթության ոլորտում մինչև հաստատվելը այս կամ այն ուսումնական ծրագիրը հազար ու մի օղակներ է անցնում, մինչդեռ ոչ ֆորմալ կրթության ոլորտում ոչ ոք չի հետաքրքրվում, թե մեր երիտասարդ ունկնդիրների գլուխներն ինչով են լցնում: Ավելորդ չէ հիշեցնել, որ կրթությունը ռազմավարական նշանակություն ունեցող ամենաառաջնային ոլորտներից է: Հետևաբար հատկապես կրթական նպատակներ հետապնդող բոլոր ծրագրերը պետք է բաց լինեն բոլորի համար:

Երկրորդ կարևոր հարցը ծրագրերի կրկնակումն է: Տողերիս հեղինակը տարիներ առաջ առիթ է ունեցել կազմելու անկախության շրջանում մարդու իրավունքներին նվիրված հրատարակությունների մատենագիտական ցանկը: Եվ այդ աշխատանքի շնորհիվ բացահայտվեց, որ տարիներ շարունակ տասնյակ կազմակերպություններ միաժամանակ նույն գործով են զբաղված եղել՝ ֆինանսավորվելով տարբեր օտարերկրյա հաստատություններից: Վերջերս զրուցակիցներիցս մեկը վստահ ասաց. «Դե մեր երկրում կանայք, բացի բռնության զոհ դառնալու վտանգից, ուրիշ խնդիր չունեն»: Հարցրի՝ ինչու է այդպես մտածում: Պատասխանը. «Դե բոլոր կազմակերպությունները դրանով են զբաղվում, մի տասը կազմակերպություն միայն ես գիտեմ»:

Իհարկե, չի կարելի պնդել, թե օտարերկրյա հաստատություններին առանձնապես չի մտահոգում, թե որքանով են նպատակահարմար իրենց ֆինանսավորած ծրագրերը, ինչպես և չի կարելի պնդել հակառակը, բայց որ մեզ ձեռնտու է Հայաստան մտնող դրամական միջոցները քամուն չտալ և հնարավորինս շատ օգուտ քաղել դրանցից, հաստատ է: Չի կարելի մոռանալ նաև, որ մեծ թվով հասարակական կազմակերպություններ էլ ամեն տարի դրամաշնորհ են ստանում կառավարությունից, ասել է թե հարկատուներիս հաշվին: Սրանց դեպքում էլ ավելի առաջնային է դառնում հաշվետվողականության հարցը: Լայն հանրությունը պետք է տեղյակ լինի, թե մեր սուղ միջոցներն ինչի համար և ինչպես են օգտագործվում:

Ահա կրկին առաջ է գալիս մի տեղեկատվական հարթակում դրամաշնորհներով իրականացվող բոլոր ծրագրերի մասին լիարժեք տեղեկությունները մեկտեղելու անհրաժեշտությունը: Թե ինչ մակարդակում, ինչ մարմիններ և ինչպես կարող են այդ խնդիրը լուծել, քննարկելու հարց է: Թեև առանց այդ էլ դժվար չէ ենթադրել՝ այն մարմինը, որն այդ կապակցությամբ ամենից շատ պետք է մտահոգված լինի՝ ըմբռնելով դրա անհրաժեշտությունը և գործնական քայլեր ձեռնարկելու կամք դրսևորի, նորաստեղծ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Բայց ելնելով անցած տարվա ընթացքում նախկին կրթության և մշակույթի նախարարությունների գործունեությունից, միամտություն կլինի այդ ատյանի հետ հույսեր կապել: Հետևաբար, ինչպես ասում են, «տարոսը» Հանրային խորհրդինն է, որի հանձնաժողովներում հարյուրավոր հասարակական կազմակերպություններ և փորձագետներ են ընդգրկված:

Կասկած չկա, որ եթե այդ խնդիրը մինչ այս առաջադրված և լուծված լիներ, այսօր Բաց հասարակության հիմնադրամի դարպասների մոտ հույզերի այդպիսի բարձր ալիք չէր բարձրանա: Ե՛վ ընդվզող կողմը, և՛ հակառակ կողմը միմյանց դատապարտող հայտարարությունների փոխարեն հանրության առջև հիմնավոր փաստեր դնելու հնարավորություն կունենային:

Հիշենք վերջապես, որ ճշգրիտ տեղեկատվության պակասը միշտ էլ կուրացնում է և դուռ բացում կարծրատիպերի ու առասպելների համար, որոնք երբեք ճիշտ տեղ չեն տանում:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: