Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը այսօր սկսել է աշխատանքը


  
դիտումներ: 195

Այսօր՝ հունիսի 4-ին Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը Ազգային ժողովում սկսել է աշխատանքները:

Հանձնաժողովը գլխավորող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսուհետ հաճախ են նիստեր գումարելու և դրանց ընթացքում զեկույցներ են լինելու:

«Նախնական պատկերացում կա, թե ովքեր կարող են հրավիրվել հանձնաժողով տեղեկատվություն տալու: Դրանք և նախկին պաշտոնյաներ կարող են լինել, եւ ներկա: Հանդիպելու են ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ: Զեկույցներ անպայման լինելու են, եզրահանգումների ենք գալու, նույնիսկ եթե բացասական լինեն, մենք զեկույցներ հրապարակելու ենք, բայց դրանք լինելու են փաստերի վրա հիմնաված և ամենակարևորը՝ փաստերը պետք է լինեն անառարկելի, իսկ թե զեկույցները ինչ հետևանք կունենան, գուցե քրեական հետապնդման առիթ հանդիսանան, մեր որոշելիքը չի»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ իրենք արդեն իսկ ուսումնասիրել են ապրիլյան պատերազմին վերաբերող փաստերը՝ Քոչարյանն ասաց. «Մենք կուսումնասիրենք Սեյրան Օհանյանի հնչեցրած այդ փաստաթղթի վերաբերյալ ինֆորմացիան, եթե ուսումնասիրություններ են արել, փորձենք հասկանալ, թե ինչ խորությամբ, եթե ուսումնասիրությունների արդյունքն այն է, որ այսօր ունենք մեր Զինված ուժերում և ոչ մի պատասխանատվության ենթարկված մարդ, ապա այդ ուսումնասիրությունները կատարվել են գաղտնի «գրիֆի» տակ պահելու համար։ Այս դեպքում շահառուն ո՞վ է, ես անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ և կծանոթանանք հանձնաժողովում։ Մենք կարևորում ենք այդ աշխատանքները։ Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմը պետք է ոչ միայն հույսը դնի մեր հանձնաժողով գալ–գնալու վրա, այլ իրենք էլ Սեյրան Օհանյանի սկսած աշխատանքներն ավելացնեն և հարստացնեն և մեր հանձնաժողովի հետ աշխատանքում ավելացնեն մեր հնարավոր անաչառ եզրակացությունը»։

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բացի մարդկային կորուստներց, ուսումնասիրելու են նաև տարածքային կորուստների պատճառները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: