Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է առաջարկում Գագիկ Եգանյանը դեպի Հայաստան ուղևորահոսքերի ավելացման նպատակով


  
դիտումներ: 811

Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների կտրուկ ավելացման հնարավորությունները։

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի միգրացիոն ծառայությունը, վստահ է, որ մի քանի ընթացակարգերի պարզեցման շնորհիվ հնարավոր է մեծ ուղևորահոսքեր ապահովել դեպի Հայաստան։

Նա ուսումնասիրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրներում բնակվում և աշխատանքային գործնեություն են իրականացնում Ֆիլիպինների, Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Շրի Լանկայի և ասիական այլ երկրների բազմաթիվ քաղաքացիներ: ԱՄԷ-ում մոտ 1 մլն բնիկ բնակչության պարագայում ներգաղթյալների թիվը կազմում է շուրջ 7,3 մլն մարդ, Քաթարում՝ համապատասխանաբար 243 հազար և 2,2 մլն մարդ, Քուվեյթում՝ 1,3 մլն և 3,0 մլն և այդպես շարունակ:

Այդ երկրներում վարվող իմիգրացիոն քաղաքականությունը շատ դեպքերում պարտադրում է ներգաղթյալներին կարճատև ժամկետով դուրս գալ երկրից, որպեսզի հնարավոր լինի թարմացնել այդ երկրում բնակության իրավունք տվող իրենց կացության կարգավիճակը: Նրանք ընտրում են Պարսից ծոցի տարածաշրջանին չպատկանող այնպիսի երկրներ, որտեղ մի կողմից դյուրին է մուտք գործելը, իսկ մյուս կողմից՝ 3-4 օր տևողությամբ այդ կարճաժամկետ ուղևորությունները չեն պահանջի մեծ ծախսեր:

«Այդ տեսանկյունից նրանց համար նախընտրելի է համարվում նաև դեպի Հարավային Կովկասի երկրներ ուղղությունը, մասնավորապես դեպի Վրաստան ու Հայաստան,-ասում է Եգանյանը,-այնուամենայնիվ, էական տարբերություններ գոյություն ունեն այդ տարածաշրջանից դեպի Թբիլիսի ու Երևան կանոնավոր ինքնաթիռային չվերթների քանակությունների միջև»:

Որո՞նք են այդ տարբերությունները։ Պարզվում է՝ Դուբայից շաբաթական 28 ավիաթռիչք է կատարվում դեպի Թբիլիսի, իսկ դեպի Երևան՝ միայն 11, Դոհայից՝ համապատասխանաբար 21 և 7: Բացի այդ, ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատված Թբիլիսիի ու Քուվեյթի, Թբիլիսիի ու Բահրեյնի միջև, ինչը առկա չէ Երևանի դեպքում:

«Այսինքն այդ տարածաշրջանից առնվազն 4 անգամ ավելի շատ ուղևորություններ են կատարվում դեպի Թբիլիսի, քան թե Երևան»,-նկատում է Եգանյանը,- եթե դրան ավելացնենք, որ Երևան ուղևորվողների մեջ որոշակի մաս են կազմում Սիրիայի մեր հայրենակիցները, ապա տարբերությունն է՛լ ավելի ակնառու է դառնում»:

Ինչո՞վ են պայմանավորված նման զգալի տարբերությունները:

Մինչ պատճառների մասին խոսելը Եգանյանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում Հայաստանի ու Վրաստանի միջև։ Նախևառաջ նա փաստում է, որ առաջարկվող ծառայությունների փաթեթի գինը (ինքնաթիռի տոմս, գիշերակացի արժեք) Հայաստանում ու Վրաստանում գրեթե նունն է:

«Տուրօպերատորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գնահատմամբ՝ ուղևորների ճնշող մեծամասնությունը (շուրջ 80%-ը) պատկանում է ամենաէժան էկոնոմ դասին, որոնց համար առաջարկվող տուր փաթեթի արժեքը տատանվում է 400-450 ԱՄՆ դոլարի շրջակայքում, որից 350-ը ինքնաթիռի տոմսի արժեքն է, իսկ մնացածը՝ հոսթելների: Եվ ուղևորների միայն 20%-ն է, որ հանգրվանում է հյուրանոցներում»:

Երկրորդ՝ Վրաստանը՝ որպես տուրիստական երկիր, պատմամշակութային հուշարձանների առատությամբ ու կարևորությամբ կամ էլ բնաշխարհի գեղեցկություներով առանձնակի առավելություն չունի Հայաստանի համեմատ:

Երրորդ՝ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը միջազգային կազմակերպությունների ու անհատ զբոսաշրջիկների գնահատմամբ հանդիսանում են ապահով պետություններ, իսկ հասարակությունները՝ խիստ հյուրընկալ:

«Փաստորեն, վերը նշված գործոնները չեն պայմանավորում ուղևորահոսքերի զգալի տարբերությունները, այլ իրավիճակը հիմնականում պայմանավորված է երկրներ մուտք գործելու տարբեր ռեժիմներով,-ասում է Եգանյանը։

Պարզվում է՝ Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից, իսկ Հայաստան մուտք գործել կարող են միայն մուտքի արտոնագրի առկայության դեպքում, և խնդիրը չի լուծում անգամ սահմանակետում ժամանման պահին դրանց տրամադրումը, քանի որ դա ենթադրում է մի կողմից՝ որոշակի ժամանակատար վարչարարական գործընթաց, իսկ մյուս կողմից՝ պետտուրքի վճարում:

«Ահա թե ինչու այդ անձիք նախընտրում են մեկնել Վրաստան, որտեղ նրանք ազատված են այդպիսի պահանջներից»,-ասում է փորձագետը։

Գագիկ Եգանյանն առաջարկում է ուղևորահոսքերը դեպի Հայաստան ուղղորդելու համար այդ անձանց ազատել մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից, ինչպես Վրաստանում է:

«Ընդհանրապես մուտքի արտոնագրի ինստիտուտի ներդրումը պետությունների համար ծառայում է 2 նպատակի․ առաջին՝ անվտանգության նկատառումներ (ժամանողի ինքնությունը, այցելության նպատակը, նախկինում երկրի հետ ունեցած առնչությունները և նմանատիպ այլ հարցերի պարզման ճանապարհով), երկրորդ՝ ֆիսկալ նպատակ, երբ մուտքի արտոնագիր տրամադրելիս գանձվում է տուրք: Պարզ է, որ Հայաստանի դեպքում ժամանման պահին սահմանակետում վիզա տրամադրելիս, ըստ էության, շրջանցվում է առաջին նպատակը: Բացի այդ, արտոնագրի տրամադրումը որևէ լուրջ ֆիսկալ խնդիր չի լուծում, քանի որ սահմանակետում դրա համար գանձվում է ընդամենը 3000 դրամ»:

Եգանյանն առաջարկում է առաջին փուլում՝ որպես փորձնական ծրագիր, Պարսից ծոցի երկրներից Հայաստան ժամանող ուղևորների համար վիզայի պահանջից ազատել միայն ԱՄԷ-ում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին:

«Նրանց թվաքանակն այնտեղ կազմում է ավելի քան 800 000 մարդ, Երևանի և Դուբայի միջև առկա են կանոնավոր ավիաչվերթներ, ֆիլիպինցիներն աչքի են ընկնում որպես մեղմ, բարեպաշտ և իրապես քրիստոնյա ազգ, և այդ տեսանկյունից մեծանում է Հայաստանի գրավչությունը նրանց համար: Բացի այդ, նրանք շատ լավ կազմակերպված հանրություն են, ունեն համերկրացիների բա"զմաթիվ կառույցներ, որոնք գործում են ԱՄԷ-ում գտնվող իրենց դեսպանության համակարգմամբ, ինչը դյուրին կդարձնի ինչպես այս նորարարության, այնպես էլ այցելության դեպքում Հայաստանի ունեցած այլ գրավչությունների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների տարածումը նրանց շրջանում»:

Եգանյանը կարծում է, որ մեկ տարի հետո, ուսումնասիրելով ֆիլիպինցիների դեպքում արված փոփոխության արդյունքները, կարելի է քննարկել Պարսից ծոցի այլ երկրներում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում բնակվող այլ երկրների քաղաքացիներին ևս Հայաստան մուտք գործելիս վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու հարցը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     06.06.2019 ays k ykanyan anasun u abuch anj a hayastani mej qarjes zibilner kij a him al islam martasbaner quze hayastan perel mi pur dolari hamar ? bet a mrGvi ays haydaraq mitk
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: