Հայերեն   English   Русский  

​Կոնֆլիկտների տրանսֆորմացիա, թե՞ կոնֆլիկտների գեներացիա


  
դիտումներ: 645

Եվրոպական միության և եվրոպական տարբեր պետությունների կողմից ֆինանսավորվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը, ինչպես ծանուցվում է նրա պաշտոնական կայքում, խաղաղարարությունն է, իրականացրած ծրագրերից մեկն էլ «Հայ-ադրբեջանական երկխոսությունը», որի շրջանակներում իրականացված նախագծերի մի մասն ուղղված է եղել ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանմանը, նաև Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև ցանցերի ստեղծմանը նրանց երկխոսության և համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Իսկ 2013 թ. ի վեր հիմնադրամը կազմակերպել է այսպես կոչված կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը, որը նպատակ ունի կրթել քաղաքացիական հասարակության առաջնորդների նոր սերունդ, որը կկարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության տրանֆորմացիային նոր գաղափարների ու մոտեցումների միջոցով:

«Անկախն» իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է արդեն այդ հիմնադրամի ֆինանսավորած և իրականացրած մեկական ծրագրի՝ ներկայացնելով դրանց հետ կապված իր մտահոգությունները: Այժմ մեր ձեռքի տակ է հիշյալ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի եռօրյա դասընթացի բանախոսություններից մեկի («Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն») սղագրությունը, որը զետեղված է հիմնադրամի կայքում:

Նախընտրում ենք ձեռնպահ մնալ բանախոսության գնահատականից, որում խոսվում է գրեթե ամեն ինչի մասին՝ վկայակոչելով մի շարք մտածողների տեսություններ ու գաղափարներ: Պարզապես փորձենք հասկանալ, թե ինչ է կոնֆլիկտների տրանսֆորմացիան ըստ տվյալ դասախոսության, ինչու, ինչ նպատակով և ինչպես է դա արվում:

Բանախոսը սկսում է աստվածաշնչյան «մի սպանիր» պատվիրանից և հասնում է XX դարավերջ՝ ՄԱԿ-ի «Խաղաղության օրակարգին» և խաղաղության կառուցման (peacebuilding) տեսությանը՝ կրկին վերադառնալով «մի սպանիր» թեզին: Մեծ դժվարությամբ հետևելով բանախոսի մտքի թելին՝ տպավորություն ես ստանում, որ նրա վերջնանպատակն է, ունկնդիրներին խճճելով բազմաթիվ տեսությունների և հասկացությունների մեջ, նրանց ներշնչել, որ ամեն ինչ հարաբերական է, ուստի կոնֆլիկտները կարելի է փոխակերպել՝ հարացույցները՝ պարադիգմերը (այսինքն՝ արժեքների, մեթոդների մոտեցումների, հմտությունների և միջոցների ավանդաբար ընդունված համակարգերը կամ մոդելները) փոխարինելով նորերով: Իսկ հասնել այդ փոխակերպմանը կարելի է քննադատական մտածողությամբ և հայացքի փոփոխությամբ, և այդ հարցում շարժիչ ուժը քաղաքացիական հասարակությունն է, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունները:

Ո՞րն է, ըստ բանախոսի, հին հարացույցը: Այն, որ մարդիկ ամեն առիթի դեպքում խփում են իրար, և գիտությունը, մտածողությունը, հանրային գործունեությունը նվիրված է հետևյալին. «կառուցել բանակ, պինդ լինել, կռվել, պատրաստ լինել հարձակման, առիթ եղավ՝ դու՛ հարձակվես»: «Իսկ քո ներսում դու ինչքա՞ն ես բռնաբարում, ո՞ւմ, ինչքա՞ն ես կեղեքում, ինչքա՞ն ես հալածում,- այնուհետև հարց է տալիս նա՝ շեշտելով որ դա հանիրավի վերագրվում է պետության ներքին գործերին:- Մոտավորապես նույնը՝ ինչ ասում էր Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը վերջին քսան տարվա ընթացքում: Եվ ավելին՝ դա, իբր, «պե՛տք է». դու պիտի բռնություն, բռնության մշակույթ քո մեջ դաստիարակես, որպեսզի թշնամու դեմ լավ կռվես: Էրեխեն, որ գնում է մանկապարտեզ, պիտի քսի տաս, ասես. «Խփի՛ էն մյուս տղուն, որովհետև այլապես դու քո թշնամի թուրքին չե՛ս խփի ժամանակը երբ գա, երբ քեզ բանակ տանեն, որովհետև ծնողներիդ մոտ կաշառք չհերիքեց ազատելու...»: Ուրեմն՝ էդ հին պարադիգմն է»:

Տեսեք, թե քանի արտառոց մտքեր են հայտնվում այս մի մեջբերման մեջ, որոնք սահուն ուղղվում են երիտասարդ ունկնդիրների ենթագիտակցությանը: Նախ՝ հին և բանախոսի համոզմամբ տրանսֆորմացիայի ենթակա հարացույցը վերագրվում է վերջին քսան տարիներին, Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը: Այդ հին հարացույցով իբրև թե մեր տղաներին պատրաստում էին ոչ միայն հարձակվողին հակադարձելու համար, այլև հարձակվելու: Երկրորդ՝ նրանց մարտունակ դարձնելու համար իբրև թե խրախուսում էին նաև բռնությունը հայրենակիցների նկատմամբ, սկսած մանկապարտեզից նրանց դաստիարակում էին բռնության ոգով, նրանց մեջ սերմանում էին բռնության մշակույթը: Երրորդ՝ չնայած դրան՝ տղաները բանակ էին գնում այն դեպքում, երբ ծնողները նրանց բանակից ազատելու համար կաշառքի փող չէին ունենում:

Իսկ ո՞րն է նորը՝ կոնֆլիկտների տրանֆորմացիայի հարացույցը: Պարզվում է՝ պայքարը բռնության մշակույթի դեմ, որը ենթադրում է այսպես կոչված «խաղաղության վերարտադրություն»: Ինչպե՞ս: «…Դու կարող ես չլինել բանակում զինվոր կամ դիվանագետ, բայց դու քո հասարակության մեջ, քո թիմում, քո աշխատավայրում, ուսումնական տարածքում, քաղաքում, գյուղում հյուր գնալիս, ճանապարհորդելիս դու ամեն պահի խնդիրներ ունես լուծելու, որպեսզի խաղաղությունը վերարտադրվի, ամրապնդվի, զարգանա: Այսինքն՝ մենք «տեղից չշարժվելով» իսկ հնարավորություն ունենք ազդելու, որպեսզի պատերազմ քիչ լինի, որպեսզի կռիվ շատ չլինի, որպեսզի քիչ բռնություն լինի, որպեսզի քիչ զոհվեն մարդիկ, որպեսզի և այլ տեսակի բռնություններ քիչ զգան մարդիկ»: Սա է, ըստ բանախոսի, հիմնական կամ կարևորագույն թեզը:

Փաստորեն, ո՞րն է այս բանախոսության և առհասարակ այս խաղաղարարական ծրագրի նպատակը: Նոր սերնդին բացատրել, թե ինչ է պատերազմը և ինչ է խաղաղությո՞ւնը: Իսկ ո՞վ չգիտի, որ պատերազմն այլանդակ երևույթ է, որտեղ մարդիկ բռնություն են գործադրում՝ դաժանաբար ոչնչացնելով միմյանց: Բանախոսը մինչ այդ բազմաթիվ հղումներ է անում անցյալի և ներկայի տարբեր մտածողներին՝ սկսած Հոբսից ու Լոքից, որպեսզի բացատրի պատերազմի ու խաղաղության բնույթը, բայց չի խոսում ևս մի հասկացության մասին, որը սերտորեն առնչվում է սրանց. հայրենիքի, սեփական պետության, սեփական տան անվտանգությունը: Չի ասվում նաև, որ պատերազմի և խաղաղության մասին նաև համընդհանուր ընդունված համոզմունք կա. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Այսինքն՝ լինել այնքան ուժեղ, որ ագրեսորը չհամարձակվի ներխուժել ու խաթարել երկրիդ խաղաղ կյանքը, հարձակվելու դեպքում էլ հետ շպրտվի: Չի ասվում, որ այն տղաները, որոնք իբրև թե բռնության մշակույթի կրողներ են, կյանքի գնով պահպանում են սահմանը, որպեսզի իրենց երկրի բնակիչներն ապրեն բնականոն կյանքով, ինչպես սույն բանախոսն է ասում, խաղաղություն վերարտադրեն:

Իհարկե, բանախոսը չի կարող չակնկալել, որ ունկնդիրների գլխում հազար ու մի հարցեր են ծագելու, և շտապում է զգուշացնել, որ խոր հակասություն կա իր ներկայացրած ցանկալի կամ նոր՝ տրանսֆորմացիայի հարացույցի և Ադրբեջանի հետ մեր ունեցած կոնֆլիկտի հետ, շատ դժվար է համատեղել դրանք: Ուստի, ըստ նրա, կոնֆլիկտի տրանսֆորմացիայի խնդիրն է հենց գտնել այդ լուծումը՝ «չընկնելով կարծրատիպերի գիրկը»: Եվ այս տեսանկյունից ամենամեծ հաղթանակը, պարզվում է, մեր «ոչ բռնի» հեղափոխությունն է, իսկ Նիկոլ Փաշինյանի դերը նաև այն է, որ «նա վերակենդանացրեց դատարկ, արդեն դատարկված, կեղևը միայն մնացած շատ հասկացություններ, ինչպես, օրինակ, «հայրենասիրությունը»: Ուստի պատահական չէ, որ նա տխուր վիճակ է համարում «ազգ-բանակ» գաղափարախոսությունը:

Կարճ ասած, սույն բանախոսության ընթացքում արտահայտված անակնկալ մտքերը թափվում են, ինչպես ասում են, առատության եղջյուրից: Եվ եթե հանրագումարի բերենք ասելիքը, և՛ այն, ինչ ասվում է բարձրաձայն, և՛ այն, ինչ պետք է կարդալ տողերի արանքում, հետևյալն է. եթե գնում ես պաշտպանելու հայրենիքը, դիմակայելու թշնամուն, ապա դու պատերազմի և բռնության մշակույթի կրողն ես, որ բխում էր նախկին իշխանությունների աշխարհայացքից, իսկ եթե ուզում ես նոր, քննադատական, տրանսֆորմացնող աշխարհայացք ունենալ, ապա պիտի «տեղից չշարժվելով» ոչ բռնի հեղափոխություն անես:

Ահա թե ինչ քարոզների համար է Եվրոպական միությունն առատորեն միջոցներ ծախսել մեր երկրում: Հետաքրքիր է, իսկ Ադրբեջանում, որտեղ նույնպես զուգահեռաբար խաղաղասիրական ծրագիր է իրականացվել, արդյոք քարոզո՞ւմ են բանակ չգնալ և չներխուժել ուրիշ ժողովրդի հայրենիքը, բռնություն չգործադրել այն ժողովրդի նկատմամբ, որն ուզում է իր հողի վրա ապրել ինքնուրույն, խաղաղ կյանքով, թե՞ քարոզում են այն, ինչ ամեն օր կարդում ենք այդ երկրի լրատվամիջոցներում ու ղեկավարների հայտարարություններում: Ելնելով նրանց հռետորաբանությունից և վարքագծից՝ անվարան կարելի է ասել, որ նրանք բնավ իրենց աշխարհայացքը փոխակերպելու մտադրություն չունեն, հին ու նոր հարացույցներ չունեն, եղել և մնում է նույն հարացույցը:

Վերջապես, եթե Եվրոպական միությունն այսքան առատաձեռն է մեզանում «խաղաղության մշակույթն» արմատավորելու հարցում, գուցե մի քիչ էլ միջոցներ տրամադրի այն ծրագրերին, որոնցով կհետազոտվի և վեր կհանվի, թե ինչու տարիներ շարունակ խաղաղություն քարոզելուց հետո ոչ միայն սահմանում լարվածությունը չի թուլանում, այլև հենց մեր երկրում «ոչ բռնի» հեղափոխությունից հետո կոնֆլիկտայնության ու անհանդուրժողականության, պառակտման ու բռնության կոչերի, ատելության ու թշնամանքի աննախադեպ վերելք է նկատվում, որ հրահրվում է հենց հեղափոխական իշխանությունների կողմից: Մի՞թե սա է եղել խաղաղաշինության քարոզչության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի նպատակը, արդյոք այդ տրանսֆորմացիան չի՞ նշանակում կոնֆլիկտի տեղափոխում բուն երկրի ներսը, որպեսզի այնքան թուլանա, որ հարևան երկրի հետ կոնֆլիկտը լուծվի ինքնաբերաբար:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: