Հայերեն   English   Русский  

Սևազգեստներին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 335

Այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ուժային կառույցների ղեկավարներին, հրահանգել է հետևողական աշխատանք իրականացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, որոնք բռնության և ատելության քարոզ են անում, խախտում են հասարակական կարգը:

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխություն, դրանից հետո որոշ ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապված, փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նոռմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: 1 տարվա փորձերի և գործուեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի, հուսահատ որևէ քաղաքական աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ Հայաստանում բռնության քարոզ անողները սկսել են անգամ իրենց կազմակերպված խմբերը ստեղծել:

«Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նման դեպքերի ենք ականատես լինում, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է ավելի շատ կտրուկ գործողությունների դիմի. «Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին: Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայթերով: Սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ իբր երկրում հաստատված է անիշխանություն և չկա իրավապահ իրավակարգ կամ այն թույլ է: Նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը ոչ թե դրան պետք է վերաբերվի որպես երթևեկության կանոնների խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կաոննների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, օրինականության, պետական կարգի նկատմամբ: Նման դեպքերով պետք է ոչ միայն զբաղվի ոստիկանությունը, այլև հասարակական կարգով և անվտանգությամբ զբաղվող ուժերը»:

Դիմելով Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ վարչապետը կոչ արեց համակարգված պայքար սկսել: Նա նաև նշեց, որ այսօր առավոտյան արդեն այդ թեմայով զրույց է ունեցել Վալերիյ Օսիպյանի հետ:

«Նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն պետք է փոշմանի իր կատարած արարքի համար: Այս թեմայով առավոտյան զրույց ենք ունեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարեց Փաշինյանը:

Վանեցյանն ու Օսիպյանը Փաշինյանի հայտարարությունից հետո ասացին, որ իրենց պարզ է խնդիրը և կանեն ամեն ինչ այն լուծելու համար:

«Պարոն Օսիպյան, ճիշտ կլինի, որ ձևավորեք խումբ, որը քաղաքացիների այդ ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջև»,-ասաց Փաշինյանը, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց, որ արդեն իսկ հրահանգներ տվել է:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ասաց, որ ինքը ևս պատրաստ է միանալ բռնություն քարոզողների դեմ պայքարին:

«Ես պատրաստ եմ համագործակցել իրավապահների հետ: Մենք իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկում ենք տեղեկություններ: Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ կան բռնության կոչեր, որոնք կոնկրետ մարդկանց են ուղղված և կոնկրետ հաշվեհարդարի սպառնալիքներ են պարունակում: Պետությունը պետք է արագ հակազդի»,-ասաց նա:






Մեկնաբանություններ - 1

agob.k     07.06.2019 vay kez anparoyaqa u sdahos nikol nah kan bet a kezmov sksin ov a pogojayin zanbinerun pogojner paqelu hraman bvog tun iravunk unis payj muyser voj ? lav betk a haskanas ays vaht kez bidi pjajne anamot helakar
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: