Հայերեն   English   Русский  

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն աջակցելու է կառավարությանը ներդրումային միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում


  
դիտումներ: 4669

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի: Հիմնավորման համաձայն, ընկերության նպատակն է լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով: Ընկերությունը հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ: Ընկերութունը նշված դրամաշնորհի շրջանակում, մասնավորապես, որպես ներդրող և խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում ՀՀ-ում, աջակցելու է ՀՀ կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներում, հանդես է գալու որպես պետության գործակալ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է ՀՀ կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում, իրականացնելու է ներդրումային և գործարար խորհրդատվություն, այդ թվում՝ ներգրավելով օտարերկրյա բարձրակարգ մասնագետների:

Պարզեցվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար կառավարության սահմանած չափանիշները կրճատելու և ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է հանել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հիմք ընդունվող՝ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կատարած լինելու, ինչպես նաև այլ հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարագրեր (բացառությամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի) ներկայացրած լինելու պարտադիր պահանջները: Արդյունքում կստացվի, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, նախ պարզեցված ընթացակարգով կմուտքագրվի միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով կմարվեն հարկ վճարողի առկա հարկային պարտավորությունները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու հերթականությամբ: Միաժամանակ, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ստանալու համար, հարկ վճարողները ստիպված չլինեն մինչև հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ներկայացնել բոլոր հարկատեսակների գծով հարկային հաշվարկները: Քանի որ խնդիրը վերաբերում է ԱԱՀ-ի փոխհատուցման գումարի վերադարձման պարզեցմանը, որոշմամբ առաջարկվում է ներկայացնել միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկը:

Ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակում կհիմնադրվի 5 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թ. նախահաշիվը: Ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել դրամաշնորհառուին (ԿԳՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի նախարարությանն ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում, փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում 100 ընդունող հանրակրթական դպրոցներում և այլն: Ընթացիկ տարում 56371.7 հազար դրամի շրջանակում նախատեսվում է վերանորոգել 9 ուսումնական հաստատություն և 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն:

Օրենսդրական նախաձեռնություններ

Հավանության է արժանացել «Մաքսային ծառայության մասին» «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է սահմանափակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության: Նախագծերի ընդունմամբ կապահովի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման և մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործարարության զարգացմանը և խրախուսմանը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների և պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Օրինագծերով առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել համապատասխան նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը, դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ առաջարկվում է նաև ՀՀ հարկային օրենգրքով նախատեսվող՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա՝ 50 հազար դրամը գերազանցող ընդհանուր արժեքով ապրանքներ օտարելու դեպքում խստացնել պատասխանատվությունը՝ սահմանելով նվազագույնը 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։ Նախագծով չի բարձրացվել մինչև 50 հազար դրամ ընդհանուր արժեքով ապրանքների օտարման իրավախախտումների համար սահմանված տուգանքները, քանի որ նշված իրավախախտումները կատարող տնտեսվարողների գերակշիռ մասը հանդիսանալու են ՓՄՁ սուբյեկտներ, իսկ ՀՀ հարկային օրենսգրքով այդ իրավախախտումների համար արդեն իսկ սահմանված են բարձր տուգանքներ։

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման նոր մոդելի ընտրության վերաբերյալ վերջնական դիրքորոշում ձևավորելու, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի ժամկետով՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: