Հայերեն   English   Русский  

Խաչատրյանի մրցույթը շատ լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մշակութային պետություն


  
դիտումներ: 740

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։

Ա. Խաչատրյան փառատոն

Մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և կազմակերպիչներն օրը սկսեցին Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մեծ կոմպոզիտորի շիրմաքարին։ Այնուհետև եղան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով մեծն Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը։

Երաժշտական այս իրադարձության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ Խաչատրյանի մրցույթը խոշոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։

Մեր հայրենակցի, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը միջազգային հանրությանն անընդհատ ներկայացնելու խնդիր ունենք, ինչի համար էլ ստեղծվել է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Ըստ տիկին Ղազարյանի՝ մրցույթն օգնում է, որպեսզի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներն իրենց երկացանկում ընդգրկեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչը նրանք հետագայում կատարում են տարբեր հարթակներում։

Արմենուհի Ղազարյանն ընդգծեց, որ մրցույթը տարեցտարի մեծացնում է մասնակիցների աշխարհագրությունը, բացի այդ, ընդլայնվում են նաև մասնագիտությունները, մասնավորապես, դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններին տարիների ընթացքում գումարվել են նաև դիրիժորությունն ու վոկալը՝ ընդգրկելով բոլոր այն ուղղությունները, որ ստեղծագործել է Արամ Խաչատրյանը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ անցած 15 տարիները հնարավորություն են տալիս ասելու, որ Արամ Խաչատրյանի ժառանգությունը ներկայացնող մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների ընտանիքում և պատվով ներկայացնում է մեր երկիրը, մեր կատարողական արվեստը։

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մշակութային պետություն, պետություն, որն ունի հարուստ ժառանգություն, և որի հայացքը միտված է դեպի ապագան։ Կարծում եմ, որ դեռ շատ երկար տարիներ մեր մրցույթը կբացահայտի երաժիշտների, որոնք մեծ դեր կունենան համաշխարհային երաժշտության ոլորտում։ Խաչատրյանի մրցույթն անցած տարիների ընթացքում բացահայտել է այսօր արդեն մեծ համբավ վայելող այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նարեկ Հախնազարյանը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Ֆյոդոր Ռուդինը, Յարոսլավ Նադրժիցկին և այլք»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։

Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը ներկայացրեց ժյուրիի կազմը, որում ընդգրկված են մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։ Մաեստրո Պապյանը նշեց, որ ժյուրին առաջնորդվելու է արդարության և անաչառության սկզբունքով, չափանիշներ, որոնցով ղեկավարվում է յուրաքանչյուր մասնագիտական ժյուրի, յուրաքանչյուր փորձառու երաժիշտ։

Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ վիճակահանություն, և որոշվեց, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու մասնակիցները։

Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Խաչատրյանի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Խաչատրյանի անվան եռյակը և դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին մասնակցելու է 12 երկրի մոտ երեք տասնյակ երիտասարդ դաշնակահար։ Նրանց պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է և իրականացվում է միջազգային չափանիշներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: