Հայերեն   English   Русский  

Նորից եմ ասում՝ թող ինձ հրապարակային գնդակահարեն, եթե կապ ունեմ մարտի 1-ի իրադարձությունների հետ. Գագիկ Ծառուկյան


  
դիտումներ: 379

«Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերին չեմ տեսնում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ հարցուպատասխանում ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ բռնություն քարոզող սևազգեստների դեմ պետք է պայքար սկսել:

Անդրադառնալով Աբովյան քաղաքում ընտրություններին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք ազդեցություն չունեն Աբովյանում:

«Մենք բացի լավ գործից, ուրիշ ոչինչ չենք անում: Մարդիկ որ իրական կյանքում գործ չունեն, գործ արողի վրա էլ ուզում են ցեխ շպրտել: Հերիք է մուտիլովկաներ անեն: Հեղափոխություն է արվել, ինչ որ բան է փոխվել, ու մարդիկ ամեն ինչն էլ շատ լավ տեսնում են, զգում են, ու ավելորդ մուտիլովկաների կարիք ժողովուրդը չի զգում: Վահագն Գևորգյանը շատ հարգալից քաղաքապետ է, գործ է անում և մեր աջակցության կարիքն էլ չունի, եթե մեր կարիքն ունենար, ապա ես քարոզարշավին մասնակցած կլինեի»,-ասաց Ծառուկյանը:

Այն նկատառմանը, որ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը աջակցում է Գևորգյանին և քարոզարշավներին մասնակցում է, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Բաբայանը Վահագն Գևորգյանի մանկության ընկերն է և այդ պատճառով միշտ նրա կողքին է: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դեռ ուժի մեջ է Ծառուկյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը կամ իր ազգականները կապ ունեն մարտի 1-ի գործի հետ, ապա կարող են հրապարակային գնդակահարվել, Ծառուկյանն ասել է, որ միանշանակ ուժի մեջ է:

«Եթե նույնիսկ Ծառուկյանը մասնակցել է մարտի մեկի իրադարձություններին՝ զինվորականներին սնունդ մատակարարելով, ապա նորից կրկնում եմ, թող ինձ հրապարակային գնդակահարեն: Հերիք է ցեխ շպրտեն: Ծառուկյանն առաջին իսկ օրից ասել է, որ պետք է խումբ ստեղծվի, որը կքննի, մանրակրկիտ կբացահայտի ամեն ինչ: Ես նորից եմ ասում՝ ոչ մի կապ չունեմ, միայն մարտի մեկի այդ օրը երեկոյան ինձ զանգել են, հրավիրել Կառավարության շենք և ասել, որ խառնաշփոթ իրավիճակի հետ կապված քննարկում է լինելու, բայց 30 րոպե սպասել եմ, քննարկումը տեղի չի ունեցել ու ես հետ եմ գնացել»,-հավելել է Գագիկ Ծառուկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: