Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ Ազգային ժողովում 2018 թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման շրջանակում


  
դիտումներ: 482

Հարց․ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել բանակցությունից առաջ գործընթացին։ Ինչպես կմեկնաբանեք:

Զոհրաբ Մնացականյան․ Պարոն Փաշինյանն արդեն ասել է, ես լրացուցիչ ոչինչ չունեմ։ Բակո Սահակյանն արդեն ասել է։

Հարց․ Բայց հակասություն է առաջանում։ Իրարամերժ են այդ հայտարարությունները։ Ըստ էության Բակո Սահակյանի հայտարարությամբ հերքվում է այդ փաստը․․․

Զոհրաբ Մնացականյան․ Դա Ձեր մեկնաբանությունն է։

Հարց․ Դուք ներկա եք եղել այդ բանակցություններին։

Զոհրաբ Մնացականյան․ Ո՞ր բանակցություններին։

Հարց․ Այդ հանդիպման բանակցություններին։ Ադրբեջանի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների։

Զոհրաբ Մնացականյան․ Պարոն Բակո Սահակյանը և պարոն վարչապետը իրենց կողմից նույնպես ասել են, որ մշտապես համագործակցում են Արցախի իշխանությունների հետ։ Դուք արդեն նկատել եք, վստահ եմ, որ յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո, կամ և առաջ, և հետո, մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ։ Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ, շատ սերտ աշխատում եմ իմ գործընկերոջ՝ Մասիս Մայիլյանի հետ։ Մենք նաև աշխատում ենք նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչ վերաբերում է վարչապետին, մենք շատ հստակ ձևաչափը ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է նաև այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից, որը վերաբերում է Արցախի մասնակցությանը, որոշիչ ձայնին խաղաղ գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնկցության հարցը բարդ հարց է, բայց սկզբունքային և կարևոր է, որովհետև նորից նշեմ, որ հարցը վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, որը ունի որոշիչ ձայն, և մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենում։ Սրանով է պայմանավորված Արցախի մասնակցության հարցը։ Եվ մեր համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ եղել և մնում է շատ սկզբունքային։

Հարց․ Կա՞ն նրբություններ, որոնցից Արցախը տեղյալ չի եղել։ Որոշակի նրբություններ, որոնց մասին հիմա են ասում։

Զոհրաբ Մնացականյան․ Այն, ինչ քննարկում էինք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչ ես քննարկել եմ Մասիս Մայիլյանի հետ, մենք ունենք մեր հարցերը, մեր տարբեր մոտեցումները։ Արցախն ունի իր դիրքորոշումը, իր մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի, Բակո Սահակյանի կողմից, և այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք՝ ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ։ Եվ բանակցային ձևաչափը նաև աշխատանքն է մեր Արցախի գործընկերների։

Հարց․ Մեկի պայմանավորվածությունները կամ հայտարարությունները հակասում են իրար, որովհետև վարչապետի խոսքից այդպես է ստացվում, որ պայմանավորվել են մի բան, և հետո Արցախի իշխանությունները մեկ այլ բան են հայտարարել:

Զոհրաբ Մնացականյան. Չեմ հասկանում հարցը, ճիշտն ասած:

Հարց. Խոսքն այն մասին է, որ վարչապետը նշում է, որ պայմանավորվածություններ են եղել, ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը, և Արցախի իշխանությունները համաձայնություն են տվել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սեղանի շուրջ համաձայնել են Նիկոլ Փաշինյանի տեսլականի հետ, ապա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, «տակից» ոմանք փորձել են օգնականների միջոցով մեղադրել հողեր ծախելու մեջ:

Զոհրաբ Մնացականյան. Չգիտեմ՝ ինչպես եք ընկալել այդ հարցը: Ես ավելի ուշադիր պետք է նայեմ: Բայց ճիշտն ասած, վստահ չեմ, որ այդ մեկնաբանության տրամաբանությունը Ձեր ասածի մեջ է, որովհետև եթե հարցը վերաբերում է նրան, թե Հայաստանի իշխանությունների մոտեցումը բանակցային գործընթացին ինչպես է եղել, շատ լավ գիտեք: Եթե դրանից բխում են ինչ-որ եզրակացություններ կամ ենթադրություններ և «հողեր ծախելու» այդ ամբողջ խոսակցությունը, նման մեկնաբանությունները տարբեր տեղերից են հնչել: Ես, առնվազն, տարբեր տեղերից եմ կարդացել՝ նաև ձեր շնորհիվ, որ «իշխանությունները ի՞նչ են անում»… Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իշխանություններն անեն որևէ գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին, և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ: Չի կարող այդպիսի բան լինել: Մնացածը՝ «հող ծախելու» հարցերը, ընդհանրապես քննարկման առարկա չեն:

Հարց. Այդ հայտարարությունները կարո՞ղ են օգտագործվել Ադրբեջանի կողմից: Նման խոսակցությունները, հայտարարությունները:

Զոհրաբ Մնացականյան. Դե, այն, ինչ վերաբերում է օգտագործմանը, մենք էլ այնպես չէ, որ ինչ-որ միամիտ մարդ ենք, որ օգտագործման հարցերին չենք կարող անդրադառնալ: Մենք ունենք մեր ներքին համակարգը, մենք ունենք շատ ավելի բաց հասարակություն, մենք ունենք ժողովրդավարական հասարակություն: Շատ բաներ քննարկվում են, շատ բաներ քննադատվում են: Շատ բաներ, որ դուք եք ասում, ես ձեզ հետ համաձայն չեմ: Շատ բաներ, որ ես եմ ասում, դուք ինձ հետ համաձայն չեք: Բայց սա է մեր իրականությունը, սա է հասարակության աշխատանքը, մեր կյանքը կառուցելու ձևը: Այսպիսինն է մեր իրականությունը. շատ ավելի բաց է: Եվ այդ առումով այդ բաց լինելը չպետք է շփոթել ինչ-որ բաների հետ, որ դա հնարավոր է մեր դեմ օգտագործել: Ընդհակառակը. նորից կրկնեմ, որ սա միայն ու միայն ուժեղացնում է մեզ՝ որպես բաց հասարակություն և ժողովրդավարական երկիր: Միայն ու միայն ուժեղացնում է մեզ՝ որպես բանակցային կողմ, և միայն ու միայն վստահություն է տալիս, որովհետև յուրաքանչյուր բան մենք շատ ավելի վստահելի ձևով կարող ենք ստուգել և քննարկել հասարակության մեջ այս բոլոր ձևաչափերի շրջանակներում:

Հարց. Հարցազրույցում Բակո Սահակյանը նշել էր, որ իրենք էլ իրենց փաստաթղթերը ունեն: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ նորություններ կային այդ փաստաթղթերում: Կայի՞ն այնպիսի բաներ, որոնք Ձեզ համար օգտակար էր:

Զոհրաբ Մնացականյան. Յուրաքանչյուր փաստաթուղթ իր մեջ պարունակում է բաներ, որոնք օգտակար են, բնական է: Բոլորս էլ տիրապետում ենք այն տրամաբանությանը, ինչ որ եղել է այս 27 տարիների ընթացքում: Եվ, այդ առումով, բնականաբար, յուրաքանչյուր փաստաթուղթ իր օգտակարությունն ունի:

Հարց. Եվ, վերջին հարցը: Պարո՛ն նախարար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն է տեղեկացրել Արցախի իշխանություններին:

Զոհրաբ Մնացականյան. Մենք արդեն անդրադարձանք, բավական երկար խոսեցինք դրա մասին:

Հարց. Բայց հակասական են այդ հայտարարությունները: Ղարաբաղը, ըստ էության, հերքում է Փաշինյանի հայտարարությոնը:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ կարծում, որ հերքում է… Նորից եմ կրկնում…

Հարց. Եթե Նիկոլ Փաշինյանի մանրամասներին ինքն է տեղեկացել… Դուք այդ հանդիպմանը ներկա եղե՞լ եք: Կարո՞ղ եք լույս սփռել, թե ինչի մասին է այդ հակասությունը:

Զոհրաբ Մնացականյան. Նորից կրկնեմ, ես չգիտեմ՝ ինչ հանդիպման մասին է խոսքը: Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել. Արցախի և Հայաստանի երկխոսությունը դա մշտական գործառույթ է՝ իմ մակարդակով՝ Մասիս Մայիլյանի հետ միասին, մենք աշխատում ենք Բակո Սահակյանի հետ: Ես առիթ ունեցել եմ նախարար լինելու առաջին օրերից..

Հարց. … բայց Բակո Սահակյանը ասում է, որ վերջերս է ներկայացվել մեզ այդ փաստաթուղթը:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է ընդամենը մի քիչ ավելի ուշադիր նայել, որովհետև կարծես թե շատ տարված էի եռակողմ հանդիպումով Կիպրոսի և Հունաստանի գործընկերների հետ, որը շատ լավ հարթակ է համագործակցության: Բայց այս ձեր հարցերից դատելով, կարծես՝ մենք տարբեր ընկալումներ ունենք, թե ինչպիսի մեկնաբանություններ են: Իմ ընկալումները նույնը չեն, ինչ Ձերը: Միգուցե սխալն իմն է: Եվ ես ավելի ուշադիր կլինեմ:

Հարց. Մամեդյարովի հետ հանդիպում ե՞րբ է նախատեսվում:

Զոհրաբ Մնացականյան. Մենք բաց ենք, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը, կարող եմ ասել, որ այդ օրը մոտենում է, երբ այդ հայտարարությունը կարվի: Ես նախընտրում եմ հարգել բոլոր կողմերին՝ և՛ բանակցող մյուս կողմին, և՛ համանախագահներին, և լինել հավատարիմ այդ պայմանավորվածությանը:

Հարց. Իսկ ղեկավարների հանդիպումը..

Զոհրաբ Մնացականյան. Ղեկավարների հանդիպման մասին ներկա դրությամբ որևէ հարց չկա:

Հարց. Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաստաթուղթը ներկայացվել է Արցախի իշխանություններին, Դուք այդ պրոցեսին ներկա եղե՞լ եք:

Զոհրաբ Մնացականյան. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

Հարց. Դե ասել է, որ կոնկրետ փաստաթուղթ է փոխանցվել Արցախի իշխանություններին:

Զոհրաբ Մնացականյան. Որ վարչապետի կողմից փոխանցվել են այն մեր փաստաթղթերը, որ կան մեզ մոտ, դա փաստ է, իհարկե: Հենց առաջին շրջանում:

Հարց. Բակո Սահակյանն ասում է վերջերս:

Զոհրաբ Մնացականյան. Եթե մեկ տարին է վերջերս: Ձեր և իմ ընկալումները շատ խիստ տարբերվում են, համարենք, որ սխալն իմն է:

Հարց. Հենց դրա վրա եք Դուք մեղադրում Արցախի իշխանություններին:

Զոհրաբ Մնացականյան. Մենք ոչ մեկին չենք մեղադրում: Մենք ներգրավված ենք շատ գործնական:

Հարց. Նոր պատերազմի վտանգ տեսնու՞մ եք:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ տեսնում, և ես առավել քան վստահ եմ մեր միասնականությանը և մեր կարողությանը. սա համազգային հարց է: Թող ոչ մեկ կասկած չունենա: Սա արտահայտվել է բազմիցս: Եվ մեր ներսի քննարկումներում կարող ենք շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայաքայում է մեր միասնականությունը, խորհուրդ կտամ չսխալվել, որովհետև սա արտահատվել է 1991թ. ի վեր՝ ներառյալ վերջին անգամ 2016թ ապրիլ ամսին, որ մեր միասնականությունը որևէ մեկը կասկածի տակ չդնի: Մենք ունենք հարցեր, մենք ունենք անհամաձայնություններ, բանավեճեր, և այսպիսին է մեր հասարակությունը, բայց մենք միասնական ենք:

Հարց. Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ նշվում էր, որ համանախագահները հանդիպում են ունեցել ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Սա կարծես թե նորություն էր:

Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ինչպե՞ս էր նորություն: Դուք ավելի ուշադիր պետք է հետևեք, որ սա նորություն չէ: Դա նաև Ձեր տնային աշխատանքն է, որպեսզի հետևեք, թե ինչպիսին են եղել հանդիպումները նախկինում: Եթե հարցը վերաբերում է նրան, թե ադրբեջանական համայնքը խողովակ չունի արտահայտելու իր խնդիրները, որովհետև, կարծես, Ադրբեջանի համայնքը մասնակցել է Ադրբեջանի ընտրություններին և ընտրել է Ադրբեջանի նախագահին: Եթե իրենք ընտրել են Ադրբեջանի նախագահին և չունեն խողովակ իրենց դիրքորոշումներն արտահայտելու, սա մի քիչ անհասկանալի է:

Հարց. Համանախագահների հանդիպման փաստին ինչպե՞ս եք վերաբերում:

Զոհրաբ Մնացականյան. Առաջին անգամ չի, որ իրենք հանդիպում են:

Հարց. Դա որևէ ռիսկ չի՞ պարունակում, որ գործընթացը կարող է մեզ համար ինչ-որ անցանկանալի հունով ընթանալ՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը որդեգրել է Արցախը բանակցային սեղան բերելու ռազմավարությունը: Արդյո՞ք սա կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար:

Զոհրաբ Մնացականյան. Խնդիրներ առաջացնում են շատ բաներ: Ամեն ինչին էլ, յուրաքանչյուր ռիսկին մենք շատ լուրջ և շատ ուշադիր ենք վերաբերում: Այս առումով կարծում եմ, որ հիմա կարիք չունեմ ասելու, որ սա այնպիսի մի ռիսկ է, որին մենք առավել կշիռ պետք է տանք, բայց չի նշանակում, որ ուշադրություն չենք դարձնելու:

Հարց. Պարոն նախարա՛ր, հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ հայկական կողմի բարձրացրած հարցը՝ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, և առաջիկա բանակցությունները, համանախագահները ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն. դա առաջիկայում հնարավո՞ր է: Բաքվից միայն մերժողական հայտարարություններ են հնչում:

Զոհրաբ Մնացականյան. Հասկանում եք, որ հարցն առնչվում է մի իրավիճակի, երբ որ եղել է ձևավորված ձևաչափ, աշխատանքային մեթոդ, և այդ առումով նորից պնդում եմ, որ մեր դիրքորոշումն ունի շատ հստակ տրամաբանություն: Եվ այդ դիրքորոշումը վերաբերում է պրակտիկ, պրագմատիկ հարցերի, որոնք ուղղված են բանակցային գործընթացի արդյունավետությունն ամրապնդելուն: Այդ առումով ասեմ, որ համանախագահներն ընդունում են այն, ինչն ընդունելի կլինի կողմերի համար: Այսինքն՝ համանախագահների հետ բանավեճ մենք չունենք: Մեր բանավեճն Ադրբեջանի հետ է այդ հարցում:

Հարց. Պարոն նախարար, պետբյուջեի կատարման հաշվետվությունից մեկ հարց. երբ նախկին իշխանության ներկայացուցիչ Էդվարդ Նալբանդյանն էր գալիս՝ կատարողականը ներկայացնելու, հարցերի մի լայն շրջանակ վերաբերում էր ցոփ և շվայտ ծախսերին, գործուղումներին, ավիատոմսերի բարձր գներին, բիզնես դասի ավիատոմսերի հետ կապված: Ինձ հետաքրքրում է, թե Դուք այս առումով տնտեսումնե՞ր եք անում, Ձեր գործելաոճը փոխել եք, էկոնոմ դասո՞վ եք գնում գործուղումների:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, հարցի համար: Կխնդրեմ բոլորս պարկեշտ գտնվենք. իմ նախորդ գործընկերոջ հգարցերին ես չեմ անդրադառնա: Ինչ վերաբերում է իմ գործելաոճին, և ինչպես ենք մենք ճանապարհորդում, ճանապարհորդում ենք այնպես, ինչպես հնարավորություն ունենք, և բացակայում ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է բացակայել: Երբեմն փոքր-ինչ դժվար է, քանի որ գիշերային չվերթեր են լինում, բայց խնդիր չէ: Անում ենք ամենը, որպեսզի լինենք ողջամիտ, լինենք մեր պարկեշտության, մեր ռեսուրսների շրջանակներում: Դուք ինձ հարցրեցիք նաև էկոնոմ դասի մասին: Ես Ձեզ անկեղծ ասեմ, որ շատ հաճախ լինում է, որ պահանջ է կամ անհրաժեշտություն, որ ես, միայն ես ճանապարհորդում եմ բիզնես կարգով, բայց սա միայն աշխատանքային պահանջներից ելնելով…

Հարց. Նաև անվտանգությա՞ն...

Զոհրաբ Մնաացկանյան. Եվ ոչ միայն անվտանգության, այլ նաև տարբեր պատճառներից ելնելով, և դրանից ես ոչ շատ ուրախանում եմ, ոչ շատ տխրում: Սա միայն աշխատանքային անհրաժեշտություն է: Ես՝ որպես անձ, նախընտրում եմ իմ անձնական կյանքով ապրել, բայց որպես պաշտոնյա՝ ունեմ պարտավորություններ, կան այլ հարցեր, խնդիրներ, որոնք պետք է կատարեմ՜ որպես պաշտոնյա:

Խնայողությունն արվում է, բայց խնայողությունը պետք է նաև ողջամիտ լինի այն առումով, որ կան անվտանգության հարցեր, պարկեշտության հարցեր, ներկայացուցչական բնույթի հարցեր, և այդ ամենը համադրելով՝ մենք ունենք այդ ձևերը: Եվ ես շնորհակալ եմ նաև իմ գործընկերներին, որոնք կարողանում են այս ամենին, այս տեմպին դիմանալ և այնպես անել, որ մենք առավելապես հնարավորինս ողջամիտի մեջ կարողանանք իրականացնել մեր գործառույթները, որոնց մաս է կազմում նաև ճանապարհորդությունը:

Հարց. Երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվու՞մ են, ի՞նչ փուլում են, և արդյո՞ք խոչընդոտներ չկան դրանց կատարմանը:

Զոհրաբ Մնացականյան. Ո՞ր պայմանավորվածությունները:

Հարց. Այն, որոնք վերաբերում են չմշակվող հողերի հնարավորությանը, հրադադարի ռեժիմի խախտումներին, զոհերին, գերիներին..

Զոհրաբ Մնացականյան. Համանախագահների այցերի ժամանակ մենք այս հարցերին շատ համապարփակ անդրադարձել ենք, ունենք մեր առաջարկած և համանախագահների հետ քննարկած իրականացման մեթոդները: Վստահ եմ՝ ծանոթ եք մեր վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր զինադադարի խախտմանը և շփման գծում կորստին, Սիփան Մելքոնյանի կորստին, որը շատ ցավով ենք ընդունում: Մենք մնում ենք հավատարիմ մեր պայմանավորվածություններին, շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի դա իրականություն դառնա: Այդ առումով դեռ աշխատում ենք:

Հարց. Հրադադարի խախտում եղավ և կորուստ եղավ: Գործու՞մ են նախկին պայմանավորվածությունները:

Զոհրաբ Մնացականյան. Հիմա դուք ինձ հարցնում եք, որ զինադադարը խախտվեց, և զոհ ունեցանք, գործում են, թե՞ չեն գործում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք: Այո՛, մենք հավատարիմ ենք, որովհետև սա շատ էական հարց է այն առումով, որ մենք մեր կարողությունների մեջ շատ վստահ ենք: «Հողերի հանձնման» և նման այլ անիմաստ խոսակցությունները, նման քննարկումների մեջ ներգրավվելը, նման հարցադրումներ անելը ժամանակի վատնում են: Իսկ ինչ վերաբերում է զինադադարի պահպանման պայմանավորվածությանը, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել և շարունակելու ենք հետևել, ամրապնդել և պնդել, որ այդ համաձայնությունները պահպանվեն և ամրապնդվեն: Դրանից ենթադրվում է, որ սա թուլության նշան չէ, սա հենց վստահության նշան է: Եթե մենք գնանք ավելի խիստ իրավիճակի, իրավիճակի ավելի վատթարացման ուղղությամբ, դրա հետևանքները լինելու են շատ-շատ ծանր: Եվ գիտեք՝ ինչ նկատի ունեմ: Եվ անդրադարձ է լինելու բոլոր առումներով: Պե՞տք է ամրապնդել, իհարկե պետք է, անելու՞ ենք, իհարկե անելու ենք: Եթե ինչ-որ մեկը շփոթում է, որ այս ամենն ասելով՝ մենք ինքնավստահության պակաս ունենք, ո՛չ, ընդհակառակը: Այն, ինչ որ եղավ այս վերջին անգամ, սա շատ վատ անդրադարձ էր: Եվ վստահ եմ՝ կարդացիք, տեսաք, որ մեր հայտարարությունն արտահայտում է այն վերաբերմունքը, թե ինչպես ենք անդրադառնում դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: