Հայերեն   English   Русский  

Բյուջետային հայտերում ներառվելիք պետական ծրագրերը կազմելուց առաջ Հանրային խորհրդի հետ քննարկումներ կանցկացվեն


  
դիտումներ: 302

Հունիսի 7-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի աշխատանքային նիստ, որը վարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը

(փոքր խորհրդի նիստերին ՀԽ հանձնաժողովների նախագահների մասնակցությունը պարտադիր է, ՀԽ մյուս անդամների համար նիստերն ազատ են)։

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների հետ քննարկելու գործընթացին։

Հանրային խորհուրդ

Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ վարչապետի թիվ 289–Ա որոշմամբ կայացվել էր բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում: Հանրային խորհուրդը դիմել էր վարչապետին՝ հանձնարարելու պետական մարմիններին բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը կազմելուց առաջ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել քննարկումներ։

Հանրային խորհրդի առաջարկն ընդունվել է, և վարչապետի հանձնարարականով համապատասխան պետական մարմիններն արդեն դիմել են ՀԽ հանձնաժողովներին համատեղ քննարկումներ կազմակերպելու նպատակով։ Նիստի ընթացքում հստակեցվել է քննարկումներին Հանրային խորհրդի ներկայացուցիչների մասնակցության ընթացակարգը։

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ՀԽ հանձնաժողովներում մինչ օրս կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ ՀԽ նախագահը նախ հետաքրքրվել է Հանրային խորհրդին ուղղված և համապատասխան հանձնաժողովներին վերահասցեագրված դիմումների ընթացքով ու արդյունքներով։ Այնուհետև հանձնաժողովների նախագահները տեղեկատվություն են ներկայացրել հանձնաժողովներում ձևավորված ոլորտային ենթահանձնաժողովների և կոլեգիաների վերաբերյալ, անդրադարձել հանձնաժողովներում քննարկված հարցերին, կայացված որոշումներին, պետական ատյաններին հասցեագրված գրություններին ու դրանց արդյունքներին, որից հետո ներկայացրել են հանձնաժողովներում առաջիկայում քննարկվելիք հարցերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: