Հայերեն   English   Русский  

Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան. Կա վիրավոր (լուսանկար)


  
դիտումներ: 353

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարարների մեկ մարտական հաշվարկ, որը մարել է 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

Մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

Աղբյուրը հայտնում է, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար:

Նշենք, որ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: