Հայերեն   English   Русский  

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելվել է


  
դիտումներ: 392

Նախօրեին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ցանկացել է Թուրքիայից «Կարծախի» անցակետով անցնել Վրաստան, սակայն վրացի սահմանապահները թույլ չեն տվել։

Panorama.am-ի հետ զրույցում Աշոտ Մելքոնյանն ասել է, որ որևէ պատճառաբանություն չի բերվել, միայն ցույց է տրվել մի թուղթ, ըստ որի իր մուտքը Վրաստան «նպատակահարմար չեն գտնում»։


Սահմանապահներն ասել են, որ իրենք միայն հրաման կատարող են, որևէ ձև չեն կարող բացատրել։ Ա. Մելքոնյանը կարողացել է սահմանն անցնել միայն համապատասխան մարմինների շնորհիվ, որոնք Վրաստանի հետ կապ հաստատելով կարողացել են դեսպանատան միջոցով այդ հարցը կարգավորել, որպեսզի ստանա հնարավորություն, այսպես ասած տրանզիտ իրավունք, անցնի Վրաստան, այնտեղից էլ Հայաստան։ Զգուշացրել են, որ չպետք է գիշերի Վրաստանի տարածքում։

Հարցին՝ այսինքն ձեր մուտքը Վրաստան արգելվա՞ծ է, Ա. Մելքոնյանն ասել է. «Այդ հարցի պատասխանը չունեմ, չգիտեմ, պետք է նորից գնամ, որ իմանամ։ Դրա համար որևէ հիմք չեմ տեսնում, որովհետև իմ գործունեության մեջ նման բան չի եղել։ Ես գիտնական եմ, զբաղում եմ գիտությամբ, շատ սերտորեն համագործակցում եմ վրաց կոլեգաների, Վրաստանի պատմության ինստիտուտի հետ, անցյալ տարի համատեղ մեծ գիտաժողով էինք կազմակերպել Ջավախքում նվիրված հայերի և վրացիների համատեղ պայքարին, որի բովում ծնվել են երկու ժողովուրդների առաջին Հանրապետությունները»։

Նա ընդգծել է, որ չգիտի նման քայլի պատճառը, պետք է հարցնել Վրաստանի համապատասխան մարմիններից։

«Ըստ երևույթին վերջին շրջանում հաճախակի Ջավախք այցելու հանգամանքն էր, որը միայն պայմանավորված էր ընտանեկան հանգամանքով։ Եղբայրս ծանր հիվանդ էր, հարկադրված ամեն շաբաթ և կիրակի այցելել եմ։ Ըստ երևույթին, հաճախակի այցերս, չգիտեմ, դիտվել է որպես վտանգավոր գործողություն այն դեպքում, երբ միշտ եղել եմ հայ-վրացական ջերմ հարաբերությունների ջատագով, համոզված եմ եղել, որ այս տարածաշրջանում երկու ժողովուրդները չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի։ Զարմանալիորեն նման վերաբերմունքն ինձ ուղղակի ապշահար արել է»,- ասել է Աշոտ Մելքոնյանը։

jnews.ge-ն գրում է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել են՝ ճիշտ է այս պահին Աշոտ Մելքոնյանը կարողացել է Վրաստանով Հայաստան մտնել, բայց նրա մուտքը Վրաստան արգելված է և իրենք շարունակելու են աշխատել վրացական իշխանությունների հետ, որպեսզի Մելքոնյանի մուտքը Վրաստան ազատ լինի:

«Նա շատ հարգված մարդ է, և քիչ բան չի արել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների համար: Առավել ևս, որ նա ծնունդով Ջավախքից է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա կարողանա գնալ իր հարազատ քաղաք»,- հայտնել են դեսպանության մամլո ծառայությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: