Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 544

Բոլորը հասկանում են անգլերեն, բայց ոչ ոք չի հասկանում Անգլիային

Շաբաթն սկսվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցով Մեծ Բրիտանիա, որ ծանուցվել էր դեռ տարիուկես առաջ և հետաձգվել մի քանի անգամ: Քաղաքագետներն այն ընդհանուր առմամբ ձախողված համարեցին, քանի որ մի կողմից հագեցած էր արարողակարգային միջոցառումներով, մյուս կողմից՝ նրա սկանդալային հայտարարություններով ու նրա դեմ բողոքի ցույցերով:

Թրամփ

Օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր նրա օդանավը, մի մեծ առնանդամ էին սարքել ու վրան գրել «Թրամփ, գլոբալ ջերմացումը գոյություն ունի»։ Հաջորդ առավոտյան հսկայական փուչիկը Թրամփի պատկերով թևածում էր բրիտանական մայրաքաղաքի երկնքում։ Ցուցարարները տանում էին հսկա ռոբոտ Թրամփ-տիկնիկը, որը նստած էր ոսկե զուգարանակոնքին ու արտաբերում էր Թրամփի հանրահայտ մտքերը. «Դավադրություն չկա», «Ֆեյք նորություններ»։

Թրամփ,եղիսաբեթ

Թրամփին հարգանքի տուրք մատուցեցին բարձր մակարդակով, նրան և նրա բազմաթիվ ազգականներին ընդունեցին Բուկինգհեմյան պալատում, ինքը՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը էքսկուրսիա անցկացրեց, իսկ հանդիսավոր ճաշկերույթում բաժակաճառ ասաց երկու երկրների բարեկամության մասին: Սակայն համացանցում տեսագրություն հայտնվեց, թե ինչպես է Թրամփը ճիգեր գործադրում, որպեսզի չննջի թագուհու ելույթի ժամանակ:

Լրատվամիջոցները նկատեցին, որ նա ամեն կերպ ջանում է հարթեցնել սուր անկյունները, սակայն այդպես էլ զերծ չմնաց կսմիթներից և իր բարձրությունից արված խորհուրդներից: Մանավանդ անհանգստություն առաջացրեց նրա հայտարարությունը բրիտանական առողջապահության համակարգի վերաբերյալ, թե այն քննարկման առարկա կդառնա բրեքսիտից հետո Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կնքելիս: Ի պատասխան բրիտանական շատ քաղաքական գործիչներ հասկացրին նրան, որ առկա բժշկական օգնության անվճար համակարգը չի կարող ԱՄՆ-ի հետ երկխոսության հարցում սակարկության առարկա դառնալ:

Չնայած Թրամփի ակնհայտ զսպվածությանը՝ այս այցը նշանավորվեց նաև լեզվակռվով Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի հետ, որը հանդես էր եկել նրա այցի դեմ՝ նրան համեմատելով խաղահրապարակի 12-ամյա տղայի հետ և ի պատասխան ստացավ «անհույս անհաջողակ» որակումը:

Դոնալդ Թրամփն իր շրջագայությունը շարունակեց հարևան Իռլանդիայում, որպեսզի հանդիպի վարչապետ Լեո Վարադկարի և արտգործնախարար Սայմոն Քովնիի հետ: Սակայն թե ինչու էին այստեղ նրա տեղաշարժման համար մեքենաներ վարձակալվել սգո ծառայությունից՝ վճարելով գրեթե 1 մլն դոլար, մնաց առեղծված:

Մեծ Բրիտանիան միջազգային հանրության ուշադրության կիզակետում մնաց նաև Թրամփի այցելության ավարտից հետո: Հունիսի 7-ին Թերեզա Մեյը հրապարակավ հրաժարական տվեց՝ լքելով իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի աթոռը:

Նույն օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հերթական անգամ հաստատեց, որ Եվրամիությունը չի վերանայի բրեքսիտի համաձայնագիրը: Նա նաև դժգոհություն հայտնեց Մեծ Բրիտանիայի կառավարության և քաղաքական գործիչների բռնած դիրքից, որոնք մինչև հիմա համաձայնագրի փոփոխությունը հնարավոր են համարում: «Բոլորը հասկանում են անգլերեն, բայց ոչ ոք չի հասկանում Անգիային»,- ասաց նա:

Հունիսի 8-ին՝ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի ծննդյան պաշտոնական օրը, անցկացվեց Trooping the Color parade ամենամյա շքեղ շքերթը՝ ավանդական կարմիր վերարկուներով և արջի մորթուց գլխարկներով զինվորների քայլերթը հեծյալ գվարդիայի հրապարակում: Արարողությանը, բացի թագուհուց, ներկա էին նաև արքայազն Չառլզը, արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթի հետ և արքայազն Հարրին կնոջ՝ Մեգանի հետ:

Երբ հովիտում կռվում են վագրերը, խելացի կապիկը նստում և նայում է, թե ինչով դա կվերջանա

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով

Հունիսի 7-ին մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձանագրեց. «Համաշխարհային առևտուրն այլևս համաշխարհային տնտեսության անվերապահ շարժիչը չէ, առևտրային պատերազմները շարունակվում են, ուղղակի և թաքնված պրոտեկցիոնիզմի մակարդակը մեծանում է»: Երբ նրան հարցրին, թե որն է Ռուսաստանի տեղը տնտեսական առաջնությունը նվաճելու մրցակցությունում, պե՞տք է արդյոք ընտրել հարացույցներից որևէ մեկը, նա պատասխանեց չինական ասացվածքով՝ «Երբ հովիտում կռվում են վագրերը, խելացի կապիկը նստում և նայում է, թե ինչով դա կվերջանա»: Պուտինը հայտարարեց նաև, որ շատ երկրների հետ Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աճում է՝ չնայած դրան խանգարելու բոլոր ջանքերին: Բայց եթե միջազգային տնտեսության ներկայիս միտումները շարունակվեն, ապա դա վատ կլինի բոլորի համար: Եթե առևտրային սահմանափակումները շարունակվեն ներկայիս տեմպերով, ապա միջազգային ՀՆԱ-ն անկում կապրի 2 տոկոսով և 17 տոկոսով կնվազեցնի միջազգային առևտուրը: «Մենք, իհարկե, դեմ ենք դեպքերի զարգացումների նման սցենարին»,- հայտարարեց նա:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը համաժողովի բացման ժամանակ հայտարարեց, որ երկրների առաջնորդները պետք է իմաստություն ցուցաբերեն, որպեսզի խուսափենք նոր սառը պատերազմից:

Հունիսի 8-9-ը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում էին հավաքվել «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախագահները, որոնք իրենց կոմյունիկեում ընդգծեցին այն խնդիրների լուծման կարևորությունը, որոնք կապված են ժողովրդագրական փոփոխությունների հետ:

«Ժողովրդագրական փոփոխությունները, ներառյալ բնակչության ծերացումը, խնդիրներ են ստեղծում և միաժամանակ հնարավորություններ բացում G20-ի բոլոր անդամների համար… Դրանք պահանջում են ծրագրային միջոցներ, որոնք ընդգրկում են հարկային, դրամական, ֆինանսական և կառուցվածքային քաղաքականություն»,- ասվում է կոմյունիկեում: Ըստ նախարարների՝ այդ մարտահրավերին պետք է պատասխանել ներդրումներով մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման մեջ, «աշխատանքի շուկայում մասնավորապես կանանց և տարեց մարդկանց մասնակցության խրախուսմամբ», ինչպես նաև տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմամբ: Համաձայն կոմյունիկեի՝ բնակչության ծերացման հետ կապված խնդրի լուծման մյուս կարևոր կողմը այնպիսի հարկային համակարգի մշակումն է, որը կհամապատասխանի արդարության և տնտեսության աճի սկզբունքներին:

Նախկին սենատորների սպանությունները և ԼԳՊՏ դրոշակների արգելքը

Երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ում՝ Արկանզասում և Օկլահոմայում, երկու սենատորի սպանված հայտնաբերեցին իրենց տներում:

Արկանզասում նախկին հանրապետական սենատոր Լինդա Քոլինզ-Սմիթի մարմինը հայտնաբերեցին հունիսի 4-ին Ռենդոլֆ շրջանում գտնվող իր տանը: Ուշագրավ է, որ Քոլինզ-Սմիթը դեմոկրատ է եղել և անցել է հանրապետականների կողմը 2014-ին:

Հաջորդ օրը հայտնաբերվեց նախկին սենատոր Ջոնաթան Նիկոլսի մարմինը Նորմանում գտնվող իր տանը: Նա նահանգի սենատորի պաշտոնը զբաղեցրել է 2000-2012 թթ., այնուհետև աշխատել է Օկլահոմայի համալսարանում:

Իսկ երկրի նախագահի աշխատակազմն արգելեց ԱՄՆ-ում գտնվող դեսպանություններին հունիսին՝ ԼԳԲՏ հպարտության ամսին, ԼԳԲՏ դրոշակներ կախել: Այդ արգելքը չի վերաբերում, սակայն, դեսպանատների ներսում փակցվող սեռական փոքրամասնությունների խորհրդանիշներին:

Խորհրդարանական ընտրություններ և նոր կառավարություններ

Մոլդովայում քաղաքական ճգնաժամ առաջացավ։ Հունիսի 8-ին՝ ընտրություններից երեք ամիս անց, վերջապես խորհրդարանը իշխող կոալիցիա և նոր կառավարություն ձևավորեց։ Կոալիցիա կազմեցին ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունն ու եվրոպամետ ACUM դաշինքը։ Սակայն խորհրդարանն ու նոր կառավարությունը բառի բուն իմաստով թիթեռի կյանք ունեցան՝ ընդամենը մեկ գիշեր:

Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց խորհրդարանի որոշումները՝ հիմնավորելով, որ հունիսի 7-ին լրացել է այն օրինական ժամկետը, երբ փետրվարի 24-ին ընտրված խորհրդարանը պետք է կառավարություն ձևավորեր։ Սակայն շատ պատգամավորներ և իրավաբաններ պնդում են, որ սահմանադրությունում երեք ամիս ժամկետ է նշված, այլ ոչ թե 90 օր, իսկ դա նշանակում է պատգամավորների տնօրինության տակ ևս մեկ օր կար նոր կառավարության ձևավորման հարցը լուծելու համար։

Հունիսի 9-ին սահմանադրական դատարանը ժամանակավորապես լիազորություններից զրկեց երկրի նախագահ Իգոր Դոդոնին (որը Սոցիալիստական կուսակցությունն է ներկայացնում և սատարում է խորհրդարանի կողմից ընտրված նոր կառավարությանը)։ Դատարանը նախագահի պաշտոնակատար նշանակեց Պավել Ֆիլիպին, որն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարն էր։ Ֆիլիպը միանգամից հայտարարեց խորհրդարանը ցրելու և սեպտեմբերի 6-ին նոր ընտրություններ նշանակելու մասին։

Խորհրդարանը հայտարարեց օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի Դեմոկրատական կուսակցության կողմից իշխանության բռնազավթման մասին։ Իսկ վերջինիս անդամներն ու համակիրները բողոքի ցույց են անում՝ հայտարարելով, որ չեն ճանաչում խորհրդարանի որոշումները։

Մինչդեռ Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը՝ սոցիալ-դեմոկրատները՝ կին ղեկավարի՝ Մետտե Ֆրեդերիկսենի գլխավորությամբ: Դանիայի վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենն ընդունեց իր աջցենտրիստական դաշինքի պարտությունը:

Ֆինլանդիայում էլ խորհրդարանի նախագահ դարձավ նախկին (2003-2010 թթ.) վարչապետ Մատտի Վանխանենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: