Հայերեն   English   Русский  

Կենտրոնացված քննությունն ինքնանպատա՞կ․ ի՞նչ ցույց տվեց 9-րդ դասարանցիների քննությունը


  
դիտումներ: 1156

Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենազանգվածային կենտրոնացված քննությունը, որին մասնակցեց 31000 աշակերտ, կարծես թե ինքնանպատակ էր, կամ գոնե հայտնի չէ, թե որն էր նման քննություն անցկացնելու նպատակը։

Մասնագետները նշում են, որ չնայած պետական միջոցներ են ծախսվել 9-րդ դասարանցիների հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կազմակերպելու համար, սակայն արդյունքներն արժանահավատ չեն, հետևաբար որևէ վերլուծության հիմք դառնալ չեն կարող։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ քննությանը մասնակցել է 31021 աշակերտ։ Դրական գնահատականի շեմը չի հաղթահարել 1686 աշակերտ կամ ընդհանուրի 5,4 տոկոսը։ 20 բալանոց համակարգով առավելագույն միավորներ՝ 19-20, ստացել է 152 աշակերտ կամ ընդհանուրի 0,5 տոկոսը։ Քննական միջին գնահատականը 12,16 է։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ ԳԹԿ-ն քննությունների միայն կազմակերպիչն էր։ Ասում է՝ ԿԳ նախարարությունը ցանկանում էր հստակ պատկերը տեսնել, նրա պատվերով էլ ԳԹԿ-ն կազմակերպել է քննությունը։

Գրիգորյանի խոսքով՝ քննական թերթիկում թեստերից բացի նաև շարադրության հատված է եղել, ինչն էլ առավելագույն դժգոհությունների տեղիքն է տվել։ Պատճառը ստուգողի սուբյեկտիվ գործոնն է։ Ասում է, եթե հաջորդ տարի էլ նման քննություն անցկացվի, ԳԹԿ-ն դիմելու է ԿԳ նախարարություն՝ առաջարկելով վերանայել քննաթերթիկում շարադրություն ունենալու նպատակահարմարությունը։

Անդրադառնալով նախորդ տարիների քննությունների արդյունքների հետ համեմատությանը՝ Գրիգորյանն ասում է, որ արդյունքները համեմատելի չեն, որովհետև օրինակ՝ 2017-2018-ին 9-րդ դասարանցիները փոխադրություն են գրել, մինչդեռ այս տարի եղել է թեստային հարցաշար և շարադրություն համադրությունը։ Ամեն դեպքում նշենք, որ 2018-ին անբավարար է ստացել քննություն հանձնողների 1,1 տոկոսը, իսկ առավելագույն միավորներ է ստացել 5,5 տոկոսը, 2017-ին անբավարար է ստացել 1,2 տոկոսը, իսկ անբավարար է ստացել 5,7 տոկոսը։

«Անկախը» փորձեց ԿԳՆ-ից մեկնաբանություն ստանալ, թե ո՞րն էր կենտրոնացված քննություն անցկացնելու նպատակը և որքանով են արդարացել ակնկալիքները։ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ մեկնաբանել կկարողանան միայն ԳԹԿ-ի կողմից քննության արդյունքների վերլուծությունն ստանալուց հետո։

Փորձագետի տեսանկյունից

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ քննությունն արդեն իրողություն է, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու քննությունը կենտրոնացված ձևով անցկացվեց։

«Սկզբում հայտարարվեց, որ սա արվում է, որպեսզի հասկանանք, թե որ դպրոցներն են վատ աշխատում, եթե վատ տնօրեններ, ուսուցիչներ կան, իրենց փոխենք։ Բայց հետո, երբ ծրագիրն ավելի սպեցիֆիկ դարձավ, նախարարությունն այդպես էլ չձևակերպեց, թե ինչի է ուզում հասնել այս քննության միջոցով։ Սրանով ուզում ենք ի՞նչ-որ պատկեր ստանալ, ի՞նչ-որ որոշում կայացնել, կրթության որա՞կ ենք չափում, խստացնո՞ւմ ենք։ Իմաստը ո՞րն է։ Կարևոր էր, որ քննությունից առաջ հստակեցվեր»,- ասում է Խաչատրյանը։

Նա նաև շեշտում է, որ միշտ դեմ է եղել դպրոցական ավարտական քննությունները դպրոցների ձեռքից վերցնելուն․ «Հիմա աշխարհում կա նոր միտում, որ կառավարությունը կամ իշխանությունը շատ չի ֆիքսվում դպրոցների թվանշանային արդյունքների վրա։ Այսպես կոչված արդյունքի չափումը որպես պետության գերակայություն հանրակրթության մակարդակում այսօր այդքան էլ ընդունելի չէ։ Թարմ օրինակ բերեմ։ Վրաստանն ինչո՞ւ այս տարի որոշեց, որ հրաժարվում է դպրոցի ավարտական քննություններից։ Որովհետև աշխարհում կա միտում, որ կառավարության խնդիրն է դպրոցներին աջակցել, որ կարողանան կրթական պրոցեսը ճիշտ կազմակերպել, որ ունենանք լավ ուսուցիչներ, լավ ծրագրեր, կարողանանք հասկանալ երեխաներին և լավ դասավանդենք։ Հիմա աշխարհը սրա վրա է կենտրոնանում, ոչ թե գնահատականի»։

Խաչատրյանն ասում է, որ գնահատականների վրա կենտրոնացում զարգացած երկրներում եղել է, բայց մի քանի տասնամյակ առաջ։ Մատնանշում է ԱՄՆ-ի օրինակը, որտեղ նման մոտեցումը ժամանակին կեղծիքների ու ուսուցիչների և դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերի պատճառ է դարձել։

Կրթության փորձագետը շեշտում է՝ եթե ինչ-որ ցուցիչ շատ կարևորում ես, դրա շուրջ կենտրոնանում են կոռուպցիոն ռիսկեր։ Ասում է, որ մեր իրականությունն էլ բացառություն չէ։ Կենտրոնացված քննության մասին հայտարարելուց ի վեր աշակերտներն ամիսներ շարունակ մասնավոր հիմքունքներով քննական առարկան են պարապել, դպրոցում դասղեկի ժամերին հայոց լեզու են պարապել, նա չի բացառում, որ այլ առարկաների ժամերին էլ նման բան արած կլինեն։

«Արդյունքում ունենք բավականին բարձր գնահատականներ»,- ասում է Խաչատրյանը և հավելում, որ համեմատության համար ուսումնասիրել է 2017-ի ԳԹԿ ընթացիկ գնահատումների արդյունքները։ 2017-ին հայոց լեզվից ընթացիկ քննություն հանձնած 11-րդ դասարանցիների 17 տոկոսն անբավարար է ստացել։ Սա այն պարագայում, երբ ենթադրվում է, որ 9-րդ դասարնից հետո թույլ առաջադիմություն ունեցողները կրթությունն ավագ դպրոցում չեն շարունակում, հետևաբար 11-րդ դասարանում ավելի բարձր գնահատականներ պետք է արձանագրվեն։ Բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը։

«Նշանակում է՝ այն շշուկները, որ երեխաներն իրար հուշել են քննության ժամանակ, փաստորեն համապատասխանում են իրականությանը։ Ստացվում է, որ ամեն դպրոցից 1-2 աշակերտ է կտրվել։ Արդյոք ամեն դասարանում մենք ունենք մեկ երեխա, որ լավ չի սովորում։ Ես կասեի, որ այդպես չէ։ Ես կասեի, որ առնվազն 5-6 երեխա ունենք, որ լավ չեն սովորում։ Ուստի կարծում եմ, որ այս արդյունքներն արժանահավատ չեն, և անիմաստ է սրա վրա ռեսուրս ծախսելը»,- ասում է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ եթե ուզում էինք իրական պատկերն իմանալ, ապա ավելի շատ ռեսուրս պետությունը պետք է ծախսեր, և օրինակ, բոլոր 250 քննական կենտրոններում տեսախցիկներ պետք է լինեին, իսկ քննությունների հսկիչներն էլ պետք է լինեին ոչ թե հարևան դպրոցի մանկավարժները, այլ համակագից դուրս մարդիկ, որոնք խիստ վերահսկողություն կիրականացնեին։

Խաչատրյանի խոսքով՝ քննությանն առնչվող բոլոր կողմերին ձեռնտու էր բարձր արդյունքների արձանագրումը, անգամ ԿԳՆ-ին, ինչը և տեղի ունեցավ։

«Պատկերացրեք, եթե կտրվեին մեծ թվով երեխաներ, հետո վերաքննությունն էլի կենտրոնացված անեին ու էլի կտրվեին, այդ երեխաները կմնային նույն դասարանում և պետությունը ստիպված կլիներ այդ երեխաների համար լրացուցիչ գումար ծախսել,- ասում է Խաչատրյանը։ -Եթե ուզում էինք օբյեկտիվ պատկեր, ավելի շատ գումար էր պետք։ Իսկ այժմ ունենք ինքնանպատակ արդյունքներ, որի համար բավականաչափ գումար ծախսեցին և ծնողները և պետությունը։ Եթե այս արդյունքն արժանահավատ չէ, որքանո՞վ է ճիշտ ոչ արժանահավատ տվյալներն օգտագործել ինչ-որ վերլուծության համար»։

Փոխարենը, Խաչատրյանի կարծիքով, հիմա ԿԳՆ-ն դպրոցներին էլ չի կարող ասել, որ լավ չեն սովորեցնում։ Դպրոցները կարող են հղում կատարել կենտրոնացված քննությանը և արձանագրված բարձր արդյունքներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: