Հայերեն   English   Русский  

Իսլամացված հայերի մասին ֆիլմի շնորհանդեսը կկայանա Դիարբեքիրում


  
դիտումներ: 178

Հունիսի 16-ին տեղի կունենա Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող «Թաքնված խաչ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Լրագրող Ալթան Սանջարի ռեժիսորությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Դիարբեքիրի կենտրոնական քաղաքապետարանի մշակույթի ու համաժողովների կենտրոնում:

Ֆիլմի մասին արված նկարագրության մեջ ասվում է. «Էղիլը մինչև 1915 թվականը հայերով բնակեցված և հայկական մեծամասնությամբ շրջաններից մեկն էր Դիարբեքիրում: 1915-ին և դրանից հետո տեղի ունեցած կոտորածներից ու բռնագաղթից հետո հայկական մշակույթն ամբողջությամբ ջնջվել է այնտեղ, ողջ մնացած հայ երեխաներն ու մնացած ողջ հայ բնակչությունը մուսուլմանացվել:

Հասարակության կողմից «մուսուլմանացված հայեր» անվանվող բնակչության 1-ին և 2-րդ սերունդները շարունակում են ապրել իրենց ինքնությունից հեռացած: Էղիլում, որտեղ վերջին տարիներին իրականացվող ուսումնասիրությունների, հաղորդումների ու կոնֆերանսների արդյունքում շատացել են ինքնության փնտրտուքները, սկսել է ի հայտ գալ «հայկականության հանգամանքը»:

Երկու մասից բաղկացած ֆիլմի առաջին մասն ավելի շատ կենտրոնացել է 1915 թվականին այստեղ տեղի ունեցած կոտորածների վրա, իսկ 2-րդ մասը պատմում է ինքնության ճգնաժամի, տրավմաների ու փնտրտուքների մասին:

Լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելի 1 տարվա աշխատանքների հիման վրա նկարահանված ֆիլմը նպատակ ունի, Թուրքիայի ժողովրդավարացման գործում մեծ կարևորություն ունեցող 1915-ի Հայոց ցեղասպանությունը օրակարգ բերելով, կազմակերպել այն առերեսումը, որը կանգնած է Թուրքիայի բոլոր ժողովուրդների առջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: