Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 438

Շաբաթը սկսվեց Ազգային ժողովում առաջին և երկրորդ ընթերցմամբ երկու վիճելի օրենքների քննարկմամբ և ընդունմամբ (բուքմեյքերական գրասենյակների և պետական տուրքի մասին),

որոնց նախորդել էին շահառու ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ցույցերը: Այդ օրենքները ուժի մեջ մտնելուց հետո սպառնում են հարյուրավոր մարդկանց գործազրկությամբ:

Նույն օրը Երևանի ամենաթեժ կետը Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակի մերձակայքում էր: «Վետօ» նախաձեռնությունը դարձյալ ցույց էր անում բավական ստվարացած շարքերով: Ժամանակ առ ժամանակ քաքշուկ էր սկսվում ցուցարարների և գրեթե նույնքան ոստիկանների միջև: Հիմնադրամը հանդես եկավ այդ շարժումը դատապարտող հայտարարությամբ:

Դատարանում դարձյալ մարտի 1-ի գործով իշխանությունների համար անախորժ որոշում կայացվեց, որով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի: Ի լրումն Ռուսաստանն էլ մի քանի ամսով ժամանակավոր կացություն տվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, որի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված :

Թեժ իրավիճակ առաջացավ նաև հեղափոխականների շարքերում, ծայր առավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վեճը: Վերջինս մեղադրվում է իր հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու և իր դրամական միջոցները քողարկելու մեջ:

Երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին, նրա կամքին հակառակ, դուրս գրեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից և սայլակով տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց։

Հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծել են տան, ապա աշխատավայրի մոտ։ Նա հայտնեց, որ ծեծողները դաշնակցականներ են: Հարուցվեց քրեական գործ, նույնիսկ կասկածյալ հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքն է պատասխանատվություն կրելու, քանի որ ինքնաբուխ ապտակել է Հարությունյանին ազգային արժեքները նվաստացնելու և հայհոյելու համար: Նրա օրինակով այդ ինքնաբուխ ակցիան շարունակեց ևս 20 հոգի: Յուրաքանչյուրը պատասխանատվությունը վերցնում էր իր վրա:

Նույն օրը հայտնի դարձավ, որ քրեական հետապնդման չի ենթարկվի Ջիվան Աբրահամյանը, որ սպառնացել էր քարով ջախջախել Բակո Սահակյանի գլուխը: Քննչական կոմիտեն քրեական գործի հարուցումը մերժել էր՝ նրա սպառնալիքների մեջ հանցակազմ չտեսնելով։ Ջիվան Աբրահամյանը կրկին հանրահավաք հրավիրեց դատավորների հրաժարականի և Հանրային խորհրդի լուծարման պահանջով, սակայն նրա ունկնդիրները դարձյալ հատուկենտ քաղաքացիներ էին։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 2008-ի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը, սակայն շահառուների ցանկում չկային տուժած ոստիկանները: Առաջին ընթերցմամբ էլ ընդունվեց այն գյուղացիներին հողի հարկից ազատելու մասին օրինագիծը, որոնց բերքը տուժել է կարկուտի, երաշտի կամ այլ տարերային աղետի հետևանքով։

Ազգային ժողովում իր աշխատանքները սկսեց Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը:

Հունիսի 5-ին խորհրդարանում քննարկվեց բյուջեի կատարողականը։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կարողացել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը և տվյալներ թվարկելուց հետո անցավ քաղաքական հարցերին՝ անդրադառնալով ՀԱԿ-ի ակտիվիստի ծեծին: Իսկ լրագրողների հետ զրույցում դարձյալ հիշեց Արցախում պատերազմ հրահրող «դավադիրներին»՝ դարձյալ անուններ չտալով։

Մարտի 1–ի գործով առաջին անգամ սպանության կասկածանքով անձ ձերբակալվեց՝ Գեղամ Պետրոսյանը, որ այդ օրերին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն էր: Նա կասկածվում է (ի դեպ, մի վկայի հաղորդմամբ) հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար։

Մի խումբ անձինք բողոքի ցույց սկսեցին Սահմանադրական դատարանի առաջ՝ պահանջելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մնացած դատավորների հրաժարականը:

Շուրջ 70 հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում մտահոգություն էին հայտնում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի նկատմամբ գործադրվող ակցիաների կապակցությամբ:

Հունիսի 6-ին առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը դատապարտյալների հիվանդանոցում կտրուկ վատացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Շաքարն այնքան բարձր է եղել, որ բժիշկները չեն կարողացել որոշել չափը: Նրան տեղափոխեցին Գր. Լուսավորիչ բժկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ուր բժիշկները նրա վիճակը գնահատեցին ավելի քան ծայրահեղ ծանր։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ սևազգեստ ուժերի, որոնք, ըստ նրա, բռնության քարոզ են անում և փորձում են բռնությամբ հարցեր լուծել, և հայտարարեց, որ հակահարվածը պետք է լինի ոչ թե թավշյա, այլ երկաթյա:

«Ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարեց նա որպես հանձնարարական ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին:

Ի պատասխան սոցիալական ցանցերում սկսվեց սև հագուստով լուսանկարների ֆլեշմոբը։ Իսկ որոշ իրավապաշտպաններ հայտարարեցին, որ Հայաստանում առաջացել է խտրականության նոր ձև՝ հագուստի գույնի հատկանիշով:

Կառավարության նիստում նաև մի ուշագրավ և հանրության շրջանում տարակուսանքի տեղիք տվող որոշում ընդունվեց, ըստ որի 117 մլն դրամ է հատկացվում «Մխիթար Սեբաստացի» մասնավոր կրթահամալիրին։ Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։ Ենթադրությունները հանգեցրին այն եզրակացության, որ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցը պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմ Աշոտ Բելյանին, բացի այդ, այնտեղ են սովորել վարչապետ Փաշինյանի երեխաները։

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին։ Նա հանդիպեց նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ քննարկեց գազի գնի հարցը՝ ձեռք չբերելով վերջնական որոշում:

Սպասվող թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն – 2019» զորավարժությունների առնչությամբ, որոնք սկսվելու էին Նախիջևանում հաջորդ օրը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ում բարձրացվել է այդ հարցը:

Շարունակվեց աղմկոտ հրաժարականների «շքերթը»: Հունիսի 7-ին միաժամանակ հրաժարականի դիմում ներկայացրին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Եվ եթե իր ուղերձում Արտակ Զեյնալյանը ոչինչ չասաց պատճառների մասին, ապա Գևորգ Դանիելյանի հայտարարության տողերի արանքում հստակ կարդացվում էր, որ նա այդ քայլին է դիմել ճնշումների տակ: Նա նշեց, որ այսուհետ զբաղվելու է գիտակրթական գործունեությամբ, քանի որ գոնե այդ ոլորտում վստահության խնդիր չունի. ուսանողությունն ամեն տարի սոցհարցումներով իրեն շնորհում է ամենաբարձր գնահատականը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում կայացրեց՝ արձանագրելով Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։

Նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Աննա Դանիբեկյան) բավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը մասնակիորեն՝ նրա գույքի վրա դրված կալանքի մասով, արձանագրելով, որ նրա իրավունքները խախտվել են:

Նույն օրը ևս մի ուշագրավ դատական որոշում կայացվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը քննեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, որով պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել իր հասցեին արված զրպարտությունը: Դատարանը պարտավորեցրեց Արսեն Թորոսյանին ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերով հրապարակային ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից և հերքել իր հայտնած տեղեկությունները:

Անցած շաբաթ Հայաստանի թեժ կետերից մեկն էլ Աբովյան քաղաքն էր, ուր սպասվում էին քաղաքապետի ընտրություններ: Ընդդեմ անկուսակցական թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Գրիգոր Գուլյանին, և նախընտրական քարոզչության շրջանում վարչական բոլոր հավանական և անհավանական լծակներն օգտագործվեցին հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, մինչև իսկ վարչապետը մասնակցեց քայլերթի, որը, ի դեպ, բավական սակավամարդ էր: Այնուամենայնիվ հունիսի 9-ին հաղթեց Վահագն Գևորգյանը:

Շաբաթը նշանավորվեց նաև Դիլիջանում կայացած «Մտքերի գագաթնաժողովով», որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայից դուրս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: